Պարույր Հայրիկյան. «Նիկոլը կարող է տասը սխալ անել, բայց ամենակարևորը կարողացել է ճիշտ անել»

 

ԱԻՄ առաջնորդ պարույր Հայրիկյանն օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարելով գրառում հարց էր բարձրացրել, թե ինչու ընդդիմադիր քաղաքական գործիչները որպես պարզ քաղաքացի չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» նախաձեռնությունների կողմից կազմակերպվող հանրահավաքներին կամ բողոքի ակցիաներին:

Պարույր Հայրիկյանի կարծիքով, անկախ նրանից, թե երեկ կամ այսօր ինչ կասվի կամ կարվի, պետք է վստահ լինել, որ այն աշխարհի վերջին օրը չէ, և այն շարժումը, որը սկիզբ առավ վերջին օրերին, հաջորդ ռազմավարական քայլի նախապատրաստական փուլն է:
«Նույնիսկ ամենաբուռն իրադարձությունների դեպքում, մեր կողմից կարևոր համարվող նպատակների  որևէ քայլ ի վնաս մեկի չի կարող լինել, քանի որ սրանից ավելի անմխիթար վիճակ չի կարող լինել: Այսօր քաղաքացին երկրի տերը չի և մեր նախաձեռնած գործընթացը, գնալով հասունանում է: Երկու ճանապարհ կա այսօր, մեկը՝ կրիտիկական զանգվածի դեպքում, եթե կարողանան ուժի մեջ պահել «բաց ձեռքերի» մարտավարությունը, նշանակում է, որ հնարավոր կլինի այնպիսի ճնշում գործադրել, որ ամեն ինչ ընթանա հեղափոխական ճանապարհով: Երկրորդ ճանապարհը՝ շատ արագ ստորագրահավաքով Սահմանադրությունը փոխելու ճանապարհն է, որից հետո հնարավոր կլինի լուծել բոլոր մյուս՝ իշխանափոխությանը, արժեքային համակարգին վերաբերող մնացած բոլոր հարցերը»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Պ. Հայրիկյանը:
Հասարակական քաղաքական գործիչը նշեց, որ միանշանակ է, որ երկրում ստեղծված ներքաղաքական զարգացումները թույլ են տալիս արձանագրել, որ իրավիճակը «մեռյալ կետից» շարժվել է և գնալով զարգացում է ապրում:

«Ես ավելի վաղ արձանագրել էի որ Նիկոլը փորձ է անում մարդկանց արթնացնել և պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ այդ հարցը լուծված է: Հիմա խնդիրը վերաբերում է նրան, թե ընդհանրապես մարդկանց՝ «այսօր, կամ երբեք» տրամադրություններն ընդհանրապես արդարացված են, թե՝ ոչ: Եվ հարկավոր է հասարակությանը բացատրել, որ անկախ դեպքերի զարգացման ընթացքից կան մեկը մյուսից հիմնավոր հաջորդական քայլերի շարք»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Նա նաև նշեց, որ ներկայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում Հայաստանը հայտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, սակայն կա մի բան, որը պետք է հաշվի առնել, որ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և որպես քաղաքացի միանան շարժմանը:

«Նիկոլը սկսել է, Նիկոլը ապրի: Վե՛րջ: Նիկոլը կարող է տասը սխալ անել, բայց ամենակարևոր բանը կարողացել է ճիշտ անել՝ իր խենթ հավատով կարողացավ մարդկանց ոտքի հանել: Եվ նրանք, ովքեր եկել ու միացել են Նիկոլի շարժմանը, ապա պետք է հաջորդ փուլում կոնսուլտացիոն խորհուրդ ստեղծեն: Եվ եթե մեկը շոգեքարշի դերն է կատարում, ապա մյուսները նույնպես պետք է ինչ-որ դերակատարում ունենան: Եվ նորից եմ կրկնում, եթե քաղաքական կուսակցությունները չեն կարողանում որպես կուսակցություն միանալ շարժմանը, ապա կարող են որպես պարզ քաղաքացի մասնակցել և իրենց նպաստը բերել Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Արմինե Գրիգորյան  

Be the first to comment on "Պարույր Հայրիկյան. «Նիկոլը կարող է տասը սխալ անել, բայց ամենակարևորը կարողացել է ճիշտ անել»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ