Թրամփն ԱՄՆ այն նախագահն է, որը կարող է ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN

 

Դոնալդ Թրամփն ԱՄՆ այն նախագահն է, որը կարող է ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին։ Ամերիկյան CNN հեռուստաալիքի կայքում գրում է Հագար Հաջար Չեմալին: Դրա պատճառները միջազգային հարաբերություններին նրա մոտեցման հարցում առանցքային երկու կողմերն են. նա չի մտածում առանձնապես, թե ինչ են այլ երկրները մտածում նրա արտաքին քաղաքականության մասին, և նա ցանկանում է անել այն, ինչ, ինչպես նա է ասում, իր նախորդները չեն կարողացել անել:

Հոդվածագիրը նշում է, որ բոլորին է հայտնի, թե ինչու է հարկավոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ճանաչման շնորհիվ ԱՄՆ-ն նախ հարգում է պատմական փաստերը և հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին, բացի այդ, դա պաշտպանում է ամերիկյան արժեքները՝ որպես պետություն, որը ճշմարտությունն է ասում, ինչպես նաև պատասխանում է ԱՄՆ-ում բնակվող 1,5 միլիոն ամերիկահայերի պահանջին:

Այս պատճառները, սակայն, հայտնի են եղել ԱՄՆ բոլոր նախագահներին, որոնք, սակայն, չեն ցանկացել իրենց քայլով առաջացնել Թուրքիայի զայրույթը:

Այժմ ժամանակն է, որ նախագահ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ առաջին հերթին, Թուրքիայի վերջին գործողությունները հակասում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին: Թուրքիան, մասնավորապես, ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայի քրդերի դեմ, որոնց ԱՄՆ-ն զինում է և աջակցում և որոնք օգնել են սիրիական տարածքներն ԻՊ-ից ազատագրելու հարցում: Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի սահմաններում մտահոգիչ ավտորիտար գործողություններ է իրականացնում, ինչպիսին է, օրինակ, անցած տարի անցկացված սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաև լրագրողների ձերբակալությունը: Հոդվածագիրը կոչ է արել նաև չմոռանալ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց անող ցուցարարների վրա Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը:

Երկրորդ հերթին, նախագահ Թրամփին չի հետաքրքրում, թե ինչ է Թուրքիան մտածում՝ այնպես, ինչպես նրան չի հետաքրքրում, թե ինչպես են այլ երկրներ արձագանքում արտաքին քաղաքականության վերաբերյալ իր այլ որոշումներին:

Հոդվածագիրը նշում է, որ ցեղասպանության ճանաչումը կարող է վտանգել ամերիկյան ներկայությունը Սիրիայում, բայց հայտնի է, որ Թուրքիան արդեն առանց այդ էլ դաշինք է կազմել Ռուսաստանի և Իրանի հետ: Վերջիվերջո, Թուրքիան ստիպված կլինի քայլ առաջ անել և հարթել անհամաձայնությունները, ինչպես դա տեղի է ունեցել, օրինակ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ռուսաստանի դեպքում:

Երրորդ հերթին, նախագահ Թրամփը, Հայոց ցեղասպանությունը ճանաչելով, կշահի այլ արտաքին քաղաքական նպատակների առնչությամբ: Դա կընդգծի ԱՄՆ-ի դիրքորոշումը վայրագությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու և առանց վախի սկզբունքները պահպանելու հարցում, ինչը կմեծացնի ԱՄՆ-ի կշիռն այլ դիվանագիտական հարցերի շուրջ բանակցություններում:

 

Be the first to comment on "Թրամփն ԱՄՆ այն նախագահն է, որը կարող է ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ