Հավաքականի նախկին մարզիչ. Օլիմպիական Աշոտ Կարապետյանն ամեն ինչ հորինել է եւ միտումնավոր մեղադրանքներ ներկայացրել

Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի հետ կապված սկանդալը նոր զարգացումներ է ունեցել. ՀԱՕԿ-ում կայացել է նիստ, որտեղ 18-ամյա մարզիկի վարքն ու մարզագույք չունենալու հարցը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից ներկայացվել է որպես միտումնավոր քայլ Աշոտ Կարապետյանի կողմից եւ որ մարզիկը ունեցել է համապատասխան մարզագույք մարզվելու եւ մեկնարկի դուրս գալու համար:
ՀԱՕԿ-ի նիստում որոշվել է ցրել դահուկային սպորտի Հայաստանի հավաքականները եւ մի քանի ամիս անց ձեւավորել: Կլինի Աշոտ Կարապետյանը նոր հավաքականում, թե ոչ, դեռ պարզ չէ:

Հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը, ով NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում իր հրաժարականի դիմումը պատճառաբանել է իր որդու՝ Հարություն Հարությունյանին առաջ տանելու միտումնավորության մեջ պարբերական մեղադրանքներից ազատվելու ցանկությամբ:

«Աշոտ Կարապետյանն ամեն ինչ հորինել է եւ միտումնավոր ֆեդերացիային մեղադրանքներ ներկայացրել: Աշոտ Կարապետյանի համար մրցաշրջանի հենց սկզբից պատվիրված են եղել նոր դահուկներ: Թիմը մեկնեց հավաքի՝ Ավստրիա, բայց մարզիկը չկարողացավ գալ, քանի որ ուներ անձնագրի վավերացման խնդիր, քանի որ բանակային տարիքում է եւ իրականում իրավունք չունի լքել երկիրը: Քանի որ նա չկարողացավ մասնացել հավաքին, իր համար պատվիրված գույքը բաժին հասավ մեկ այլ մարզիկի: Նրա վավերացման հարցերը լուծվեցին, եւ նա մասնակցեց միջազգային մրցաշարի, հավաքեց համապատասխան միավորներ եւ ստացավ սպիտակ քարտ: Իմ որդու՝ Հարություն Հարությունյանի եւ Աշոտ Կարապետյանի հնարավորությունները գրեթե հավասար էին: Ես ֆեդերացիայի նիստում ինքս առաջարկեցի, որ Օլիմպիական խաղեր մեկնի Աշոտ Կարապետյանը, քանի որ արդեն հոգնել եմ ամեն տեսակ խոսակցություններից, որ ամեն տեղ իմ որդուն եմ առաջ տանում:

Աշոտ Կարապետյանը մեկնեց Օլիմպիական խաղեր, նրա համար HEAD ընկերությունից պատվիրվեց մարզագույք հատուկ Օլիմպիական խաղերի համար: Մենք հասանք Փհենչհան եւ այնտեղ ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ մեր պատվիրած մարզագույքը, ցավոք, չի հասել, քանի որ քաշի խնդիր է եղել: Այդ ընթացքում Աշոտ Կարապետյանը մարզվում էր իմ մոտ եղած գույքով, որը նա հայտարարեց, որ կոտրվել են: Մինչ մենք զբաղված էի մարզագույքի հարցերով, մարզիկն արդեն հայտարարել էր, որ իրեն մարզագույք չի հասել, եւ նա չի մարզվում ու դուրս չի գա մեկնարկի: Որպեսզի մեր խնդիրը լուծեին, HEAD եւ Fisher ընկերություններից մեր մարզիկին առաջարկեցին աշխարհի չեմպիոնի դահուկները, որպեսզի նա կարողանա մարզվել, մինչեւ մենք կլուծվի գույքի խնդիրը:

Նա ուներ գույք, նա մարզվում էր, բայց անամոթաբար ստում էր, ասելով, թե չի մարզվել: Նա հրաժարվեց իրեն առաջարկված դահուկներից, մեկնաբանելով, թե՝ «ես բոմժ չեմ, որ ուրիշի քշած դահուկները քշեմ»: Ինչ վերաբերում է իր գույքին, դրանք չէին կոտրվել, ուղղակի պոկվել էր գրաֆիտը, որի սարքելը 15 րոպե է: Ես դրանք սարքեցի: Եթե այդ դահուկները կոտրված լինեին, նա ինչպես կարող էր իր մրցելույթի օր այդ նույն դահուկներով մրցուղին ստուգել նախքան մեկնարկը: Ինքը գույքի խնդիր չի ունեցել: Իր եւ մյուս մարզիկների վրա ֆեդերացիան յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ 4 մլն դրամ գումար է ծախսում նոր գույք ձեռք բերելու համար: Ես չգիտեմ՝ ինչ միտում է ունեցել մարզիկը, գուցե նրան դրդել են…

Այն, որ մարզիկի կոշիկները կապիչներ չունեին, դա էլ էր սուտ: Այստեղ լուսանկարներ տարածվեցին, իբր նա կոշիկները ամրացնում է կպչուն ժապավենով, բայց իրականությունն այլ էր: Մրցելույթի օրը, երբ նա մարզվում էր ու վազքուղի էր դուրս եկել այդ դահուկներով եւ այդ կոշիկներով էր, իսկ դրանց վրա կային բոլոր կապիչները: Հայաստան վերադառնալու օրը մարզիկ Միքայել Միքայելյանը պահոցից գտավ այդ հին կոշիկները, որոնց վրայից հանված էին բոլոր կապիչները: Աշոտ Կարապետյանը դեն էր նետել այդ կոշիկները, մտածելով, որ որեւէ մեկս չի հիշի դրանց մասին: Ես դրանք ինձ հետ բերեցի Հայաստան, քանի որ շատ երեխաներ այդ կոշիկների կարիքն ունեն:

Աշոտ Կարապետյանն իրականում շատ աշխատասեր, լավ տղա է, ես նրան փոքր տարիքից եմ ճանաչում: Այսօր նա մեր առաջատարներից է, բայց մարզիկն իր մասին այդքան բարձր կարծիքի չպետք է լինի: Ես չգիտեմ՝ նա ինչից էր չարացած, ինչ նրա հետ կատարվեց Փհենչհանում:

Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել, քանի որ արդեն հոգնել եմ բոլոր այդ ասեկոսեներից, թե իբր ես իմ տղային եմ ամեն տեղ ցանկանում տանել, նրան եմ առաջ մղում: Այդ որոշումը կայացրել էի դեռ Օլիմպիական խաղերից առաջ»,- մանրամասնեց Սեյրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փհենչհանից հայտնել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։

NEWS.am Sport

Be the first to comment on "Հավաքականի նախկին մարզիչ. Օլիմպիական Աշոտ Կարապետյանն ամեն ինչ հորինել է եւ միտումնավոր մեղադրանքներ ներկայացրել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ