ԽՈՒԼԻԳԱՆ, ԽՆՁՈՐ ԳՈՂԱՑՈՂ, ՆԱԵՎ՝ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ, ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Աֆրիկյան ցեղերից մեկը հետաքրքիր սովորույթ ունի. երբ ցեղակիցներից մեկը վատ արարք է թույլ տալիս, բարբարոսաբար նրա վերջը չեն տալիս, այլ պատժի ուրիշ տեսակ են կիրառում, որը կարելի է կոչել պատիժ՝ հանուն փրկության: Ցեղախմբի անդամները կարծում են, որ ամեն մարդ այս աշխարհ է գալիս բարի առաքելությամբ, յուրաքանչյուրը ցանկանում է սեր, երջանկություն եւ անվտանգություն: Ու երբեմն ընկնելով այդ արժեքների ձեռքբերման ետեւից՝ մարդը շեղվում է ճանապարհից ու սխալներ թույլ տալիս:

Ուստի, պետք է միավորել ջանքերը եւ փրկել ընկածին՝ վերադարձնել նրան իր նախնական վիճակին՝ հիշեցնելով, թե ով էր ինքն ի սկզբանե՝ մինչեւ սխալ թույլ տալը: Ահա պատժի էությունը. սխալ թույլ տվածին ցեղի մյուս անդամները նստեցնում են կենտրոնում, շրջապատում նրան եւ երկու օր գովաբանության սեանս անցկացնում՝ հիշելով այն բոլոր լավ արարքները, որոնք նա կատարել է մինչ սայթաքելը, եւ շնորհակալություն են հայտնում լավ արարքների համար: 2 օր շարունակ: Սա սադիզմի յուրօրինակ դրսեւորում է, քանի որ երկու օր շարունակ իր կատարած լավ արարքները հիշեցնելն ու դրանց համար գովեստի, շնորհակալության խոսքեր լսել տալն իսկական փորձություն է մարդու բանական ու հուզական աշխարհի համար: Այդ փորձության միջով այլեւս չանցնելու ու չտառապելու համար մարդն ստիպված է իրեն հաշիվ տալ իր ցանկացած քայլը կատարելիս՝ չշեղվել ճշմարիտ ուղուց:

 

Հայաստանում ապրողներս, կարծեմ թե, վաղուց ենք հաղթահարել ցեղ լինելու պատմական-քաղաքակրթական, սոցիալ-քաղաքական փուլը, սակայն աֆրիկյան ցեղի սովորույթը հիշեցնող միջոցառումների ականատեսն ենք լինում, երբ առիթ է լինում անդրադառնալ հատկապես Սերժ Սարգսյանի գործունեությանը: Նրան ոչ թե երկօրյա ժամկետով, այլ ամենօրյա ռեժիմով գովերգելու կամպանիան իրականացնում են ոչ միայն ցեղակրոն ՀՀԿ-ականները, որոշ մտավորականներ՝ իրենց «լեզվական սայթաքումներով», այլեւ այնպիսի հզոր քարոզչամեքենա, որը հեռուստատեսությունն է՝ ի դեմս, մասնավորապես, Հ1-ի: Հատկապես այս օրերին այդ հեռուստաընկերությամբ առանձնահատուկ խնամքով նախապատրաստվում է Սարգսյանի վարչապետությունն ու քարոզվում դրա անխուսափելիությունը: Մի քանի օր է՝ հեռուստալսարանը ծանուցվում է ցուցանիշների մասին, որոնք վերնագրված են «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումները 2007-2017թթ․»: Նկատենք, որ ներկայացված ժամանակաշրջանը ներառում է ոչ միայն Սերժ Սարգսյանի նախագահության, այլեւ այն շրջանը, երբ նա վարչապետ էր: Մի շրջան, որը Սարգսյանը հետահայաց գնահատել էր որպես տաժանակրության եւ ոչ թե վայելքի ժամանակաշրջան:

Պաշտոնաթող նախագահին գովաբանելու «պատժիչ գործողության» հերթական սեանսին էլ հեռուստալսարանը նախօրեին ականատես եղավ: Խոսքը կիրակնօրյա «360 աստիճան» հաղորդման վերջին թողարկման մասին է: Քանի որ Սարգսյանը տոգորված է կարիերան այլ պաշտոնում շարունակելու լիցքերով, կարելի է ասել, որ Հ1-ն իր այս թողարկմամբ ամեն ինչ արեց, որպեսզի հետուստալսարանի մոտ չքանան կասկածի վերջին նշույլներն առ այն, որ միակ արժանի վարչապետն ինքը՝ Սերժ Սարգսյանն է: Եվ ոչ ոք՝ բացի նրանից:

Հաղորդման ընթացքում մի քանի ռեպորտաժների միջոցով ներկայացվեցին Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները, թե ինչպես ՀՀ-ն կարողացավ դիմակայել արտաքին ու ներքին մարտահրավերներին` տնտեսական ճգնաժամ, ՊՊԾ գնդի գրավում, ինչպես կարողացավ պաշտպանական բնագավառը վերազինել՝ համալրվելով նոր զենք-զինատեսակներով, ինչպես կարողացավ դիվանագիտական կորպուսում ֆենոմեն սահմանել՝ «կամ-կամ»-ի բանաձեւը ներդաշնակեցնելով «եւ-եւ»-ին, դառնալ ե՛ւ ԵԱՏՄ անդամ, ե՛ւ ԵՄ-ի հետ գործընկերություն անել, մի խոսքով՝ թե որքան ՀՀ-ն մոտեցավ դրախտային երկիր դառնալու նշաձողին՝ շնորհիվ մեկ մարդու: Այդ հաղորդման ժամանակ որեւէ անդրադարձ չեղավ Սարգսյանի տված այն խոստումներին, որոնք չիրականացան, նրա պաշտոնավարման տարիների ձախողումներին, կոռուպցիայի, աղքատության, գործազրկության ցուցանիշներին, արտագաղթի տեմպերի մեծացման եւ այլեւայլ շեղումների ու սայթաքումների: Արդյոք «հիշել միայն լավը եւ ոչինչ բացի լավից» մեթոդը կիրառելով Հ1-ում եւ դրա «սադիստական» վարքագիծը կրկնող մյուս գովերգակները նպատակ ունե՞ն այսպիսով փրկել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա, լսելով իր մասին միայն դրական բաներ, չշեղվի, չսայթաքի վարչապետություն տանող ճանապարհով քայլելիս: Հազիվ թե:

«Մտքով՝ տուն»

Դեռ չմարսած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման փառապանծ տարիների մասին ռեպորտաժների տպավորությունը, անցյալ կիրակի եթեր մտավ նրա մասին պատմող «Մտքով՝ տուն» ֆիլմը: Այդ ֆիլմում Սարգսյանը մտքով ճամփորդություն կատարեց դեպի հայրենի եզերք. հիշեց իր կամային տատին, ով 1918-20 թվականներին օգնել է ամուսնուն թուրքերի դեմ մղված պատերազմում, իսկ 37-ին, երբ ձերբակալել են ամուսնուն, երեխաների հետ Տեղ գյուղից տեղափոխվել է Ստեփանակերտ: Հիշեց կոշտուկներով պատված ձեռքերով դարբին հորը, երեք հերթափոխով աշխատած ու գիշերը ցերեկին խառնած մորը: Հաղորդման ընթացքում լսվեց նաեւ Սարգսյանի մոր խոսքը որդու մասին, խոսեցին նաեւ նրան ճանաչող-առնչություն ունեցած համերկրացիները՝ դասընկեր, զինակից ընկեր, հարեւան, գործընկեր եւ այլք: Հեռուստադիտողի մտապատկերում Սարգսյանն ուրվագծվեց որպես ժողովրդի ծոցից ելած, համեստ, հայրենասեր, անվախ, համբերատար, մեկ խոսքով՝ ոսկի մարդ: Նա էլ, ինչպես ընկերը հիշեց, շատ աշակերտների պես խուլիգանություն է արել, դասընկերների հետ փախել է դասերից՝ գնացել խնձոր ուտելու, գետում լողալու, իսկ այժմ փառք է տալիս Աստծուն, որ «խնձոր գողանալու անհրաժեշտություն եւ ոչ էլ, առավել եւս՝ ցանկություն չկա»: Նա քաղկոմում աշխատած տարիներին, ինչպես հարեւանն էր պատմում, ոտքով է գնացել աշխատանքի, իսկ արցախյան շարժման տարիներին ցուցաբերել է հրաշալի կազմակերպչի ունակություններ, երբեք խուճապի չի մատնվել՝ անգամ երբ սայրի եզրով քայլելիս են եղել…

Նա Ստեփանակերտ այցելելիս անպայման այցելում է հայրական տուն, հապճեպ ուտում է մոր պատրաստած, իր սիրած ճաշերը՝ տոլմա եւ լոլիկով ձվածեղ, ու գնում գործերով: Մայրն էլ տրտմում է որդուն ավելի շատ հեռուստացույցով տեսնելուց ու վաշ-վիշ անում, թե՝ խոխաս պառավել է, մազերը սպիտակել են, բայց դե՝ ինչ արած…

Առաջին անգամ, թերեւս, այդ հաղորդման ժամանակ լսվեց Սարգսյանի խոստովանությունն այն մասին, որ խուսափում է մենակությունից: «Եթե աշխարհի ամենագեղեցիկ վայրը, ամենատեսարժան, ամենահաճույքներով լի վայրը մենակ ինձ տանեն թողնեն, ես կփախչեմ էնտեղից։ Այ, եթե ընկերներիս հետ լինեմ, ցանկացած վայրում ինձ համար տոն կլինի»,- ասում է Սարգսյանը: Հաղորդումը եզրափակվում է նրա հարցադրումով՝ ինչպե՞ս ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը՝ առանց տնտեսապես ուժեղ Հայաստանի, առանց դեմոգրաֆիական խնդրի լուծման: «Ինչպե՞ս ենք պատկերացնում Արցախի խնդրի լուծումը առանց ՀՀ-ի միջազգային հեղինակության: Տրիվիալ բան եմ ասում, որ մեր փրկությունը միասնության մեջ է: Ես ցանկանում եմ, որպեսզի մեր համազգային իղձերից գոնե մեկը կատարվի»: Ուշագրավ խոստովանություն է․ փաստորեն, իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Սարգսյանն այդպես էլ չի կարողացել տնտեսապես զարգացած երկիր կառուցել, լուծել դեմոգրաֆիական խնդիրները, միջազգային ասպարեզում բարձրացնել ՀՀ հեղինակությունը: Եվ ամենակարեւորը՝ չի կարողացել լուծել «տրիվիալ բանը»՝ հասնել փրկություն տանող ճանապարհին՝ միասնությանը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Եվ եթե նախագահի պաշտոնում նրան չի հաջողվել այդ ամենն անել, արդյոք կհաջողվի՞ վարչապետի պաշտոնում, թե՞ նրա վարչապետացումն է՛լ ավելի կբարդացնի մեր համազգային իղձերի կատարումը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Be the first to comment on "ԽՈՒԼԻԳԱՆ, ԽՆՁՈՐ ԳՈՂԱՑՈՂ, ՆԱԵՎ՝ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ, ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ