Պետք է շտապ սանձել կենտրոնական բանկը, ձեռքը հավաքել հարկային տեսչությունը… Հրանտ Բագրատյան. Հրապարակ

 

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ:

– Պարոն Բագրատյան, գիտեմ, որ Դուք այս օրերին Չինաստանում էիք և երեկ եք վերադարձել, բայց դեռ ապրիլի 17-ին Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ ժողովրդի պահանջը սահմանադրական է, և իրավիճակի հանգուցալուծման ձևը նոր ԱԺ ընտրություններն են։ Այսօր ի՞նչ կասեք։

-Այո, դեռ ապրիլի կեսերին ակնհայտ էր, որ այն, ինչ կատարվում է, անհավանական է համարվելու՝ ՀՀ նախագահի նշանակումը, իրավունքների վերաբաշխումը, Սերժ Սարգսյանի վերանշանակումը, ՍԴ նախագահին 18 տարով նշանակելը, այս ամենը փաստում էր, որ անպատժելիությունը չափ ու սահման չունի և չի ճնշվելու։ Ի պատիվ երիտասարդների և Նիկոլ Փաշինյանի՝ պետք է ասեմ, որ իրենք դա շուտ հասկացան և զգացին։ Տեղի ունեցավ քաղաքական հեղափոխություն։ Հեղափոխությունները լավ բան չեն։ Շահում են այն հասարակությունները, որոնք էվոլյուցիոն ճանապարհով են զարգանում, բայց Հանրապետականը մեզ էվոլյուցիայի հույս չէր տալիս։ Երբեք Հայաստանում այդպիսի անհաշվետու իշխանություն չէր եղել, որը կորցրել էր հետադարձ կապը և չէր էլ փորձում հասկանալ ոչինչ իր արածներից՝ լինի իրավական, սոցիալական կամ տնտեսական ոլորտը։

– Ի՞նչ գնահատական կտայիք այսօրվա իրավիճակին՝ 29 ապրիլի։ Մեկնարկային ի՞նչ պայմաններ ունենք տնտեսության մեջ։

-Մի երկու թիվ ասեմ միայն։ Մի կողմ թողնենք տնտեսական աճը և այլն։ 20 տարի նրանք իշխանության են, 40 տոկոսից համախառն ներքին արդյունքում աշխատավարձի տեսակարար կշիռը իջավ 32 տոկոսի։ Բանը հասել էր նրան, որ այն թեթև տնտեսական աճը, որ հայտնվել էր 2017-ին, լավ կլիներ, որ ընդհանրապես չլիներ։ Ես ստիպված էի գործող վարչապետին զգուշացնել՝ այդ տնտեսական աճը պետք չի, այն դուրս է գալու երկրից, այն կենտրոնանում էր բացառապես մի քանի հոգու ձեռքում։ Երկիրը աստիճանաբար դառնում էր նետտո-կապիտալ արտահանող, այսինքն, կոպիտ ասած, մենք պարտք էինք վերցնում, տալիս էինք օլիգարխներին, որպեսզի նրանք այդ փողը դուրս հանեն։ Վիճակն այնպիսին էր, որ պետք էր երազել, որ ՀՀ տնտեսությունը մի փոքր անկում ապրեր, որպեսզի բարձրանար, բոլշեւիկյան տերմինաբանությամբ ասեմ, բանվոր դասակարգի տեսակարար կշիռը։ Այսպես ես կբնութագրեի հանրապետական իշխանության վերջին 20 տարին։

– Այդ վիճակից դուրս գալու ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

-Եթե քաղաքական համակարգում մենք արել ենք հեղափոխություն, ապա տնտեսական համակարգում մենք կարող ենք էվոլյուցիոն ճանապարհով արագորեն, մինչև 3 տարվա ընթացքում արմատապես շուռ տալ ամեն ինչ դեպի լավը։ Իմ հայացքները տնտեսական ռեֆորմների մասին, ամբողջ տնտեսական քաղաքականությունը հրաշալի շարադրված են «100 քայլում», դրանից ազատորեն օգտվել էին բոլոր լիբերալ ուժերը, իշխանությունն էլ էր վերցրել որոշ դրույթներ, իսկ 2009-ին դրան հավանություն էր տվել Համաշխարհային բանկը, ուզում էր քննարկել։ Բայց Տիգրան Սարգսյանի մեղքով այդ քննարկումը չեղավ, ես սա ասում եմ առաջին անգամ։ Մենք տիրապետում ենք ամբողջ մեխանիզմներին՝ ՀՀ տնտեսական համակարգը արագորեն, գրեթե 180 տոկոսով շուռ տալու համար, պահպանելով կապիտալիստական արտադրական եղանակին բնորոշ գծերը։ Բայց տնտեսության վիճակը նուրբ է․ եթե մի քայլ մի տեղ անում ես, թեկուզ ճիշտ, բայց անում ես սխալ շղթայում՝ ժամանակից շուտ կամ ուշ, կարող ես պարտվել։ Ես լիազորված չեմ խոսել ապագա տնտեսական իշխանության քաղաքականությունից, բայց կարող եմ վստահաբար ասել՝ եթե ուզում են հաղթել, այլ կերպ լինել չի կարող, քան իմ առաջարկած տարբերակով։

– Գնալուց առաջ Սերժ Սարգսյանը ներկայացրեց, որ մենք լավ զարգանում ենք, խնդիրները մեծ չեն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հրատապ խնդիրներ ունենք այս պահին։

-Նախ, արձագանքեմ Սերժ Սարգսյանին։ 10-ամյա տնտեսական գումարային աճը 96 տոկոսի փոխարեն իրենց թվերով կազմել է 25 տոկոս։ Վրաստանի տնտեսական գումարային աճը կազմել է՝ 46, Ադրբեջանինը՝ 38 և աշխարհինը՝ 29%։ Հիմա՝ 25%, դա լա՞վ է։

– Եթե ոչինչ էլ չանեին, այդքան կաճեր։

-Աղքատությունը 23 տոկոսից դարձել է 29,9 տոկոս։ 10 տարում գործազրկությունը 19 տոկոսից դարձել է 16,5 տոկոս։ 10 տարում ընթացիք դոլարային գներով երկրի առևտրաշրջանառությունը 4,5 մլրդ-ից դարձել է 6,4 մլրդ, բայց եթե այդ ընթացքում վերցնում ենք ապրանքների գների թանկացումը դոլարով 9-10 տոկոսով, ապա տեսնում ենք, որ նույնիսկ այս աճն էլ չունենք։ Ես հիմա էլ նույնիսկ պատրաստ եմ իր հետ հանդիպելու և պնդելու իմ հայտարարած թվերի բացարձակ ճշմարտությունը, որոնք բացարձակ համապատասխանում են իրենց իսկ «սուտի» վիճակագրական վարչության թվերին։

– Այս պահի հրատապ գործողությունները որո՞նք պետք է լինեն։

-Հրատապներից առաջինը ԿԲ-ն սանձելն է։ Ոչ այնքան այն պատճառով, որ չի կարելի վստահել այսօրվա ղեկավարությանը, դա ինքնըստինքյան է։ Այսօրվա ղեկավարությունը ԿԲ-ն օգտագործում է որպես «չենջ-օֆիս», դա անելով, նրանք ծածկվում են կայունության վերմակով։ ԿԲ ղեկավարության հարցը անմիջապես լուծելը անհրաժեշտ է, որ մենք թույլ չտանք երկրի արտաքին պահուստների էռոզիան։ Տեղի է ունենում դոլարի լուրջ արտահոսք։ Իմ անունից ուզում եմ դիմել ժողովրդին։ Ժողովուրդ ջան, մի հանեք ձեր ավանդները, հատկապես դոլարային։ Տարբերակ չկա, որ այս իշխանությունը հաջող չլինի, ի վերջո հաջողելու է։ Կա վտարվելու վտանգը։ Հավատացեք այս ամենին, որովհետև այս ամենը դուք եք։ Խուճապի մի տրվեք։ Մեր վիճակը կայուն է, հետայսու այդ կայունության ֆոնի վրա պիտի տեսնենք ահռելի դրական դինամիկա։

– Ասում եք, դեպոզիտները չհանեք, մարդիկ էլ ասում են՝ եթե բանկերը փողերը վերցնեն ու թռնեն, ի՞նչ կանենք։

-Չեն կարող։ Մենք ունենք հնարավորություն ցանկացած «քցողին» «քցել»։ Այդպիսի բան մեր բանկային իրավիճակում չկա։ Մեր բանկային ռեսուրսները ձեր ավանդներն են, որոնցից ձևավորվում են խոշորի վարկերը։ Պետք է իմանալ ավանդների և վարկերի կառուցվածքը։ Դրա համար ես պնդում եմ՝ ձեր փողը մի հանեք։ Գուցե, որոշ օլիգարխներ չհամաձայնվեն, որոնք շուտով, համապատասխան քայլերի դեպքում, զրկվելու են իրենց մոնոպոլ շահույթներից։ Բայց բիզնեսմենների 90 տոկոսի համար իսկապես եկել է ժամանակը, որ նրանք բիզնես անեն միայն պետությանը հարկ տալու և ոչ մի կաշառակեր պաշտոնյայի հետ գործ չունենալու պարագայում։ Եթե մեր նոր պաշտոնյաները, Նիկոլ Փաշինյանը դա չանեն, նույն բախտին կարժանանան։

– Էլ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ անել օպերատիվ կարգով։

-Ես խորհուրդ կտայի նախ իմանալ՝ ինչ է կատարվում տնտեսությունում։ Անցյալ տարվա թվերն աղճատված են։ Փոքրիկ տնտեսական աճը ուռճացված է մինչև 7 տոկոս։ Աճի մեծ մասը ձեռք է բերվել խաղատներում։ Նույնիսկ պետական ծառայությունները դառել են փողով, ավելացրել և ՀՆԱ ։ Մարդը ստանում է անձնագիր կամ մի հատ որսորդական «թուղթ» և դրա դիմաց մեծ գումար է վճարում պետությանը։ Չնայած այդ նույն ոստիկանությունը արդեն վճարվել է իր աշխատանքի համար՝ բյուջեից։

Աճ փոքր եղել է, և մենք ընդունում ենք այդ ջանքը, բայց շտապ կարգով պետք է փոխել այդ մարդուն (ԱՎԾ պետին), պահանջել նրա հրաժարականը, որպեսզի մենք վերջապես իմանանք, թե էս երկրում քանի մարդ կա, քանի գործարան կա, ինչքան գործազուրկ կա։ Մենք հոգնել ենք այս վիճակագրական անորոշությունից։ Օրինակ՝ Հանրապետականների վերջին կառավարությունը սկզբից փորձեց զերծ մնալ գյուղատնտեսության վիճակագրության կեղծումից, բայց հետո նորից տեսավ՝ «ճար» չկա, սկսեց թվեր ուռճացնել։

– Այսօր կարծիքներ են հնչում, որ ԿԲ-ի նկատմամբ վերահսկողություն պետք չէ, որ ԿԲ-ն իր գործառույթները չի կարող չկատարել։ Համամի՞տ եք։

-Անմիջապես պետք է փոխել ԿԲ ղեկավարին։ Լավն է, վատն է, հետաքրքիր չի։ Անմիջապես պետք է փոխվի։ Հաջորդ հրատապ քայլը․ պետք է անմիջապես բուռը հավաքել հարկային տեսչությունը։ Մեր հարկային եկամուտները արդեն 10 տարի է ֆիքսվել են 2,2-2,5 մլրդ դոլարի սահմաններում։ Դրանք չեն աճում։ Ավելին՝ այն հարցը, որ բյուջեում մի փոքր գումար տնտեսվեր, չի լուծվել, մսխվել է վերջին մի քանի ամիսներին։ Ես սպասում եմ լուրջ թերավճարներ ԱԱՀ-ի և շահութահարկի գծով։ Պետք է արագորեն ձեռքներս հավաքենք հարկային տեսչությունը։ Սրանք պետք է լուծվի երկու օրում։ Պետք է կասեցնել ԱԺ-ում գտնվող օրինագիծը, որը նպատակ ունի ընդլայնել կուտակայինը։ Մենք հիմա փող ենք տալիս, որը հանրապետություն կգա 45 տարի հետո։ Հիմա ընդլայնել ենք, բոլորին ենք ընդգրկում կուտակային կենսաթոշակի համակարգում։ Այսինքն՝ երկիրը, գտնվելով վտանգավոր պայմաններում, չի կարող 45 տարվա համար խնայողություններ անել։ Մեր երկրի խնայողությունները չեն կարող գերազանցել, իմ կարծիքով, 10 տարին։ Մեզ նման կուտակումներ հիմա պետք չեն։ Մենք այսօրվա խնդիրներ ունենք լուծելու։ Ստիպել այսօրվա իշխանությանը լուծել 45 տարի հետո եկող խնդիրները, անթուլատրելի է։ Կուտակայինը Հանրապետականի կործանման կարևոր «գայկաներից» մեկն էր։

– Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՃՈ համաներում է լինում, մարդիկ ազատվելու են ՃՈ խախտումների համար վճարվելիք գումարներից։ Սա պե՞տք է։

-Կարծում եմ, որ երեք անգամ պետք է իջեցնել տուգանքների չափը և 5 անգամ պակասեցնել տեսանկարահանող սարքերի թիվը, ապամոնտաժել։ Մենք չունենք իրատեսական թվեր, որոնք փաստում են, որ դրանց առկայությունը բերել է ավտովթարների կամ ճանապարհներին մահացության կրճատման պատճառ։ Ավելի հաճախ «կամերաները» վթարների պատճառ են դառնում։ Ընդհանրապես, ՃՈ խախտումների արձանագրման, այդ սարքերի տեղադրման գործառույթը պետք է մասնավորից փոխանցվի ոստիկանությանը։ Բայց սա տնտեսական քայլերի մեջ սոսկ դեսերտ է։

– Հարկային արտոնությունները պե՞տք է ընդլայնել։

-Ոչ։ Անմիջապես հարկային օրենսդրությունից պետք է հանել այն բացառությունները, որոնք արվել են մեծահարուստների համար, օրինակ՝ 300 մլն-ից ավելի սարքավորում բերողների համար վճարների հետաձգման արտոնությունը։ Ով որ 1 մլն-ի է բերում, նրա վրա էլ պետք է տարածել, այս արտոնությունը պետք է տարածել բոլորի վրա․ բոլորը հավասար են։ Հարկային օրենսդրությունից պետք է հանել 100 մլրդ և ավելի ներդրումների դեպքում շահութահարկը 20 տոկոսից 2 տոկոս դարձնելը, դա կատարյալ հիմարություն է։ Հաջորդը՝ պետք է խոշոր առևտրի կենտրոնների հարկադրումը բարձրացնել 2-3 անգամ։ Չպետք է թույլ տալ քաղաքի սահմաններում առևտրի կենտրոնացումը առևտրական խոշոր տներում։ Քաղաքից դուրս կարող են կառուցել «մոլեր», ինչքան ուզում են, որոնցում հարկավորումը կլինի ավելի պակաս։

Չի կարելի քաղաքի կենտրոնում թույլ տալ հերթական խոշոր առևտրի կենտրոնի կառուցում, որի հետևանքով 1000-1500 մանր խանութներ փակվեն։ Վերջապես հաջորդ քայլը, որ հրատապ է՝ ներսում եկամուտների վերաբաշխում։ Խոշորը մնա խոշոր, փոքրը՝ փոքր, բայց փոքրի մոտ չկա մասշտաբի էֆեկտ, իսկ խոշոր համակարգային ներդրողը չի կարող զբաղվել գազ ծախելով, կազինոյով, պիցա ու կոֆե վաճառելով։ Հստակ սահմանագծեր է պետք դնել։ Իսկ այնտեղ, որտեղ խոշորը էֆեկտ կտա, նա պետք է վայելի պետության աջակցությունը։ Շատ կարևոր է դատական իշխանության ռեֆորմը, նաև պետք է փոխվի իրավիճակը, երբ նախարարների ընտանիքները օկուպացնում են պետական կառույցները։ Եթե մեկը ուզում է գնա կառավարություն աշխատելու, պետք է հասկանա, որ ինքը զրկվում է բիզնեսից, որ չի կարող դա գրանցել կնոջ, հարազատների անունով, քավոր-խնամի- հարազատներին չպետք է տանի գործի։ Այս մեթոդները առաջիկա 4-5 տարիների համար կապահովեն տնտեսական աճ տարեկան 14-20 տոկոս։

– Մայիսի մեկին կարևոր իրադարձություն է սպասվում՝ ընտրվելու է վարչապետը։ Ի՞նչ զարգացում եք տեսնում և ի՞նչ վտանգ կարող է սպառնալ ժողովրդի թեկնածուի համար այլ կուսակցությունների կողմից ՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ։

-Պահպանվում է բոյկոտի վտանգը։ Այս դեպքում ժողովուրդը պետք է պարզապես շրջափակի կառավարության, ԱԺ, նախագահականը և թույլ չտա, որ մարդիկ աշխատանքի գան, բայց ես չեմ ուզում հեղափոխական հարցերից խոսել։ Դրանցից ինձանից լավ տիրապետում է Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները։

Գրում է Հրապարակ օրաթերթը

Be the first to comment on "Պետք է շտապ սանձել կենտրոնական բանկը, ձեռքը հավաքել հարկային տեսչությունը… Հրանտ Բագրատյան. Հրապարակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ