Ղարաբաղում՝ զորամասերից մեկում սպան զինվորի է բռնաբարել

 

Այս մասին Forrights.am-ին պատմեց զինծառայողի մայրը: «Տղաս զորակոչվել է հունվարի 15-ին: Առաջին զանգը ամսի 18-ին ա եղել, արդեն Մարտակերտում էր: Ասեց՝ մամա ջան, ես էս ինչ տեղն եմ, երկրորդ անգամ զանգեց, դեռ կարանտինի մեջ էր՝ բա, մամա, արի ինձ փրկի»: Մի քանի անգամ որդին զանգել է և օգնության է կանչել մորը, սակայն, չի պատմել, թե ինչ է կատարվել իր հետ: Զինվորական երդման օրը մայրը տեսել է որդուն: «Նեղված վիճակում էր։ Ասում եմ՝ բալես, ինչ ա եղել, չի ասում, մենակ ասում է՝ օգնի ինձ: Ախր, ինչ ա եղել, իմանամ, որ օգնեմ: Վերջը երկու օր անց մի կերպ պատմեց, որ իր անմիջական հրամանատարը իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա, 4-ից 5 օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել»:

Զինվորի մայրը պատմում է, որ բռնաբարությունները պարբերաբար բնույթ են կրել: «Դրանից հետո էլի եղել է մի 4-5 անգամ: Ինձ ասում էին՝ երեխեդ կապված ա քեզ, դրա համար նվնվում ա», — պատմում է նա: Բղավելով է խոսում, դեպքի մասին հիշելով, կարմրում է, շնչակտուր է լինում: «Փաստորեն, տղաս էդ վիճակով «պրիսյագ» է ընդունել փետրվարի երեքին: Ինձ ասեց՝ մամա ջան, ես չգիտեմ, ոնց եմ ապրելու, հիմա դու կթողես, կեթաս, ինքը ինձ կսպանի», — ասում է զինվորի մայրը: Որդին նրա աչքին ճնշված, վախեցած տեսք է ունեցել: Մայրը որդուն անմիջապես տարել է զորամասի հրամանատարի մոտ: «Ասեցի՝ տղա ջան, լրիվ պատմում ես: Ես դուրս եկա սենյակից, չէի կարող լսել», — ասում է կինը: Հրամանատարը զարմացել է, որ նման բան կարող էր տեղի ունենալ: «Մենք բոլոր զինվորներին մեր երեխեքի չափ ենք սիրում», — ասել է նա: Հայաստանի քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցված սեքսուալ բնույթի գործողություններ իրականացնելու փաստով:

Զինծառայողը տուժող է ճանաչվել: Նրան ապօրինաբար, առանց որևէ իրավական հիմքի փետրվարից մինչ օրս պահում են ռազմական ոստիկանությունում, իսկ բռնարարքի մեջ կասկածվող կապիտանը ազատության մեջ է և շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները: Տեղեկանալով, որ որդին պահվում է ռազմական ոստիկանությունում, մայրը փետրվարի կեսին նամակով դիմել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, հայտնել է նրան դեպքի մասին, պահանջելով որդուն ռազմական ոստիկանությունից անհապաղ հանել և տեղափոխել Հայաստան, սակայն մինչ օրս նախարար Վիգեն Սարգսյանը չի պատասխանել զինվորի մորը: Փաստ է, որ նախարարը գիտի դեպքի մասին, տեղյակ է, որ զինծառայողին անօրինական ձևով պահում են ռազմական ոստիկանության մեկուսարանում, և ոչինչ չի ձեռնարկել, նշում է forrights.am-ը:

Տեղյակ լինելով այս ամենին՝ նախարարը հանցավոր անտարբերություն է ցուցաբերում: Կապիտան Գ-ն ժխտում է սեռական բռնությունների մասին տեղեկությունը, երդվում է երեխաների և ծնողների արևով: «Իմ 28 տարվա կյանքում սա ամենաանհեթեթ թեման է: Եթե ճանաչեիք իմ ընտանիքին, իմ ծնողներին, իմ ընկերներին, դուք հիմա կգայիք, որ ինձ հետ ծանոթանայիք», — ասաց նա forrights.am-ի հետ հեռախոսազրույցում: Եթե այդպես է, ինչո՞ւ էր պետք այդ տղային ձեզ անվանարկել, նորակոչիկ, մի քանի օր բանակում ծառայած, ի՞նչ նպատակ էր հետապնդում: Forrights.am-ի այս հարցը Գ-ին հանեց հունից: «Ես տղա չեմ անվանի նրան, եթե մի տղա, որը ի ծնե տղա է, տղան միայն օրգանիզմի հատկանիշներով չի որոշվում, ի վիճակի է նման մեղադրանքներ ներկայացնել…Ես շատ խիստ եմ իմ վաշտի զինվորների հետ: Նա ամեն ինչ կարող էր ասել, բանակային ծառայության դժվարություններից խուսափելու համար»:

Meganews.am-ը դեպքի մասին մանրամասներ պարզելու նպատակով կապվեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանի հետ, ով պաշտպանում է զինծառայողի շահերը: «Իմ վստահորդը դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել հանցագործության մասին և գտնվելով ռազմական ոստիկանությունում փոխել է իր նախնական ցուցմունքը, հերքել է նախորդ ցուցմունքներում հայտնածը, և առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի հանգամանքներում նա կարող էր փոխել իր ցուցմունքները»,-ասաց Հայարփի Սարգսյանը: Փաստաբանը հրաժարվեց այլ մանրամասներ հրապարակելուց, քանի որ անհանգստանում է իր վստահորդի կյանքի և անվտանգության համար: «Ես ավելի լուրջ եմ վերաբերվում այս գործին և հարկ եղած դեպքում վարույթն իրականացնող մամնին կուղարկեմ ապացույցները, ոչ թե Արծրուն Հովհհանիսյանին»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ դեպքի իսկությունը հաստատող փաստերն ու ապացույցները ավելի քան խոսուն են:

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/8464

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Ղարաբաղում՝ զորամասերից մեկում սպան զինվորի է բռնաբարել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ