ԼԵԳԵՆԴ․ Մորաքույր Աղքատությունը

 

Իր արարման սկզբից ապրում էր երկրի երեսին մի զառամյալ պառավ, ում անունն էր մորաքույր Աղքատություն: Նա շատ դժբախտ էր ու շատ աղքատ` միայն ուներ մի խարխուլ հյուղակ և մի տանձենի դռան առաջ: Բայց բոլոր դժբախտություններն ու անհաճո բաները տանում էր հեզ և համբերատար, միայն երեխաները, որ առանց իր թույլտվության մագլցում էին տանձենու վրա և քաղում էին պտուղները, վրդովեցնում էին նրան: Դե, ինքը պատրաստ էր բոլոր տանձերն անխտիր նրանց տալ, բայց գողությունն իր սրտով չէր:
Մի անգամ մի չքավոր նրա դուռը թակեց: Նա նրան ընդունեց իր տանը և կերակրեց` տալով նրան իր վերջին փշուր հացը, որ պահել էր սև օրվա համար: Առավոտյան հյուրը սկսեց հաջողություն ասել և շնորհակալություն հայտնելով հյուրասիրության համար` ասաց, որ պատրաստ է կատարել նրա ուզած ցանկությունը:

 

– Դե ես միայն մի ցանկություն ունեմ,- ասաց պառավը,- որպեսզի նա, ով մագլցի տանձենու վրա առանց իմ թույլտվության, չկարողանա ծառից իջնել:
Հաջորդ օրը, դեպի փողոց նայող դուռը բանալով` նա տեսավ տանձենու վրա նստած երեք թոկից փախածների:
– Օխ, մորաքույր Աղքատություն,- պաղատեցին նրանք,- Աստծո սիրույն, ներիր մեզ: Օգնիր մեզ իջնենք, մենք ինքներս չենք կարող:
– Ճիշտ է. ճիշտ: Իսկ ո՞վ էր ասում, որ իմ տանձերը չի պոկում: Այս անգամ կօգնեմ, բայց եթե մյուս անգամ էլ գաք, ապա ողջ կյանքում կնստեք ծառի վրա:
Այդ ժամանակից ի վեր երեխաները երբեք առանց թույլտվության տանձ չէին քաղում:
Մի օր մորաքույր Աղքատության մոտ մի անծանոթ կին եկավ, չափազանց տարօրինակ, ամբողջովին սևով պատված և ձեռքին գերանդի:
– Քեզ ինձնից ի՞նչ է պետք,- հարցրեց Աղքատությունը` վախենալով:
– Քո ետևից եմ եկել: Ես Մահն եմ:
– Ինչպե՞ս թե, արդե՞ն: Իսկ գուցե մի տարի սպասե՞ս:
– Ոչ, ժամն է արդեն,- ասաց Մահը:
– Դե ինչ, այդժամ կատարիր իմ վերջին ցանկությունը, պոկիր ինձ համար այն տանձը, որ կախված է ամենավերին ճյուղից, մեն միակն է, որ պահպանվել է: Ուզում եմ այն ուտել:

Մահը մագլցեց ծառը, և այդպես պոկած տանձը ձեռքին մնաց ճյուղի վրա նստած: Սկսեց նա մորաքույր Աղքատությանը ձայն տալ: Իսկ նա նրան ի պատասխան ասաց.

– Համբերիր: Այդտեղ դու մեկ դար չէ, որ նստելու ես: Քեզանից միայն դժբախտություն է գալիս: Քանիսի՞ն ես որբ թողել:
Եվ ահա անցնում են օրերը, իսկ Մահը նստած է ծառի վրա: Այդժամ մորաքույր Աղքատության տան մոտ սկսեց ժողովուրդ հավաքվել` ամենատարատեսակ` բոլոր նրանք, ովքեր Մահվան հետ գործնական հարաբերությունների մեջ էին: Անփող մնացած քահանաները` թաղում չկա ու չկա, նոտարները, որ մահացածների թղթերն էին կարգավորում, որբերի գործերով զբաղվող ոստիկանները, դե էլ ով ասես: Եվ բոլորը դիմեցին մորաքույր Աղքատությանը մի խնդրանքով, որպեսզի թույլ տա, որ Մահը ծառից իջնի: Բայց մորաքույր Աղքատությունն անհողդողդ էր` ոչ, ոչ և ոչ:
Այդժամ Մահը փոխզիջման գնաց` մորաքույր Աղքատությանը հավերժական կյանք առաջարկելով, եթե նա իրեն օգնի: Մահը դարձյալ հայտնվեց երկրի երեսին: Աղքատությունը համաձայնվեց: Ահա և Մահն էլ շրջում է երկրի երեսին, իսկ Աղքատությանը վերջ կտրվի միմիայն աշխարհի վերջի հետ:

Be the first to comment on "ԼԵԳԵՆԴ․ Մորաքույր Աղքատությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ