Նիկոլ Փաշինյան. «Ռուսական ռազմաբազաների հետ կապված խնդիր չեմ տեսնում»

 

Արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի թղթակցին հետաքրքրեց, թե կառավարման որ մոդելին է նախապատվությունը տալիս՝ խորհրդարանական, թե՞ նախագահական: «Մերսեդե՞սն է լավը, թե BMW-ն… Կարեւորը ժողովրդավարությունն է եւ օրենքի գերակայությունը….Ընդհանրապես պետք է զերծ մնանք Սահմանադրությունը հաճախ փոփոխելուց, որովհետեւ այս ճգնաժամը սկսվեց հենց Հայաստանի սահմանադրական փոփոխություններից, որ նախաձեռնեց Սերժ Սարգսյանը»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաների մասին էլ հարց հնչեց: «Այս պահին չենք կարող ասել, որ խնդիր կա դրա հետ կապված, քանի որ մենք խնդիր ունենք ոչ միայն հայ-թուրքական, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված:

Ցավոք, Հայաստանը այս պահին չունի բավարար թվով ռազմական ուժեր, որ պաշտպանի իր սահմանները, ու որեւէ Հայաստանյան կառավարություն չի կարող խուսափել այս իրականությունից»,-ասաց ընդդիմադիր առաջնորդը: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ մտավախություն չունի՞, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել նախկին ռուսաստանյան պաշտոնյա Կարեն Կարապետյանին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Հայաստանում կառավարության ձեւավորումը դա Հայաստանի ներքին գործն է, Հայաստանի ժողովուրդն է որոշում, թե ով կլինի իր կառավարությունում: Ռուսաստանը բարեկամական պետություն է Հայաստանի համար, որի հետ լավ հարաբերություն ունենք, հետեւաբար վստահ եմ, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը»: Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրմանը, բանախոսն ասաց, որ այն պետք է կյանքի կոչվի: Երկրում առկա խնդիրների մասին էլ նշեց, թե դրանք չեն կարող լուծվել մեկ քայլով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության միջին օղակներում կան պաշտոնյաներ, որոնք մեծ ներուժ ունեն, հետեւաբար կարող են շարունակել իրենց աշխատանքը, այնպես որ կադրային ջարդ չեն պատրաստվում իրականացնել, նույնը վերաբերվում է ոստիկանությանը եւ հատուկ ծառայություններին: «Ոստիկանությունում եւ հատուկ ծառայությունում աշխատողները չպետք է լինեն որեւէ կուսակցության անդամ, սակայն շատերին հարկադրել են դառնալ ՀՀԿ անդամ»,- փաստեց նա: Որոշ պաշտոնյաների պաշտոնազրկում ենթադրող լյուստրացիայի վերաբերյալ հարցի մասին էլ Նիկոլ Փաշինյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ քաղաքական եւ տնտեսական վենդետա չի լինի, այս պահին ավելի շատ խնդիր ունենք կոնսոլիդացնել հայ հասարակությանը եւ հայ ժողովրդին: Կարծում եմ, որ այս հեղափոխության լավագույն արդյունքը կլինի այն, որ Հայաստանը տնտեսական մեծ աճ կարձանագրի: Շատերը պատրաստ կլինեն գալ Հայաստան, որպեսզի երկրի տնտեսությունը հզորանա, մեծ թվով աշխատատեղեր ստեղծվեն: Դրա հետ կապված հստակ ծրագիր ունենք»:

Փաշինյանն ասած, որ ծրագիր ունեն՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված: Արտասահմանցի լրագրողների հարցերից մեկն էլ վերաբերվում էր ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալ-չգալուն: «Մենք երբեք չենք խոսել ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի դուրս գալու մասին: Այսօր իրավիճակը հետեւյալն է՝ նման կազմակերպություններից դուրս գալը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Այս պահին կտրուկ աշխարհաքաղաքական քայլեր չենք պատրաստվում կատարել: Ինչ էլ որ անենք, անելու ենք միայն Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան: Այս պահին, կարծում եմ, որ այժմ դրա ժամանակը չէ…Այսօր կարեւորը օրենքի գերակայությունն է, ժողովրդավարությունը, բոլորի իրավունքները, իսկ ես կարող եմ դա երաշխավորել»,- ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/04/24/952587/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյան. «Ռուսական ռազմաբազաների հետ կապված խնդիր չեմ տեսնում»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ