Հարս ու տալ բիզնեսում կարծրատիպեր են կոտրում․ Գյուլի և Լիզա Մարաբյաններն՝ իրենց հաջողության մասին

Wnews.am-ը գրում է․ Հայ իրականության մեջ սովոր ենք հարս ու տալ հարաբերությունները դիտարկել զուտ ընտանեկան ֆորմատում. ցավոք ոչ միշտ են դրանք լինում ջերմ ու ընկերական։ Իսկ երբևէ ձեր մտքով անցե՞լ է, որ հարս ու տալ կարող են միասին հաջող բիզնես վարել. եթե ոչ, ապա Գյուլի և Լիզա Մարաբյանները հիանալի օրինակ են։
Երիտասարդ, նպատակասլաց ընկերուհիները, ովքեր հետո դարձան հարս ու տալ, ավելի քան 10 տարի առաջ իրենց ուժերով հիմնեցին մայրաքաղաքի լավագույն անգլերենի մասնագիտացված ուսումնական կենտրոններից մեկը՝ «English house»-ը։
Նախորդ հարցազրույցում Գյուլի Մարաբյանը պատմել էր ուսումնական կենտրոնի հիմնելու, դրա առավելությունների մասին։ Այս անգամ Գյուլիի և Լիզայի հետ զրուցել ենք իրենց ոչ ստանդարտ գործընկերային հարաբերությունների, ուսումնական կենտրոնում իրականացվող ծրագրերի ու վերջին ձեռքբերումների մասին։
-Եթե շատ դեպքերում հարս ու տալ իրար մասին բամբասում են, դուք միասին ընտանեկան բիզնես եք վարում։ Հետաքրքիր է, ընտանեկան հարաբերություններն ինչպե՞ս են ազդում ձեր աշխատանքի վրա։
Գյուլի. -Երբ ես ու հարսիկս՝ Լիզա Մարաբյանը, նոր էինք հիմնում ուսումնական կենտրոնը, այդ ժամանակ մոտ ընկերուհիներ էինք։ Լիզային ընդունում եմ ոչ թե որպես հարս, ընկերուհի կամ գործընկեր, այլ որպես հարազատ քույր։ Մենք թե’ ընտանիքում, թե’ գործնականում իրար լավ ենք հասկանում, երբևէ տարաձայնություններ չենք ունենում։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հասել ենք նման հաջողությունների։
Լիզա. Աշխատանքում մենք իրար ասես լրացնում ենք։ Գյուլին սիրում է աշխատել երեխաների հետ, ես՝ մեծահասակ ուսանողների։ Անգամ այդ հարցում ենք իրար լրացնում։ Գործնականում միշտ իրար թև ենք տալիս, հավատում դիմացինի ուժերին, ոգևորում, մոտիվացնում։ Գործնականում ինձ միշտ թվում է, որ Գյուլին ավելի ճարպիկ է, ճկուն թղթաբանական հարցերում, գործընկերային հարաբերություններում, այդ պատճառով գործի այդ մասն իրեն եմ վստահում։
-Հետաքրքիր է, արդյո՞ք չեն փորձում ձեր միջև արհեստական լարվածություն ստեղծել։
Գյուլի. Նման դեպքեր էլ են լինում. ուսանողները մեկս մյուսի մասին սխալ ինֆորմացիա են փոխանցում, բայց դրա լուծումն էլ ենք գտել. պարզապես շատ արագ իրար հետ կապ ենք հաստատում, պատմում եղելությունն ու իրարից ճշտում ինֆորմացիայի հավաստիությունը։ Մենք իրար չափազանց շատ ենք վստահում, ուստի պրովոկացիաների չենք ենթարկվում։
-Տեղյակ եմ, որ English house-ը նախորդ տարի շատ ձեռքբերումներ ունեցավ։ Կպատմե՞ք դրանց մասին։
Լիզա. 2017թ. փետրվարից English house ուսումնական կենտրոնը հանդիսանում է PTE-ի (person test) լիազորված կենտրոն, որը համընդհանուր ճանաչում ունի և ընդունված է բազմաթիվ երկրներում գործատուների և ազգային կրթական իշխանությունների կողմից՝ որպես անգլերեն լեզվի պահանջվող մակարդակի ապացույց: Ինչպես նաև այս որակավորման շնորհիվ 6-13 տարեկան մեր երեխաները ստանում են բարձրակարգ դպրոցներ ընդուվելու լայն հնարավորություն։ Միջազգային կրթական համակարգի չափորոշիչների ուսուցումը երաշխավորում է աշակերտների անկաշկանդ ներգրավումն արտասահմանյան համալսարաններում։
-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում այժմ ուսումնական կենտրոնում։
Գյուլի. Այս տարվա ամռանը մենք ծրագրում ենք բացել մեր «English House kids» քոլեջը, որը նախատեսում է ընդգրկել 3-6 տարեկան երեխաներին։ Այժմ Երեւանում կան բազմաթիվ նախակրթարաններ, մենք ցանկանում ենք տարբերվել դրանցից տարբեր առարկաները հայերենին համընթաց դասավանդելով անգլերեն։ Այն, հավանաբար, կլինի այլ տարածքում։
Լիզա. Ի լրումն, ուզում ենք տեղեկացնել մեր հետեւորդներին, աշակերտներին եւ ուսանողներին, որ այս տարի մենք կազմակերպում ենք ամառային դպրոց՝ խմբակային ուղեւորություն դեպի Անգլիա։ Ի դեպ, սա շատ ուրախալի լուր է մեր սովորողների համար՝ հատկապես երեխաների, ովքեր առանձնակի ոգեւորությամբ ու լրջությամբ են մոտենում լեզվի ուսուցմանը, քանի որ սա դարձել է մեկ այլ մոտիվացիայի աղբյուր նրանց համար։ Բոլոր շրջանավարտները կստանան հավաստագիր, բացի ուսումնական ծրագրից նրանց համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ, ինչը անմոռանալի հիշողություններ կստեղծի։
Գյուլի. Հիմա նաեւ ունենք մի այնպիսի հետաքրքիր ծրագիր երիտասարդ անգլերենի մասնագետների համար, ովքեր չունեն դասավանդման փորձ։ Մայիսին տեղի կունենա մեր երիտասարդ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որտեղ մենք կկիսվենք մեր մասնագիտական փորձով։ Այն կունենա ինտերակտիվ բնույթ։
-Տեղյակ եմ, որ ուսումնական կենտրոնում հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ, որոնցում ակտիվ մասնակցություն են ունենում ուսանողները։ Դրանցից մեկն էլ Սուր Զատկին նվիրված միջոցառումն էր։

Գյուլի. Այո, քանի որ մենք առաջին ազգն ենք, որն ընդունել է քրիստոնեությունը, որոշեցինք, որ սա ճիշտ առիթն է ներկայացնելու Սուրբ Զատիկը։ Մեր հանդեսը կազմված էր երկու մասից՝ Հիսուսի ծնունդը եւ  հարությունը։ Բեմադրության մեջ փորձեցինք փոքրիկներին եւ պատանիներին միացնել իրար եւ կազմակերպել մի հանդես, որտեղ նրանք կներկայացնեն այն ամենը, ինչ սովորել են այս ընթացքում։ 5-7, 8-13 տարեկան երեխաները ամբողջովին անգլերենով ներկայացրին բեմադրությունը ոչ միայն խոսքերով, այլ Քրիստինա Ավագիմյանի բեմադրած պարով։ Հպարտ ենք, որ կրթում ենք մի սերունդ, որը վաղը կերտելու է մեր ապագան։ Նրանցից յուրաքանչյուրը վաղը դառնալու է մեծ կոչման տեր մարդ, քանի որ ունի հավատ, ապագայի հանդեպ հույս ու ցանկություն։

-Երկար տարիներ գործունեություն ծավալելով կրթական ոլորտում՝ ի՞նչթերություններ, բացթողումներ եք նկատում այս ասպարեզում։

Լիզա. Անկեղծ ասած՝ վերապահորեն եմ մոտենում հանրակրթական դպրոցներում անգլերենի դասավանդմանը։ Հոդվածներիցս մեկում անդրադարձել եմ դասագրքերի քննարկմանը, թերություններին, բացթողումներին։ Տարրական դպրոցները հիմնականում բաժանվում են երկու մասի՝ ըստ դասագրքերի ուսուցման: Մեկում դասավանդում են հայ մասնագետների կողմից մշակված դասագրքով, մյուսում՝ ռուս հեղինակ Վերեշչագինայի կողմից գրված դասագրքով: Շատերն ասում են, որ այն լավ դասագիրք է, քանի որ անգլերենի խորը գիտելիքներ է տալիս։ Ես մանրամասն ուսումնասիրություններ կատարելով՝ եկա այն եզրահանգման, որ Վերեշչագինայի դասագրքի տեքստերում գերակշռում է պատմողական ոճը, ուստի ավելի քիչ են հաղորդակցման կաղապարները: Մեր տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ մեթոդով երեխաները գուցե կարողանում են լավ գրել, բայց չեն կարողանում արտահայտվել. նրանց բանավոր խոսքը զարգացած չէ։ Կարելի է ստեղծել այնպիսի ծրագիր, որի շնորհիվ բալանս լինի գրավորի եւ խոսակցականի միջեւ։ Հաճախ երեխաները երկար տարիներ անհատական պարապելուց հետո գալիս են մեր կենտրոն ու մենք նկատում ենք, որ նրանց բանավոր խոսքը թերի է։

 

-Ելնելով սեփական փորձից, կարո՞ղ եք ասել, թե ուսանողների մեծ մասն ի՞նչ նպատակներով է անգլերեն ուսանում։
Լիզա. Զուտ մեր կենտրոնի վիճակագրական տվյալներով 25-ից բարձր տարիք ունեցողներն անգլերեն են սովորում արտերկրում ապրելու նպատակով, 5-16 տարեկանները ցանկանում են անգլերեն սովորել՝ գիտակցելով, որ այն միջազգային լեզու է եւ շատ անհրաժեշտ է մեր օրերում։ Բացի այս, շատերն անգլերեն են սովորում աշխատանքում առաջ գնալու նպատակով։
 –Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում։
Գյուլի. Ինչպես ասել է Նելսոն Մանդելան, կրթությունն ամենաուժեղ զենքն է, որը կարող է փոխել աշխարհը։ Մենք հավատում ենք դրան եւ փորձում մատուցել հնարավորինս որակյալ կրթություն։ Փորձում ենք այնպես անել, որ ցանկացած երեխա, ով գալիս է մեզ մոտ, չասի, թե ժամանակն իզուր է ծախսել։ Ուզում ենք լինել այնպիսի ուսուցիչներ, ովքեր անջնելի հետք կթողնեն ցանկացած ուսանողի կանքում։
Լիզա. Կրթությունը շարունակական գործընթաց է, մենք ինքներս էլ անընդհատ գտնվում ենք վերապատրաստումների մեջ, անկախ նրանից՝ դա մասնագիտական է, թե ոչ։ Վերջերս մասնակցեցինք մարքեթինգի թրեյնինգներին, դրանից առաջ՝ մարդկային ռեսուրսների դասընթացներին։ Ինչպես նաև տարին չորսից հինգ անգամ ունենում ենք մասնագիտական կոնֆերանսներ, սեմինարներ թե Հայաստանում, թե երկրից դուրս՝ աշխարհի առաջատար համալսարաններում և կրթական հաստատություններում դասավանդող մասնագետների
մասնակցությամբ: Մենք չենք սահմանափակվում միայն լեզուն զարգացնելու ուղղությամբ, այլ ստանում ենք բազմապիսի գիտելիքներ, պատրաստվածություն, քանի որ գիտակցում ենք, որ դա մեզ անհրաժեշտ է։ Կարծում ենք, որ մարդ միշտ
պետք է զբաղվի ինքնազարգացմամբ, առաջ գնա, նոր գիտելիքներ ստանա։
 
-Ձեզ հաջողակ համարու՞մ եք։ Ըստ ձեզ, հաջողության հասնելու համար
ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ։
Գյուլի. Ինձ ոչ միայն հաջողակ, այլ նաեւ շատ երջանիկ եմ համարում։ Երջանիկ եմ, որ ունեմ նման գործ, Լիզայի հետ հասել ենք մեր նպատակին։ Հաջողության հասնելու նախապայմանն է՝ հավատալ, երազել, չդադարել երազանքներ ունենալ, չհիասթափվել։
Լիզա. Բնականաբար հաջողակ եմ։ Ընդունված չէ ասել 100 տոկոսանոց հաջողակ, բայց ինձ այդպիսին եմ համարում. ունեմ լավ ընտանիք, երեխաներ, շրջապատված եմ լավ մարդկանցով, ունեմ լավ աշխատանք։
 «English house» ուսումնական կենտրոնի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք այցելել կենտրոնի ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել՝ (099) 42 72 74, (091) 91 92 91 հեռախոսահամարներով։

Be the first to comment on "Հարս ու տալ բիզնեսում կարծրատիպեր են կոտրում․ Գյուլի և Լիզա Մարաբյաններն՝ իրենց հաջողության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ