Բեկանել 6,5 տարվա ազատազրկման դատավճիռը. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Հասմիկ Սարգսյանի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 12-ին քննվելու է 10 հազար դրամ գողանալու մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի բողոքն ընդդեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով կինը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման:
Եթե դատավճիռն անփոփոխ մնա, Հասմիկը կհայտնվի ճաղավանդակի հետեւում, իսկ նրա երեք անչափահաս երեխաներն ու զինծառայության մեջ գտնվող եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող որդին կզրկվեն մոր խնամքից։

Այս առնչությամբ շուրջ 2 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի դիրքորոշումը չորս երեխայի մայր, սոցիալական ծանր պայմաններում բնակվող Հասմիկ Սարգսյանին 6տարի 6 ամիս ազատազրկման ենթարկելու վերաբերյալ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2017-ի վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ Ընտանիքը գոյատեւում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում, որն արդեն երկար ժամանակ է, ինչ պարտքերի պատճառով հոսանքազրկված է։ Ընտանիքի հայրը հեռացել է, մինչ ամուսնալուծվելը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, որի հետեւանքն են նաեւ երեխաների մոտ առկա առողջական բազմաթիվ խնդիրները։

Այժմ Հասմիկը չի կարողանում որեւէ վճարվող աշխատանք գտնել, որպեսզի լուծի ընտանիքի սոցիալական խնդիրները։ Այս իրավիճակից դրդված կինը դիմել է ծայրահեղ քայլի՝ մի քանի անգամ սնունդ կամ դրամ է վերցրել, որի պատճառով նրա հանդեպ նման կոշտ վճիռ է հրապարակվել։

Նման վճռի հրապարակումը լայն հանրային քննարկման եւ քննադատության ալիք է բարձրացրել, հատկապես այն պարագայում, երբ խոշոր չափերի հասնող կոռուպցիոն հանցագործությունների դեպքում անգամ երկրում առկա է անպատժելիության մթնոլորտ։

Անդրադառնալով ներպետական օրենսդրության շրջանակներում հարցի իրավական կողմին՝ հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանվում է պատժի հասկացությունն ու նպատակները։ Նույն հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն, ի թիվս այլնի, որպես պատժի առաջնահերթ նպատակ ամրագրել է սոցիալական արդարության վերականգնումը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան համարում է, որ ստեղծված իրավիճակում դատարանի կողմից ընտրված պատժատեսակը որեւէ կերպ չի համընկնում օրենսդրությամբ ամրագրված պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման նպատակի բովանդակությանն ու գաղափարախոսությանը։

ՀՀ ներպետական օրենսդրությամբ հստակ ամրագրված է, որ պատժի տեսակը եւ չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

Թեպետ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անդրադարձել է օրենսդրությամբ ամրագրված պատիժը մեղմացնող հանգամանքներին (պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչեւ 14 տարեկան մեկ երեխայի առկայությունը, հանցագործությամբ պատճառված գույքային վնասը ամբողջությամբ կամովին հատուցելը, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը), այնուհանդերձ դատարանը հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի վրա, կարող էր հաշվի առնել նաեւ մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում, ինչպիսին է, օրինակ, նրա խնամքի տակ երեք անչափահաս երեխաների առկայությունը, զինված ուժերում ծառայող որդու առողջական վատ վիճակն ու Հասմիկ Սարգսյանի սոցիալապես խիստ խոցելի վիճակում գտնվելը, ինչը միակ դրդող հանգամանք է հանդիսացել նշված արարքը կատարելիս։

Հարցի կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է, որ նման կարգավորումներ նախատեսված են մի շարք երկրների քրեական օրենսգրքերում։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքն, ի թիվս այլնի, մեղմացնող հանգամանք է դիտարկում հանցանք կատարած անձի մանկահասակ երեխաներ ունենալու հանգամանքը (հոդված 61, 1-ին մաս, կետ г): Համանման կարգավորում է նախատեսված նաեւ Մոլդովայի քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով, որի d) եւ e) կետերով որպես արարքը մեղմացնող հանգամանք է դիտարկվում ընտանիքում անչափահաս երեխաների ու արարքի կատարումն ընտանեկան կամ անձնական ծանր հանգամանքների առկայությունը։ Նույնաբովանդակ նորմ է ամրագրված նաեւ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասում։ Ավելին, Ուկրաինայի քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվում է, որ դատարանն իրավասու է կատարված արարքի բնույթից ելնելով պատժի տեսակն ու չափը որոշելիս չքննարկել նույն օրենսդրությամբ արաքի համար սահմանված պատիժը ծանրացնող հանգամանքները։

Հարկ է նկատել, որ քրեական արդարադատության համակարգում պատժի ինստիտուտն այն կարեւոր բաղադրիչներից է, որն ապահովում է արդարադատության ամբողջականությունը, նաեւ տեսանելի եւ արդյունավետ դարձնում արդարադատության իրականացումը, սակայն եթե դիտարկենք արդի եվրոպական երկրներում այս համակարգերի ժամանակակից միտումները, ապա պետք է փաստել, որ պատժի եւ արդարադատության իրականացումը գնում է դեպի այլընտրանքային պատժամիջոցների կիրառման ընդլայնում եւ անցում կատարում դեպի վերականգնողական արդարադատության համակարգի: Նշվածի առնչությամբ անհրաժեշտ է փասել, որ նման վճռի հրապարակումը հակասում է ոչ միայն մարդասիրական սկզբունքին, այլ նաեւ միջազգային փաստաթղթերին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից մշակված «Ազատազրկված կանանց նկատմամբ վերաբերմունքի եւ կանանց նկատմամբ այլընտրանքային պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի կանոններ»-ին /Բանգկոկի կանոններ/, որով խրախուսվում են այլընտրանքային պատիժների նշանակումն ու կիրառումը, ինչն արդյունավետ լուծում կլինի ստեղծված իրավիճակում։

Հասմիկ Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձեւով պատժի նշանակումն անհերքելի բացասական հետեւանքներ է առաջացնելու նրա խնամքի տակ գտնվող երեխաների համար։ Ասվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 04․04․2018 թվականի անդամ պետություններին ուղղված «Ձերբակալված ծնողների երեխաների վերաբերյալ» թիվ CM/Rec(2018)5 առաջարկի 2-րդ կետով ամրագրված է, որ այն դեպքերում, երբ նախատեսվում է ազատազրկման ձեւով պատժի նշանակում, պետք է հաշվի առնել իրավիճակին առնչություն ունեցող ցանկացած երեխայի իրավունքներն ու լավագույն շահը, եւ որքանով հնարավոր է պետք է կիրառել այլընտրանքային պատժատեսակ՝ հատկապես այն ծնողի նկատմամբ, ով երեխայի (երեխաների) հիմնական խնամակալն է համարվում։

Ասվածից անմիջականորեն հետեւում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընտրված պատժատեսակով ոչ միայն որեւէ կերպ չի վերականգնվելու սոցիալական արդարությունը, այլ նաեւ իրական խոչընդոտներ են առաջանալու ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային փաստաթղթերով ամրագրված երեխայի լավագույն շահի ապահովման տեսակյունից։

Ապրիլի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է Հասմիկ Սարգսյանի բողոքն ընդդեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով կինը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման: Եթե դատավճիռն անփոփոխ մնա, Հասմիկը կհայտնվի ճաղավանդակի հետեւում, իսկ նրա երեքանչափահաս երեխաներն ու զինծառայության մեջ գտնվող եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող որդինկզրկվեն մոր խնամքից։

Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք․

ՀՀ վերաքննիչ դատարանից բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վիռը։

ՀՀաշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հատուկ ուշադրություն դարձնել ընտանիքի սոցիալական խնդիրներին եւ գտնել այդ խնդիրները լուծելու օրենքով սահմանված հնարավորություններ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից հանդես գալ դիրքորոշմամբ՝ ի պաշտպանություն սոցիալապես խոցելի խմբերի, հատկապես բազմազավակ, ընտանեկան բռնությունից տուժած եւ սոցիալապես խիստ անապահով կանանց, ովքեր իրենց երեխաներին սովից փրկելու համար գնում են քայլերի, որոնք սոցիալական աջակցության պարագայում կբացառվեին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

ԲՀՀ-Հայաստան

ՀՌՀ Երեւան

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային եւ իրավապաշտպան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Իրավական նածաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Հոգեւոր Հայաստան» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Սեւազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն

«Հանուն հավասար իրավունքի» ՀԿ

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

HayNews.am

Be the first to comment on "Բեկանել 6,5 տարվա ազատազրկման դատավճիռը. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Հասմիկ Սարգսյանի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ