Ելենա Արշակյանին մշտապես ասում եմ, որ ես եմ նրա հաջողության գրավականը. Ալեքսանդր Բաբասյան

 

Ավարտվեց շուրջ մեկ տարի, ութ ամիս տեւած «Կայարան» հեռուստասերիալը, որը հեռոստադիտողին երկար ժամանակ լարված պահեց հեռուստաէկրանների առաջ: Եվ չնայած սերիալում հաճախ էին հերոսները հանդիպում դժվարությունների եւ դժբախտությունների, ի վերջո հաղթեց սերը:

Այս հեռուստասերիալում դերասան Ալեքսանդր Բաբասյանը ներկայացնում էր ամենաբացասական հերոսին՝ Առնոյին: Այս կերպարի շնորհիվ դերասանը վերջին շրջանում հաճախ էր հայտնվում ուշադրության եւ քննարկումների կենտրոնում: Life.panorama.am-ը Առնոյի կերպարի եւ «Կայարան»-ում իր գործունեության մասին զրուցել է Ալեքսանդր Բաբասյանի հետ:

 

«Վերջին գրեթե երկու տարվա ընթացքում ամենաշատ առաջարկները ստացա. գրեթե բոլոր հեռուստասերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից հրավերներ եմ ստացել եւ դա վերագրում եմ հենց Առնոյի կերպարի հաջողությանը, քանի որ այս կերպարի շնորհիվ ես ներկայացնում էի բազմագույն մարդու: Առնոյի կերպարով ասես մի քանի մարդու մարմնավորեի, որով ցույց էի տալիս իմ տվյալներն ու պրոֆեսիոնլիզմը: Նա բոլոր կերպարների հետ տարբեր կերպ էր ներկայանում, տարբեր տեսակներ ու գույներ էր ցույց տալիս, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացնում իր շուրջ,- նշեց դերասանը՝ հավելելով, որ «Կայարան»-ի հաջողության հարցում իր լուման շատ մեծ է:

 

«Կես կատակ, կես լուրջ Ելենա Արշակյանին մշտապես ասում եմ, որ ես եմ նրա հաջողության գրավականը: Ելենայի բոլոր սերիալները, որոնցում ես նկարահանվել եմ, մեծ հաջողություններ են ունեցել: Մեկ տարի, ութ ամիս առաջ, երբ կարդացի «Կայարանի» սցենարն ու ծանոթացա կերպարիս, մեծ հետաքրքությամբ սկսեցի նրան կերտել, իսկ ավելի ուշ հասկացա, որ Առնոյի կերպարը վերջին տասնամյակում հայկական արտադրության սերիալների ամենատարբերվող ու հետաքրքիր կերպարն էր: Եթե, ըստ օրինաչափության, բոլոր սերիալներում լինում են վատ կամ լավ հերոսներ, ապա այս դեպքում նա ոչ թե վատն էր, այլ շատ հզոր կերպար էր»,- նշեց դերասանը:

Առնոյի կերպարը, իր բացասական լինելով հանդերձ, շատ սիրվեց եւ երկրպագուների մեծ բանակ ձեռք բերեց:

«Առնոյի կերպարն իմ կարիերայի ամենասիրված հերոսն է, ես շատ կկարոտեմ այդ կերպարը: Ինձ մեծ ուրախություն է պարգեւում այն, որ չնայած նրա բացասական լինելուն, նրան սիրեցին: Աառավելապես ինձ մեծ հպարտություն էր պատճառում այն, որ հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչները գրում էին ինձ ու ոչ թե նախկինի նման ասում էին, որ շատ գեղեցիկ եմ, այլ թե ինչ լավ եմ խաղում ու ներկայացնում այս կերպարը: Ելենան իմ կերպարով հրեշ մարդու էր որոշել ցույց տալ, ով պատրաստ է ամենադաժան ու ստոր արարքների, նա բոլորի հանդեպ վատն էր: Բայց արդեն վերջում անգամ Ելենան խոստովանեց, որ չգիտի՝ ինչպես իմ հերոսի հետ վարվի, քանի որ իր բացասական լինելով հանդերձ՝ նրան բոլորն էլ սիրում էին: Արդյունքում որոշվեց, որ Առնոն պետք է ինքնասպան լինի՝ ազատություն տալով իր սիրելի աղջկան»,- նկատեց Ալեքսանդրը:

Դերասանը հպարտությամբ նշեց, որ անգամ թատրոնների ռեժիսորներն են իրենց հիացմունքը հայտնել իր խաղի վերաբերյալ: Դա Ալեքսանդրին առանձնահատուկ  հպարտություն է տվել, քանի որ իր խոսքով նախկինում թատրոնների ռեժիսորներն իրեն առանձնապես շատ չէին սիրում՝ համապատասխան կրթություն չունենալու պատճառով:

Խոսելով դերասանական կազմի մասին՝ Ալեքսանդր Բաբասյանը նշեց.

«Ինձ համար առանձնահատուկ հաճույք էր խաղալ Վարդան Հովսեփյանի եւ Էվա Խաչատրյանի հետ: Իրական կյանքում մենք շատ մտերիմ ենք, բայց ես եւս մեկ անգամ հասկացա, թե որքան տաղանդավոր են նրանք: Իսկ որպես բացահայտում, ինձ համար Քրիստինա Կույումչյանն էր: Առաջին սերիաներում նա շատ անփորձ էր, բայց իր շնորքի եւ աշխատասիրության շնորհիվ նա օրեցօր աճեց: Հասցնելով լավ ճանաչել նրան՝ պետք է ասեմ, որ նա կարող է շատ ավելին անել, քան այն, ինչ արեց այս նախագծում: Կարծում եմ՝ ի դեմս նրա լավ դերասանուհի ենք ունենալու»:

Հետաքրքրվելով, թե երկարատեւ աշխատանքից հետո Ալեքսանդր Բաբասյանը կհանգստանա՞, թե դադար չի վերցնի, պատասխանեց.

«Այո, վերջին գրեթե երկու տարվա ընթացքում շատ եմ հոգնել, քանի որ երբեք մատների արանքով չեմ նայել աշխատանքիս: Անկեղծ ասած՝ մտադրություն ունեի մինչ սեպտեմբեր չնկարահանվել, եւ այդ ընթացքում սեփական բիզնեսիս հարցերով զբաղվել եւ հանգստնալ, սակայն մի հետաքրքիր առաջարկ ստացա 25 մասանոց հեռուստաֆիլմում նկարահանվելու, եւ որոշեցի դա էլ անել, հետո նոր հանգստանալ: Այս նախագծից հետո՝ ամռանը կփորձեմ ընտանիքիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել»,- ավարտեց դերասանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Ելենա Արշակյանին մշտապես ասում եմ, որ ես եմ նրա հաջողության գրավականը. Ալեքսանդր Բաբասյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ