«ՊՆ նախարարը առանց ճշտելու հայտարարություններ է անում». ապրիլյան պատերազմի մասնակիցը հորդորում է, որ Վիգեն Սարգսյանը ապացուցի իր ասածը

 

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը ասուլիսում հայտարարել էր, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցած Մանուել Մանուկյանը, որը ներկայացել էր ապրիլյան պատերազմի մասնակից, իրականում ապրիլյան պատերազմի մասնակից չէ:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա զորամասում է մարտական հերթապահություն իրականացրել, առաջնագծում չի եղել եւ մարտական գործողությունների չի մասնակցել: Aravot.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը պատասխանեց, որ Վիգեն Սարգսյանը ստում է ու նա պետք է ներողություն խնդրի այդ ստի համար: Մանուկյանի խոսքով՝ «Եթե Վիգեն Սարգսյանը միայն ասեր, որ ինքը քառօրյայի մասնակից չի, կկարողանար այսօր ասել, որ քո զինգրքույկում գրած չի, դրա համար ասել եմ, որ դու քառօրյայի մասնակից չես: Թե ինչու գրած չի ու թե ինչու մեր ամբողջ զորամասի տղերքի զինգրքույկում չեն գրել, ՊՆ-ի այդ տրամաբանությանը կանդրադառնամ:

Բա այդ դեպքում ո՞վ է եղել առաջնագծում: Եթե մենք մարտական դիրք չենք հանձնում, եթե զգոն ենք լինում, լավ ծառայություն ենք տանում, ՊՆ-ն համարում է, որ քառօրյային չե՞նք մասնակցել: Երկրորդը՝ նա ասում է, որ ես այդ ընթացքում առաջնագծում չեմ եղել, այ սրա հետ կապված ոչ մի փաստ նա չի կարող բերել: Երկու վարկած կա. Վիգեն Սարգսյանը ստել է, քանի որ ես միացել եմ շարժմանը, կանգնել եմ ժողովրդի կողքին՝ ապրիլյանի տղերքով, ոստիկանների ու ժողովրդի միջեւ ենք կանգնել, փորձել ենք լարված վիճակը թուլացնել:

Եթե Վիգեն Սարգսյանը այդ ամեն ինչը վատ ձեւով է ընկալել ու դրա համար ստել է, ուրեմն սա վտանգավոր է մեր ամբողջ ազգի համար: Երբ ՊՆ նախարարը առանց ճշտելու հայտարարություններ է անում, անլուրջ տպավորություն է թողնում ու պետության համար վտանգավոր է նման նախարարը: Ես, իմ մարտական ընկերները գիտենք, որ սա սուտ է: Ես առաջնագծում եղել եմ առաջին վայրկյանից, ամսի 1-ին բարձրացել եմ առաջնագիծ, ամսի 2-ին սկսել է պատերազմը: Ես եղել եմ դիրքի ավագ, մենք չենք ունեցել դասակի հրամանատար, 1 լեյտենանտ է ունեցել ամբողջ վաշտը, բայց վաշտը պիտի ունենա 1 վաշտի հրամանատար, 3 դասակի հրամանատար, չենք ունեցել, ամբողջ ծանրությունը եղել է սերժանտների վրա: Ես կատարել եմ դասակի հրամանատարի պարտականությունները, իմ վրա մի ամբողջ դասակի պարտականություն է եղել ու այդ ժամանակահատվածից սկսած՝ բոլորը մեզանից են հարցրել՝ ինչ է կատարվում, ոնց է լինում, մեր վերադաս հրամանատարներին մենք ենք ասել ինչ է լինում: Մենք հայտարարել ենք, որ մենք մեր ուժերով պիտի պայքարենք : Ուստի ասում եմ՝ Վիգեն Սարգսյանը չի տիրապետում ինֆորմացիային, նա պարտավոր է նորից հայտարարություն անի եւ ասի, որ կա՛մ իրեն են սխալ տեղեկություն տրամադրել, կա՛մ ինքը ստել է, այլ տարբերակ չկա»: Մանուել Մանուկյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը պետք է ներողություն խնդրի կամ էլ փաստաթղթեր ներկայացնի, թե ո՞ւր է եղել այդ ժամանակ ինքը, եթե ոչ առաջնագծում. «Եթե իմ ամբողջ գումարտակը, վաշտը եղել են առաջնագծում, ես ո՞ւր եմ եղել:

Ունի՞ հիմնավոր փաստեր, թող ներկայացնի, եթե չունի, ինչի՞ համար է այդպիսի հայտարարություն անում»: Մանուել Մանուկյանը գտնում է, որ այս ճանապարհով Վիգեն Սարգսյանը փորձել է ազդել իր ազատ կամքի վրա. «Չարաչար սխալվում են: Իմ կամքի վրա ոչ ոք չի կարող ազդել երբեք: Ես առաջնագծում կռվել եմ իմ ժողովրդի համար ու հիմա էլ, իմ ժողովուրդը եթե փողոցում է, ես դուրս եմ գալու փողոց՝ կանգնելու իմ ժողովրդի կողքին»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/04/28/953664/

 

Be the first to comment on "«ՊՆ նախարարը առանց ճշտելու հայտարարություններ է անում». ապրիլյան պատերազմի մասնակիցը հորդորում է, որ Վիգեն Սարգսյանը ապացուցի իր ասածը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ