Երթի մասնակիցները մտել են Հանրային ռադիո, Փաշինյանը ղեկավարության հետ քննարկում է ուղիղ եթեր ապահովելու հարցը (լուսանկարներ, թարմացվում է)

16.01

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը գնաց ղեկավարության հետ պայմանավորվելու, թե պատրաստ են արդյո՞ք եթեր տրամադրել Նիկոլ Փաշինյանին` ուղերձ հղելու համար: Դրանից հետո, սակայն, Հանրային ռադիոյում էլեկտրաէներգիան անջատեցին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ուղիղ եթեր ապահովող լրագրողների միջոցով Հանրային ռադիոյի ստուդիայից ուղերձով կդիմի ՀՀ ժողովրդին: Նա կարճ ժամանակ խնդրեց ուղերձ պատրաստելու համար:

15.53

Հանրային ռադիոյի շենքում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը և նախ նշեց, թե ինչու են դուռը կոտրել: Այնուհետև, դիմելով Փաշինյանին, հարցրեց. «Երբևէ Ձեզ խոսքի իրավունքից, կամ տեղեկատվության տարածման իրավունքից այս հիմնարկը զրկե՞լ է»:

Լիլիթ Թումանյանն ասաց`քանի որ երբեք որևէ քաղաքական ուժի չեն զրկել եթերից և կարծիքի արտահայտումը չեն սահմանափակել, առաջարկում է անել նույն բանը և ժամը 19:

00-ի հաղորդմանը մասնակցել:

Փաշինյանը հրաժարվեց և պահանջեց հիմա ուղիղ եթեր ապահովել: Լիլիթ Թումանյանն առաջարկեց, որ հիմա բոլոր դուրս գան և եթեր ապահովեն հարցազրույցի տեսքով:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ընդամենն ուղերձ ունի, որը ուզում է հենց հիմա ուղիղ եթերով փոխանցել:
Լիկա Թումանյանն ասաց, որ չեն կարող անմիջապես ապահովել ուղիղ եթեր, քանի որ եթերացանցը պետք է բնականոն հունով գնա, հակառակ դեպքում կստացվի արտակարգ իրավիճակ:


15.43

Հանրային ռադիոյի շենքի ներսում, ստուդիաներից մեկում Նիկոլ Փաշինյանը նախ խնդրեց, որ իրենց եթեր տրամադրեն, որը չստանալով,  լրագրողների ներկայությամբ հայտարարություն արեց:

Նա նախ ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից՝ լինեն ռադիոյի աշխատակից, թե ոստիկան, որոնց անհանգստություն են պատճառել:

«Սա բաց ձեռքերի մարտավարության երկրորդ կարևոր նվաճումն է: Տեսաք, որ հարգելի ոստիկանը զենքը ձեռքին լիցքավորած պարզեց ինձ վրա, ես ոչ մի բառով չվիրավորեցի, ոչ մի վնասվածք չպատճառեցի, թթու խոսք չասացի, ասացի որ, եթե պետք է կրակես՝ սպանես, ուրեմն կրակի սպանի: Եվ մենք այստեղ ենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրենց ակցիաները շարունակվում են մնալ խաղաղ: «Որևէ մեկին որևէ վնաս տալու մտադրություն չունենք»,– ասաց նա՝ ավելացնելով, որ շարունակելու են բաց ձեռքերի քաղաքականությամբ ՀՀ քաղաքացիներին ազատագրել ՀՀԿ-ի գերությունից։

Նա նաև անձամբ ոստիկանից ներողություն խնդրեց իրենց գործողության ու անհարմարության համար: «Բայց ուզում եմ բաց աչքերով ասել, որ սրանով պայքարում ենք շատ ավելի մեծ անհարմարության դեմ, ժողովրդավարության և պետության կորստի դեմ»:

«Խնդրում եմ հանգիստ ձևով շենքի տարածքը լքել»,-պահանջեց ոստիկանը:

Նիկոլ Փաշինյանը նաև հեռախոսով խոսեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ և խնդրեց իրենց ուղիղ եթեր տալ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ուղերձով դիմի:

Մերժում ստանալով, նա խնդրեց, որ մտածի իր ասածի շուրջ:


15.23

Սայաթ-Նովա փողոցում մեկնարկած երթի մասնակիցները երթուղուց շեղվեցին: Նրանք ՀՀԿ կուսակցության ինչ–որ ներկայացուցիչ նկատեցին, ում հետևից վազելով մտան Հանրային ռադիոյի շենք:

Ցուցարարները ձեռքերը վեր պարզած բարձրանում են Հանրային ռադիոյի շենքի աստիճաններով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել, նույնիսկ զենք են պահել իր վրա, բայց իրենք առաջ են շարժվում:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց որևէ բանի ձեռք չտալ: Նկատելի է, որ դուռ է կոտրվել:

Այս պահին նրանք մտնել են ռադիոյի ստուդիաներից մեկը:



15.03

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց նախատեսված հանրահավաքը: Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ  Ծաղկաձորում ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց բոլոր նրանց, ովքեր ժամը 16։30-ին Ավանի Հարսնաքար ռեստորանի դիմացի մայթից պետք է ավտոերթով մեկնեին  դեպի Ծաղկաձոր՝ չգնալ, քանի որ իրենք ավտոերթ կանեն Երևանում: Նա հորդորեց հավաքվել Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում:

«Մի գաղափար կա, ավտոերթ անել՝ «փնտրում եմ ՀՀԿ-ին» կարգախոսով»,– ասաց նա՝ կոչ անելով ՀՀԿ ներկայացուցիչներին ասել իրենց կոորդինատները, քանի որ ցանկանում ենք շրջափակել նրանց։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ իր հայտարարությանը, որն ըստ նրա՝ հանրության շրջանում լայն արձագանք է գտել:

«Համերաշխության ձեռք եմ մեկնում ՀՀ-ի  բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին: Հարկ եմ համարում  նորից այդ հայտարարության դետալները կրկնել, որովհետև այո՛, հաճախ իրար դեմ ենք խոսել, սուր ենք խոսել, իրար հասցեին վատ արտահայտություններ ենք արել, ներե՛ք այդ ամեն ինչը, ոչ թե հանուն իրար, այլ հանուն այստեղ կանգնած և եկող ժողովրդի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևորը այս գործընթացում համերաշխություն ապահովելն է: Հանրահավաքի կազմակերպիչն ասաց, որ հիմա երթ կանցկացնեն՝ ցույց տալու միասնությունը, հանրայնացնելու համերաշխությունը:

Ֆրանսիայի հրապարակից երթը մեկնարկեց: Ցուցարարները շարժվեցին Սայաթ-Նովա փողոցով` հայտարարելով, թե ՀՀԿ–ական են փնտրում` շրջափակելու:

Իսկ մինչ այդ Փաշինյանը ասաց, թե հանրահավաք կանցկացնեն Ֆրանսիայի հրապարակում, ժամը 18:30-ին, որի ժամանակ կհնչեն ելույթներ:


14.22

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ 14:00-ին հանրահավաքը մի փոքր հետաձգվում է, քանի որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել:

«Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, քննարկենք ու սկսենք: Պլաններում որոշակի փոփոխություններ կան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ մինչ այդ ցուցարարները նախատեսում էին ժամը 16։30-ին Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտից ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր:

Հարցին, թե անսպասելի էր նրանց համար, որ ՀՀԿ ԳԽ նիստը շուտ է սկսել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անսպասելի չէր, որովհետև, երբ իրենք ասել էին, թե ՀՀԿ ԳՄ շենքը շրջափակելու են, ՀՀԿ-ականները գնացին Ծաղկաձոր։ Իսկ, երբ ասացին, որ Ծաղկաձոր են գնալու, մինչև իրենց գնալը նիստն ավարտեցին արագ:

«Այդքան զուգադիպություններ չեն լինում, ինչո՞ւ են առավոտ գիշերով անում»,-ասաց Փաշինյանը:

13.41

Հանրահավաքի մասնակիցներն օրվա երկրորդ կեսին ծրագրում են գործողություններ իրականացնել. նախատեսվում է երթ` Երևանում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում մինչ ժամը 14:00-ն հայտարարված հանրահավաք սկսելը, իր իսկ խոսքով` «հումորային ֆլեշմոբ» անցկացրեց, հիշեցնելով, որ իրենց հավաքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ է:

Նա տեղեկացրեց, որ հանրահավաքից հետո` ժամը 16։30-ին, Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտից ավտոերթ է մեկնարկելու դեպի Ծաղկաձոր: Իրենց տեղեկություններով`Ծաղկաձորի «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրում ՀՀԿ-ն կանցկացնի խորհրդի նիստ, որտեղ պետք է առաջադրվի վարչապետի թեկնածուն:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ օրվա երկրորդ կեսին ծրագրում են գործողություններ իրականացնել, նախատեսվում է երթ անցկացնել Երևանում, բայց չնշեց, թե ինչ երթուղով:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքին նա ասել էր, որ երթով շարժվելու են դեպի Մելիք-Ադամյան` ՀՀԿ-ի գրասենյակ:

12։40

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Azatutyun.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանության հայտարարություններին ասաց, որ ինքն ամբիոնից ներողություն է խնդրել հայրենակիցներին` անհարմարություն պատճառելու համար: «Բայց ՀՀԿ-ի գոյությունն ավելի մեծ անհարմարություն է առաջացնում, և  փոքր անհարմարությամբ մեծ անհարմարություն վերացնելը հարգելի պատճառ է: Մենք ցածրացրել ենք երաժշտությունը և ամեն ինչ արել ենք, որ հարակից շենքերի բնակիչներին չանհանգստացնենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է խոսել ոչ թե օրենքի, այլ իրավունքի մասին: «Քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու իրավունք ունեն, իրավունքն է գերակա օրենքի նկատմամբ: ՀՀԿ-ն, կնոպկա սեղմելով, ամեն օրենք էլ կարող է ընդունել»,-շարունակեց Փաշինյանը։

Պատգամավորն ակնկալում է, որ այսօր եռակի ավել կլինի հանրահավաքի մասնակիցների թիվը։ «Ազատության հրապարակը աննախադեպ էր, սակայն չենք կարող ասել, որ կրիտիկական զանգված կա, եթե այդ կրիտիկական զանգվածը լինի, ես երաշխավորում եմ, որ իշխանափոխություն կլինի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն էր իրենց այցելել: «Րաֆֆի Հովհաննիսյանը իր քայլը անում է, զորակցում է այս գործընթացին, կարծում եմ, որ առիթ կունենա իր խոսքն ասելու»,-ասաց նա և նշեց, որ ուրախ էր տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին:


11։11

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության նախաձեռնությունը նախատեսում է անցկացնել ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր, որտեղ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչ այդ տեղի կունենա հանրահավաք, ապա 16.30-ից կմեկնարկի ավտոերթ:

«Դուք տեղյակ եք, որ մենք հայտարարել էինք, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մտադիր ենք շրջափակել գրասենյակը: Բայց, մեր այս հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդն արտագաղթել է դեպի Ծաղկաձոր: Մեր պլանները դրանից փոխվել են, բայց մի քիչ: Այսօր պետք է հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա խորհրդի նիստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ունեն մեքենա միանալ իրենց: «Պետք է շատ հզոր ավտոերթ լինի: Շչակները ստուգեք, որ չփչանան ու տրամադրվեք գնալ դեպի ոսկե պալատ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը  Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաք–նստացույցի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Կոնֆլիկտը ծագել է Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում:

«Մասշտաբը չեմ կարող գնահատել, փոքր ծեծկռտուք է տեղի ունեցել կամ գուցե ավելի մեծ: Ես ուզում եմ հստակ արձանագրել հետևյալը, որ ցանկացած ոք, եթե որևէ պատճառով բռնություն է գործադրում որևէ մարդու նկատմամբ, այդ մարդը չի կարող համարվել մեր ցույցի և մեր շարժման մասնակից: Մենք ասել ենք, որ մեր գործողություններում պետք է բացառենք բռնությունը: Ոստիկանությունը, իշխանությունը կարող է 1000 մարդ ուղարկել խմած-չխմած, նրանք կարող են գալ այստեղ, լկտի պահել իրենց, ամենավերջին հայհոյանքները տալ,  ցանկացած գործողություն անել, բայց ես ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի՝ որևէ պարագայում, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացվելու:

Առավոտյան, սակայն, իրավիճակը հանգիստ էր Ֆրանսիայի հրապարակում:

Հրապարակ շարունակում է շրջապատած մնալ նստարաններով, ինչն այդտեղ է բերվել հարակից փողոցներից։ Ցուցարարները նաև բերել են վառարան, խմելու ջուր, սնունդ։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ երթևեկության համար։

Առավոտյան ցուցարարներն արդեն տարածքն էին մաքրում։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը երեկ երեկոյան հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ցուցարարներին բացատրում էր, թե ինչ պետք է անել, երբ ոստիկանությունը սկսի ցրել ցուցարարներին:








Հակոբ Ասլանյան

Be the first to comment on "Երթի մասնակիցները մտել են Հանրային ռադիո, Փաշինյանը ղեկավարության հետ քննարկում է ուղիղ եթեր ապահովելու հարցը (լուսանկարներ, թարմացվում է)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ