Ռուսաստանը հասկացավ. Ինչ է կատարվել սահմանին այս օրերին

 

Հայաստանում արդեն երկրորդ շաբաթն է հրապարակներում եւ փողոցներում ծավալվում են ներքաղաքական բուռն իրադարձություններ, որոնք սկսվել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» շարժումը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որը աստիճանաբար սկսեց թափ հավաքել եւ վերածվել քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների: Դրանք արդեն հասել են վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այժմ իշխանությունից ՀՀԿ հեռացման գործընթացն է:

Այդ ամենին զուգահեռ հնչում է Հայաստանի համար զգայուն հարցը՝ արդյոք ներքին լարված ու ապակայուն վիճակը Ադրբեջանի մոտ չի առաջացնի Արցախում ռազմական ճանապարհով հարց լուծելու գայթակղություն: Դրանից բացի, իշխանությունն էլ Հայաստանում մշտապես փորձել է վտանգը օգտագործել որպես հանրությանը զսպող հաղթաթուղթ, որ Հայաստանում որեւէ լարվածություն անմիջապես կազդի առաջնագծի վրա եւ «կգայթակղի» ռազմատենչ Ադրբեջանին: Այս անգամ էլ, զանգվածային շարժման թափ հավաքելուն զուգահեռ, ապրիլի 21-ին Արցախի պաշտպանության նախարարությունը տարածեց տեղեկություն, որ Ադրբեջանը առաջնագծի որոշ հատվածներում իրականացնում է մարդուժի եւ զինտեխնիկայի աշխույժ շարժեր եւ ինտենսիվացրել է հրադադարի խախտումները: Հաջորդ առավոտյան տարածվեց տեսանյութ: Բայց դա չնվազեցրեց համաժողովրդական բողոքի թափը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ներկայացրեց հրաժարական:

Ժամեր անց տարածվեց առաջնագծում վիճակի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահների հայտարարությունը եւ կոչը կողմերին. «Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես, ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ…»: Միեւնույն ժամանակ, ապրիլի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմի «առողջ ուժերի» հետ շարունակել ղարաբաղյան բանակցությունները: ԱԽ բանաձեւերի հիման վրա: Դեռեւս շաբաթներ առաջ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո սպասում է ղարաբաղյան խնդրով ինտենսիվ բանակցությունների: Հայաստանը խոշոր հաշվով չի արձագանքել այդ հայտարարություններին: Անուղղակի արձագանք թերեւս կարող էր համարվել ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ելույթը խորհրդարանում, որպես վարչապետի թեկնածու, որտեղ նա հայտարարեց, որ բանակցությունը ներկայում կանգ է առել եւ շարունակելու համար Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ակնկալի ոչ միայն հայկական կողմի զիջում, այլ ինքն էլ պատրաստ լինի զիջման: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանն անուղղակի մերժեց «ինտենսիվ բանակցությունների» ակնկալիքը: Այժմ Սերժ Սարգսյանը չկա, միաժամանակ դեռ պարզ չէ, թե անցումային փուլից հետո ինչ իշխանություն է լինելու Հայաստանում, ինչ ուժ է գլխավորելու Հայաստանը եւ ինչ քաղաքականություն է որդեգրելու ղարաբաղյան խնդրում: Համենայն դեպս ստեղծվում է մի իրավիճակ, երբ ակնհայտ է դառնում, որ Հայաստանն առաջիկա ամիսներին ունենալու է առավելագույնը ժամանակավոր կառավարություն, ինչը նշանակում է, որ այդ կառավարությունը չի կարող սկզբունքային պատասխանատվությամբ մտնել որեւէ բանակցության մեջ:

Հետեւաբար, հայաստանյան իրադարձությունները բանակցային գործընթացը կարծես թե տեղափոխում են առնվազն մի քանի ամսով: Ինչպե՞ս կմոտենա դրան Ադրբեջանը: Հայտարարությունը, որ Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները, կարծես թե հուշում է, որ Բաքուն պատրաստ է սպասել: Հատկանշական է, որ այդ հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Բաքվում էր ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որը հանդիպել է Ալիեւի հետ եւ անվտանգության երկկողմ հարցերից բացի, քննարկել ռեգիոնալ անվտանգության հարցը: Դրան զուգահեռ, հայաստանյան իրադարձությունների մասով Ռուսաստանը Կրեմլի խոսնակ Պեսկովի մակարդակով մի քանի անգամ հայտարարեց, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է: Այն, որ ռեգիոնալ անվտանգության համար գերակա պատասխանատու Ռուսաստանը իրավիճակը Հայաստանում գնահատում էր այդպես եւ չէր խոսում ռեգիոնալ անվտանգության եւ կայունության սպառնալիքների մասին, հուշում է, որ Մոսկվան հոգ էր տանում Բաքվի մոտ որեւէ «գայթակղություն» զսպելու մասին: Ցանկության դեպքում Մոսկվան ունի այդ կարողությունը: Մյուս կողմից, Հայաստանում համոզված են, որ առանց Մոսկվայի Ադրբեջանը դժվար թե գնա սադրանքների, եւ դրա պատասխանատվությունը կրում է Մոսկվան:

Նութի աղբյուր՝  Lragir.am

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Ռուսաստանը հասկացավ. Ինչ է կատարվել սահմանին այս օրերին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ