ԵԹԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՉՀԵՌԱՆԱ, ԱՊԱ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՀԵՌԱՑՎԵԼՈՒ Է ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ

 

Սա հեղափոխություն է։ Ամբողջ հանրապետությունն է ալեկոծվում դրա բոցերի մեջ։

Ստեղծված իրավիճակը չափազանց նման է 1905 թ․ հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում, իսկ Սերժ Սարգսյանն էլ ոչ պակաս ողբերգական է, քան Նիկոլայ 2-րդ կայսրը։ Նշենք, որ երկուսն էլ գահ են բարձրացել մարդկային դիակների և արյան վրա:

Եվ, ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը ներկայումս գնա բռնության ճանապարհով և կայսրի օրինակով մի նոր «Արյունոտ կիրակի» նախաձեռնի, ապա ժողովրդական զանգվածների պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տա, քանի որ արյան մեջ խեղդված 1905-ին որպես կանոն միշտ հաջորդում է կործանարար ռևանշը՝ խելագար 1917-ը։

 

Եթե Սարգսյանը ներկայումս չհեռանա, ապա հետագայում հեռացվելու է ծեծուջարդով, մահակով և արյամբ։ Այդ ճակատագրին են արժանացել բոլոր այն գործիչները, որոնք ընթացել են իշխանության հավերժացման ճանապարհով։ Ցավոք սրտի, որ իրադարձությունների համանման զարգացումների դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի ամբողջ պետությունը, քանի որ հավերժացող բռնապետերը, որպես կանոն, սերտաճում են պետության հետ։

Ոչ ոք չգիտի, թե հեղափոխությունները երբ են սկսում, դրանք գալիս են անկոչ հյուրի պես ու սրբում-տանում ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Մի օր առավոտյան կարթնանանք և կտեսնենք, որ քաղաքի լապտերները կոտրվել են, քանի որ հեղափոխությունները սկսում են լապտերների ու արձանների հաշվեհարդարից:

Ճնշված, ճորտացված և իրավազրկված ժողովուրդը տասնամյակների իր ցասումն ու ատելությունը պայթեցնելու է ու մի քանի ժամվա ընթացքում մինչև վերջին փշուրը ոչնչացնելու է արյան վրա կառուցված իշխանական բուրգը։

Երբ Լյուդովիկոս 16-ին հայտնեցին Բաստիլի գրավման մասին, նա բացականչեց. «Բայց սա խռովությու՜ն է»: Մոտակայքում գտնվող հերցոգ Լիանկուրը պատասխանեց. «Ո՛չ, իմ տիրակալ, սա հեղափոխություն է»: 1793 թ. ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 16-ն ի վերջո մահապատժի ենթարկվեց:

Երբ Սերժ Սարգսյանին հայտնեն Բաղրամյան 26-ի գրավման մասին, նա կբացականչի. «Բայց սա խռովությու՜ն է»: Մոտակայքում գտնվող գունդստաբլ Վիգենը կպատասխանի. «Ո’չ, իմ տիրակալ, սա հեղափոխություն է»:

Սերժ Սարգսյանը չի հասկանում, թե նրա վարչապետ դառնալն ինչ հետևանքների կարող է հանգեցնել։

Be the first to comment on "ԵԹԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՉՀԵՌԱՆԱ, ԱՊԱ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՀԵՌԱՑՎԵԼՈՒ Է ԾԵԾՈՒՋԱՐԴՈՎ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ