Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և Մոսկովյան փողոցը, փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը (թարմացվում է, լուսանկարներ)

08.50

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փակ են Մոսկովյան փողոցն ու Բաղրամյան պողոտան և կոչ արեց  համակիրներին պառկել ավտոբուսների դիմաց: Նա նաև նշեց, որ հիմա կարևոր գործողություն է անելու և սկսեց Բաղրամյան պողոտայով բարձրանալ: Այս պահին մոտենում են մեծ թվով ոստիկաններ: Սկզբում նրանց թիվը մեծ չէր, սակայն քիչ հետո եկան լրացուցիչ ոստիկանական ուժեր:

Նիկոլ Փաշինյանը միացրել էր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը, որ մարդիկ տեսնեն` ինչ է կատարվում: Կողքից լսվում են «միա-ա-ցեք» վանկարկումներ, «գործի չենք գնում», «դասի չենք գնում», «դա-սա –դուլ»:

Նիկոլ Փաշինյանը, ով կողմնակիցներին հրահանգում էր պառկել ավտոբուսների դիմաց, անձամբ դիմեց վարորդներին՝ հորդորելով անջատել մեքենաների շարժիչները և միանալ իրենց: Հետո Լենա Նազարյանին ասաց, որ հույսով գնում է ուրիշ փողոց փակելու:




Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ԱԺ «Ելք» Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հայտարարած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր առավոտյան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

Նրանք փորձել են մետրոյի գնացքի դռների արանքում կանգնել և այդպիսով դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքը, սակայն ոստիկանները նրանց դուրս են բերել մետրոյի կառամատույցից, իսկ ավելի ուշ նաև կայարանից։

Այս պահին նրանք փորձում են կրկին ներս մտնել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։

Ավելի ուշ մի խումբ ցուցարարներ պառկեցին գնացքի դռների արանքում՝ հայտարարելով, որ գործադուլ են անում։ Ոստիկաններ շարունակ փորձում էին մարդկանց դուրս բերել դռների արանքից, ի վերջո ոստիկանները կարողացան ցուցարարներին դուրս բերել գնացքի դռների արանքից և գնացքը բավական ուշացումով շարժվեց։









08.17

Նիկոլ Փաշինյանը ժամը 08.00-ին՝ նախապես հայտարարված ժամից 15 րոպե շուտ հայտարարեց, որ անում է իր քայլը և կոչ արեց քաղաքացիներին ևս միանալ իրենց, իջնել մեքենաներից, վարորդներին՝ կանգնեցնել իրենց մեքենաները և միանալ իրենց:

Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, որ իրենք այսօր ժամը 8.15 –ին կանեն իրենց քաղաքացիական անհնազանդության քայլը:

Բաղրամյան պողոտայի մոտ ցուցարարները շարք են կազմել: Այս պահին նստած են Բաղրամյան 1 հասցեում, և դեռ չկան նախանշաններ, որ փորձում են շարժվել դեպի Բաղրամյան փողոց:

Դավիթ Սանասարյանը քարշ տալով բերեց նստարան՝ որպես բարիկադ: Բաղրամյան պողոտան ամբողջովին խցանված է, մեծ ավտոբուսները փորձում են շրջադարձ կատարել և հեռանալ:

Ցուցարարները նոր նստարաններ են տեղափոխում դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամաս՝ որպես բարիկադներ օգտագործելու համար:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մետրոպոլիտենի աշխատողներին՝ գործադուլ անել: Այժմ նա  և Լենա նազարյանը, ովքեր գիշերել էին Ֆրանսիայի հրապարակում, նստած են 47 համար ավտոբուսի դիմաց:

Be the first to comment on "Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և Մոսկովյան փողոցը, փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը (թարմացվում է, լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ