«Երևանում վերջին տարիներին կառուցած բոլոր շինությունները շատ հստակ արտահայտում են այսօրվա գործող պետական համակարգի պատկերը»

 

Հարցազրույց ճարտարապետ Գարեգին Եղոյանի հետ

– Պարոն Եղոյան, ճարտարապետությունն արվե՞ստ է, թե՞ արհեստ:

– Ճարտարապետությունը արվեստ է, որն իր մեջ պարունակում է արհեստի տարրեր: Հենց այդ պատճառով է այն կրող մասնագետը կոչվում ճարտարապետ, այսինքն՝ բոլոր արհեստներն իր մեջ ներառող մասնագետ, բայց քանի որ ճարտարապետը կոչված է ստեղծելու կերպարներ, այն արվեստ է: Ամեն շենք ունի միայն իրեն հատուկ կերպար, ունի դեմք և ճանաչելի է: Այն արվեստ է նաև այն պատճառով, որ իրենից ներկայացնում է մի հայելի, որը հստակ արտահայտում է գոյություն ունեցող ժամանակաշրջանն իր բոլոր թերություններով ու առավելություններով՝ լինի բռնապետական, դեմոկրատական թե մեկ այլ գաղափարախոսություն որդեգրած պետություն:

– Դուք ասում եք, որ յուրաքանչյուր շենք մի հստակ կերպար է: Ի՞նչ կերպար ունեն վերջին տարիներին Երևանում կառուցվող շինությունները, եթե, իհարկե, դրանք կերպար ունեն:

– Այո, բոլոր շենքերն ու շինություններն էլ ինչ-որ իմաստով կերպար ունեն, միայն, ցավոք, Երևանում վերջին տարիներին կառուցած բոլոր շինությունները շատ հստակ արտահայտում են այսօրվա գործող պետական համակարգի պատկերը: Եթե նկատել եք, վերջին տարիներին Երևանում կառուցվող գրեթե բոլոր շենքերը ճակատային մասում ունեն կառուցված ֆրոնտոններ, որոնք ցույց են տալիս և ընդգծում են ուժեղ կենտրոնը: Դրանք ոչ թե տարածային, այսպես ասած, դեմոկրատական դրսևորումներ են, այլ հակառակը՝ շեշտված մի քիչ ստալինյան ոճի էլեմենտ:

Վերջին տարիներին փոխվեց անգամ Երևան քաղաքի կոնցեպտը՝ ելնելով նույն այս գաղափարախոսությունից: Ճարտարապետության մեջ կա մի տարր, որը հունարեն կոչվում է ֆրոնտոն, դա շինության եռանկյունի ճակատն է: Եթե նկատել եք՝ ցանկացած բարձրահարկ շինության գլխին այդ եռանկյունին է դրված: Սա կենտրոնի, սիմետրիայի առանցքն է:

– Ինչ-որ համակարգող մեկը կա՞, որ ժամանակակից Երևանի ճարտարապետության մեջ թելադրում է այդ ոճը կամ ճաշակը:

– Ոչ: Ոճ կամ ճաշակ համակարգող որևէ մեկը չկա, կան ցանկություններ: Յուրաքանչյուր ճարտարապետ ինչ-որ տեղ արտիստ է, նրան դժվար է ճարտարապետություն սովորեցնել: Նրան պետք է կառուցապատման այլ տեսակի պարամետրեր առաջարկվեն՝ կառուցապատման բարձրություն, կառուցապատման կարմիր գիծ և այլն: Իսկ թե դրանից հետո ճարտարապետն ինչպե՞ս կլուծի այդ հարցը, սա արդեն իր ստեղծագործական մոտեցումների խնդիրն է: Դա հնարավոր չէ համակարգել: Այլ բան, որ մեր քաղաքի այսօրինակ ճարտարապետական միօրինակությունը պատվիրատուի ցանկությամբ է, որտեղ նա գիտակցաբար կամ անգիտակցաբար ուզում է շեշտել սեփական ես-ը: Կրկին ցավով նկատում եմ, որ այսօրվա երևանյան ճարտարապետությունը մի քիչ պսեվդո ազգային նկարագիր ունի:

– Որտե՞ղ է թաքնված այդ սուտը:

– Այսօր շենքեր են կառուցվում, որով փորձում են կրկնօրինակել կամ ընդօրինակել թամանյանական ոճը կամ այդ ժամանակաշրջանը, որը, սակայն, անցել է: Մենք հիմա այլ ժամանակներում ենք և չենք փորձում անել այն, ինչ պահանջում է այսօրվա իրականությունը:

– Իսկ ո՞րն է այսօրվա խոսքը:

– Նախ, այսօրվա ճարտարապետական խոսքը շատ քիչ ներկայություն ունի մեր քաղաքում: Ընդօրինակելով թամանյանական ժամանակահատվածը, իրականում մենք արժեզրկում ենք դա, այնպես որ, երբ խոսում եմ սուտ ազգային ճարտարապետական մոտիվների մասին, դա նկատի ունեմ:

– Բայց այդ ժամանակահատվածն արդեն վաղուց նաև հետևողականորեն ոչնչացվում է մեր քաղաքի ճարտարապետական դիմագծից: Ուրեմն ի՞նչ նպատակ ունի՝ ընդօրինակել այն, ինչ քանդվում է:

– Ոչ, իրականում այդքան հետևողականորեն ոչնչացվում են ոչ թե թամանյանական ժամանակահատվածը, այլ դրան նախորդող 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին ստեղծված ճարտարապետության նմուշները: Շատ հստակ համառությամբ Երևանի կենտրոնը կառուցապատվում է Ալ. Թամանյանի և սովետական վերածննդի ճարտարապետության միաձուլումներով, որը ժամանակավրեպ է: Ամեն բան լավ է, երբ իր ժամանակի մեջ է: Փառք ու պատիվ մեր մեծագույն ճարտարապետ Ալ. Թամանյանին և իր ստեղծած դպրոցին, որ մեզ ժառանգեց իր պատկերացրած գեղեցիկ Երևանը, բայց այն մնացել է անցյալում, և այսօր կրկնելով նրա դպրոցը, արժեզրկում ենք նրան, չկարողանալով ցույց տալ, թե ինչի՞ է ընդունակ ժամանակակից ճարտարապետական միտքը:

– Գուցե մեր ժամանակակից ճարտարապետական միտքն այն է, ինչ կա՞:

–  Դե այն, ինչ կա՝ արդեն ժամանակավրեպ կրկնօրինակում է:

– Դուք մի առիթով ասել եք, որ մենք չենք կարողանում բացվել աշխարհին:

– Այո, և նորից եմ կրկնում: Մենք շատ դժվար ենք ինտեգրվում աշխարհին, մեր կոմունիկացիաները չեն աշխատում: Մենք շատ հետ ենք մնացել: Աշխարհն արդեն վաղուց ուրիշ արժեքներով է ապրում: Մենք ջանքեր պետք է գործադրենք, որ հասնենք այդ տեմպերին, բայց մենք համառորեն չենք մասնակցում այդ պրոցեսին՝ չենք մասնակցում միջազգային մրցույթներին, մեզ մոտ կառուցելու համար չեն գալիս միջազգային կարգի ու որակի խոշոր աստղեր, կամ շատ քիչ են: Ինչո՞ւ ես չեմ կարող գնալ դրսում կառուցել, դրսից գան՝ մեզ մոտ կառուցեն: Երբ ասում եմ՝ փակ ենք, սա նկատի ունեմ:

–  Երևանում կառուցապատման սկզբունքներն են խիստ տարերային: Քանդվում են պատմամշակութային հուշարձաններ և տեղում հայտնվում են ժամանցի կամ առևտրի կենտրոններ, հյուրանոցներ և այլն, ու որևէ մեկը դրա պատասխանատվությունը չի ստանձնում, էլ չեմ ասում, որ այս ամենն իրականանում է անպատժելիության մթնոլորտում: Ինչպե՞ս է դա հնարավոր:

– Սկսենք նրանից, որ քաղաքն անհնար է չզարգացնել, թեկուզ միայն այն պատճառով, որ այն կենդանի օրգանիզմ է ու անընդհատ կարիք ունի փոփոխվելու՝ մեծանալու, կառուցապատվելու, հարկայնությունը բարձրացնելու և այլն, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը պետք է կատարվի քանդման միջոցով: Հարցն այն է, թե ինչպես պետք է զարգանա: Առկա սահմանափակումների մեջ պետք է կարողանալ ստեղծել գրագետ ճարտարապետություն: Կարծում եմ, որ մեզ մոտ ընտրվեց ամենահեշտ ուղին՝ քանդելու հինը, կառուցելու նորը, որովհետև հինը պահպանելով՝ կառուցել նոր քաղաք, անհամեմատ շատ ավելի դժվար խնդիր է:

Վերջապես սա իր հետ բերում է նաև այլ վատ և անդառնալի հետևանքներ՝ ջնջվում է քաղաքի կենսագրությունը: Եթե մենք քաղաքը համեմատենք գրքի հետ, ուրեմն պետք է ասենք, որ ամեն մի շենք գրքի մի էջ է, և, եթե մենք պատռում ենք մեր քաղաքի պատմության էջերը, այն դառնում է կիսատ, անհասկանալի: Դե եկեք ու կարդացեք այդ գիրքն ու փորձեք հասկանալ, թե այն ինչպիսին է եղել: Ցավոք, սա մի բան է, որ վերականգնել այլևս հնարավոր չէ: Հավանաբար մենք չկարողացանք գնահատել այն, ինչ ունեինք:

– Մարսելի կենտրոնական Պարադի փողոցով քայլելիս զարմանքով հայտնաբերեցի, որ աշխարհահռչակ «Hugo Boss» ֆիրմայի խանութ-սրահը տեղակայված էր շատ «անշուք» մի շինության առաջին հարկում: Պարզապես պետությունն ու քաղաքապետարանը հավանաբար թույլտվություն չէին տվել փոփոխություններ կատարել այն կառույցի ճակատային հատվածում, որտեղ տեղակայված էր այդ ֆիրմային խանութը:

– Եվրոպայում սա շատ հստակ մոտեցում և գիտակցություն է: Սկսենք նրանից, որ հենց նրանք՝ եվրոպացիները, չեն նախաձեռնի քանդել այն, ինչ այս կամ այն կերպ կապ և առնչություն ունի իրենց մշակույթի և պատմության հետ: Այս մոտեցումը Եվրոպայում այն մակարդակի է հասել, որ արդեն պետությունը չէ, որ պետք է արգելի՝ քանդել մշակութային կամ պարզապես պատմական տարրեր պարունակող շինությունը:

Օրինակ, Բեռլինը, որ մեծ եվրոպական քաղաք է, որտեղ, եթե դու որոշում ես սրճարան բացել, ու քեզ հատկացնում են որևէ մի տեղ, ուր պատերազմից հետո մնացած ներկ, սվաղ, պաստառ կամ նույնիսկ որևէ նշան կա, նա երբեք որևէ կերպով չի միջամտի այդ ինտերիերի կամ էքստերիերի փոփոխությանը: Նա ամենաբարձրակարգ որակներով կկազմակերպի ու կմատուցի իր սրճարանային ծառայությունները հենց այդ միջավայրում, որովհետև քաղաքակիրթ աշխարհում միջավայրը միշտ ավելի թանկ ու արժեքավոր է եղել, քան մնացյալը:

– Ինչպիսի՞ն է այսօր հասարակության վերաբերմունքը ճարտարապետի մասնագիտության նկատմամբ:

– Կարծում եմ՝ Հայաստանում այս մասնագիտությունը դեռ կայացած չէ:

– Բայց, որքան գիտեմ, սովետական տարիներին ճարտարապետ լինելը մեծ պատիվ էր համարվում:

– Այո, և այդպես էր, որովհետև նախևառաջ՝ այդ տարիներին շուկան էր հսկա և մեծ, և դու այդ շուկայի մի մասն էիր: Հետո այնտեղ համակարգն էր այլ՝ պատվիրատուի ինստիտուտ չկար: Պատվիրում էր միայն պետությունը: Դու չէիր տեսնում որևէ մեկին, որ կգար, քեզ շենք կպատվիրեր: Պատվերը երկնքից իջնում էր քեզ վրա, դու էլ նախագծում ու հանձնում էիր նույն ճանապարհով հետ՝ երկնքին: Հիմա պատվիրատուները շատ կոնկրետ մարդիկ են, որոնք քեզ ասում են՝ ես ունեմ այսքան գումար, և դու պետք է կառուցես այն, ինչ ես եմ ուզում: Քանի որ շուկան այսօր Հայաստանում շատ փոքր է, հետևաբար՝ փոքր են նաև աշխատանքի ծավալները, ճարտարապետը ստիպված անում է այն, ինչ պատվիրում են: Շատ քչերը կլինեն, ովքեր կպայքարեն իրենց մտքերի ու պատվիրատուի կողմից առաջարկված այս կամ այն սխալ կամ անընդունելի պատվերը որոշակիորեն փոփոխելու համար: Նրանք համաձայն են ամեն ինչի:

– Անդրադառնանք նաև ձեր հեղինակած «Ժամանակակից առանձնատներ Հայաստանում» գրքին և ներկայացված տասն առանձնատների ստեղծման պատմությանը:

– Այո, գիրքը ներկայացնում է միայն իմ կողմից նախագծված տասն առանձնատների պատմությունը, որովհետև դա հրատարակչի՝ գերմանական «DOM Publishing»-ի պայմանն էր, որին ես դեմ չէի: Անդրադառնալով այդ առանձնատների ստեղծման պատմությանը՝ պետք է ասեմ, որ դրանք բոլորը մասնավորի կողմից առաջարկված պատվերներ էին, և շեշտեմ նաև, որ այնպես չէր, թե դրանք արվեցին ճիշտ այնպես, ինչպես սեփականատերերն էին ցանկանում տեսնել: Դա երկար և դժվար պայքար էր՝ հասցնել նրան, որպեսզի ծնվի երկկողմանի համաձայնությամբ կառուցված, բայց նաև բոլոր առումներով ճարտարապետորեն գրագետ և միջավայրին համահունչ շինություն:

Շատ հաճախ պատվիրատուն բոլորովին այլ պատկերացումներով ու սպասելիքներով է գալիս քեզ մոտ: Լսելով քո առաջարկությունները՝ նրանք սկզբում նաև շոկի մեջ են հայտնվում, բայց դու պետք է կարողանաս մինչև վերջ պաշտպանել քո տեսակետը՝ համոզել ու ապացուցել, որ գրագետ և ճիշտ մոտեցումը հենց նա է, ինչ առաջարկում է մասնագետը: Արդյունքում՝ պետք է ասեմ, որ բոլոր տասն առանձնատների սեփականատերերը հիմա երջանիկ ու գոհ ապրում են իրենց տներում:

– Կարծեմ, երբ գրքի հրատարակման առաջարկով դիմել էիք գերմանական հրատարակչին, սկզբում մերժել էին՝ պատճառաբանելով որ Արևելյան Եվրոպայի հետ գործ ունենալ չեն ցանկանում և հատկապես հետխորհրդային երկրների ճարտարապետությամբ հետաքրքրված չեն: Ինչո՞վ էր պայմանավորված նրանց այդ դիրքորոշումը:

– Այո, նրանք հետաքրքրված չէին պոստ-սովետական երկրների ճարտարապետությամբ, ասելով, որ, որքան տեղյակ են, այդ երկրներում այնպիսի կառույցներ չեն ստեղծվում, որոնք հետաքրքրություն կառաջացնեն իրենց մոտ՝ ալյա իտալական պատանման շինություններով, և այլն: Ես հասկացա, որ նրանց առավել հետաքրքրում էր Սովետական Միության տարիներին ստեղծված ճարտարապետությունը: Արդեն համակերպվել էի, որ նրանց չի հետաքրքրի նաև այն առանձնատները, որոնք ես էի նախագծել, բայց երբ մոդելը ցույց տվեցի՝ չէին հավատում, որ այսպիսի շինություններ այստեղ ևս կան:

– Ինչո՞ւ ժամանակակից Երևանում համարձակ և ճաշակով շինություններ, ի վերջո, չեն ստեղծվում:

– Հասանք արվեստին… որովհետև, եթե դուք ուզում եք ստեղծել այնպիսի մի գործ, որը նաև կհավակնի լինել արվեստի նմուշ, ուրեմն, կոպիտ ասած՝ պետք է արվեստում «հանցանք» կատարեք: Սա իրականում շատ դժվար խնդիր է, որը պետք է հաղթահարել: Ուրեմն, վաղուց արդեն ժամանակն է դադարել վախվորած ու անընդհատ կրկնվող ինչ-որ բաներ անել, ու փոխարենը՝ «հանցանք» կատարել, որպեսզի արվեստին համարժեք արդյունք  ստանաս:

Ճարտարապետական միջավայրի մեջ պետք է մտնել համարձակ, բայց միաժամանակ՝ տակտի լիարժեք գիտակցումով՝ հաշվի առնելով հարևանությամբ առկա շինության բարձրությունը, մարդուն, ով այնտեղ ապրում է, նրա նախասիրությունները, ճանապարհը, որով ինքն ամեն օր անցնում է, ընդհուպ՝ մինչև մեքենաները, որոնք հարևանությամբ կանգնում են: Ճարտարապետությունը հենց դա է:

– Վատիկանի պարտեզներում հանդիսավոր կերպով բացվեց քանդակագործ Դավիթ Երևանցու «Գրիգոր Նարեկացի» բրոնզաձույլ արձանը: Ձեզ այն դո՞ւր է եկել:

– Ես չեմ ուզենա քննադատի աչքերով նայել այդ արձանին, փոխարենը՝ կասեմ, որ ինձ երևույթը շատ դուր եկավ, այն, որ դա գնահատվեց: Ինչ վերաբերում է հենց քանդակին, պետք է ասեմ, որ ինձ այնքան էլ դուր չեկավ: Միգուցե դեռ չեմ մարսել, գուցե ավելի երկար ու հատկապես՝ իրականության մեջ նայեմ ու կարծիքս փոխեմ, բայց այս պահին այսքանը կարող եմ միայն ասել:

Be the first to comment on "«Երևանում վերջին տարիներին կառուցած բոլոր շինությունները շատ հստակ արտահայտում են այսօրվա գործող պետական համակարգի պատկերը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ