Եթե հենց հիմա առաջարկեն նկարահանվել այնպիսի ֆիլմում, որն իմ սրտով կլինի, պատրաստ եմ հրաժարվել հոնորարից. «Վրիժառու»-ից հայտնի Սաքուլիկ

 

Էկրանային հերոսները երբեմն այնքան իրական են լինում, որ թվում է՝ նրանց հանդիպում ես անընդհատ ու ամենուր: Aysor.am-ի զրուցակիցն Արման Առաքելյանն է, ով իր էկրանային մեկնարկն ազդարարեց 12 տարի առաջ՝ նկարահանվելով Գոռ Վարդանյանի «Վրիժառու» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր Ազգային ժողովի պատգամավորի հղփացած որդու՝ Սաքուլիկի կերպարը:  Այնուհետև հաջորդեց «Հրեշտակների դպրոցը» սերիալը, «Ծաղկաձոր-Չիկագո» գեղարվեստական ֆիլմն ու «Հրեշների գայլը»…

Իրեն վստահված առաջին դերն Արմանն այնքան շոշափելի էր կերտել, որ շատերը վստահ էին՝ Սաքուլիկը կյանքից վերցված իրական կերպար է: Նրա հետ զրուցել ենք ոչ միայն էկրանային երկարատև բացակայության, այլև՝ նոր գործունեության, ընտանիքի ու հետաքրքրությունների մասին:

 

— Արման, տևական ժամանակ է՝ էկրաններին չեք երևում: Փոխե՞լ եք Ձեր գործունեության ոլորտը, թե՞ հրավերների պակաս կա:

— Անկեղծ ասած՝ հիմա շատ սերիալներից հրավերներ ունեմ, սակայն ժամանակս մի քիչ սուղ է: Հայ-ամերիկյան ընկերության հետ եմ համագործակցում, այստեղ իմ բիզնեսն եմ հիմնել՝ առողջ ապրելակերպի կենտրոն է: Հայաստանում նմանատիպ 16-ից ավելի կենտրոն ունեմ, մարդկանց օգնում եմ՝ իրենց առողջ, երիտասարդ ու գեղեցիկ զգան: Այն, որ մարդիկ գոհ են իմ աշխատանքից ու շնորհակալություն են հայտնում, ինձ ավելի հարազատ ու հաճելի է, քան՝ մերօրյա հայկական սերիալներում նկարահանվելը: Այսօրվա իմ զբաղմունքն ինձ համար ամենալավն ու ամենահետաքրքիրն է:

 

— Սերիալների հետ կապված՝ Ձեզ ֆինա՞նսը չի գոհացնում, թե՞ որակը:

— Եթե դա մշտական աշխատանք դիտարկենք, ֆինանսը, քանի որ իրենց տված գումարով չես կարող գոյատևել, ուր մնաց՝ ապրել: Բայց, դե որակն էլ այն չի. ինչ ուզում է անենք ու ասենք, Հայաստանում շոու բիզնեսը շատ թույլ է… (Մտածում է, հեղ.) եթե անկեղծ՝ ներկա պահին ֆինանսն ինձ համար երկրորդական, երրորդական տեղում է: Հավատացեք, եթե հենց հիմա առաջարկեն նկարահանվել այնպիսի ֆիլմում, որը լիովին իմ սրտով կլինի, պատրաստ եմ նույնիսկ հրաժարվել հոնորարից:  Առաջին հերթին կցանկանամ իմ մեջ արթնացնել այն տարիների հիշողությունները: Ես, իսկապես, սիրում եմ ֆիլմերում նկարահանվել, չեմ խաբի ու ասի՝ դա ինձ դուր չէր գալիս:

— Թեև իրարից տարբերվող մի քանի կերպարում եք հանդես եկել, բայց առավել հիշվեց Սաքուլիկը: Ինչո՞ւ:

— Սաքուլիկի կերպարը շատ բացասական կերպար էր: Նրա միջոցով ցույց էի տալիս մարդկանց, թե Երևանում ինչքան վատ երևույթներ են տեղի ունենում ու ինչ կարող է լինել նման հղփացածների վերջը: Չեմ հերքի, այդ կերպարը սիրով եմ խաղացել, քանի որ ասելիքը շատ էր: Ընդհանրապես, հաճույքով եմ աշխատում Գոռ Վարդանյանի հետ: Բայց ասեմ, որ շատ եմ հավանել նաև «Հրեշտակների դպրոցը»:

— Որքան գիտեմ՝ Գոռ Վարդանյանն այժմ նոր ֆիլմի վրա է աշխատում: Ձեզ չի՞ առաջարկել նկարահանվել այս ֆիլմում:

— Ինձ ասել էին, որ ես էլ եմ ներգրավվելու այդ ֆիլմում, բայց դեռևս հրավեր չեմ ստացել…

 

— Ի՞նչ մասնագիտություն ունեք, Թատերական ինստիտո՞ւտն եք ավարտել:

— ՉԷ, որևէ տեղ չեմ ավարտել, ֆիլմում նկարահանվելու համար էլ ինձ պատահաբար են ընտրել: 12 տարի առաջ առավել ակտիվ կյանք էի վարում: Ասում են չէ՞՝ Աստված յուրաքանչյուրին ուժերը փորձելու շանս է տալիս, ինձ էլ նման հնարավորություն տրվեց, օգտագործեցի… Սաքուլիկի կերպարին համապատասխան դերասան էին փնտրում, գիտեմ, որ շատ են ման եկել, բայց ապարդյուն: Ես այդ ժամանակ Թատերական ինստիտուտում օտարերկրյա ընկերուհի ունեի, պատահաբար ինձ տեսնում են ու ընտրում. ծիծաղս, շարժուձևս շատ բնորոշ էին այդ կերպարին: Սկզբից չէի ուզում նկարահանվել, մտածում էի՝ ես ու՜ր, կինոն ո՜ւր, բայց ծնողներս խրախուսեցին ու խորհուրդ տվեցին փորձել: Փորձեցի ու հաջողվեց, հետագայում էլ բազմաթիվ առաջարկներ ստացա:

— Բնույթով նմա՞ն էիք Ձեր հերոսին:

— Կան և՛ տարբերություններ, և՛ նմանություններ: Սովորաբար, էկրաններին ես այնպիսին եմ, ինչպիսին իրական կյանքում, բայց, իհարկե, կան բաներ, որոնք 180 աստիճանով տարբեր են ինձանից: Կոնկրետ «Վրիժառու»-ի իմ հերոսն ու ես շատ տարբերություններ ունեինք: Գիտեմ, որ ԱՄՆ-ում որևէ երեխա հենց իրեն խելոք չէր պահում, տնեցիք ասում էին՝ հո դու Սաքուլիկը չե՞ս (ծիծաղում է, հեղ.):

— Էկրաններին հայտնվելը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

— Շրջապատս ամբողջովին փոխվեց: Նաև, հնարավորություն ստեղծվեց, որ բանակում չծառայեի, բայց ես այդ մի հնարավորությունը չօգտագործեցի: Ես շատ էի ուզում ծառայել ու իմ կամքով գնացի բանակ:

— Շոու բիզնեսի, դերասանական աշխարհի ընկերներն այսօ՞ր էլ Ձեր կողքին են:

— Այդ բնագավառից իմ ընկերներն են Դավիթ Մարդյանը, երգիչներից շփվում եմ Սպիտակցի Հայկոյի, Լիլիթ Կարապետյանի հետ… Ճիշտն ասած՝ ժամանակի սղության պատճառով ոչ բոլորի հետ եմ կարողանում հանդիպել, ժամանակ առ ժամանակ զանգվում ենք, զրուցում, բայց հանդիպումները հազվադեպ են: Առօրյայում ավելի շատ շրջապատված եմ այն մարդկանցով, որոնց հետ շփվում ենք աշխատանքի մեջ:

— Արման, ի՞նչն էր պատճառը, որ սկսեցիք հետաքրքրվել ու հետո նաև Ձեր բիզնեսը հիմնել առողջ ապրելակերպի ոլորտում:

— Ես առողջական բազմաթիվ խնդիրներ ունեի, չափից շատ նիհար էի: Երբ ամուսնացա, պարզվեց՝ կինս էլ խնդիրներ ունի: Մի օր մեզ զանգեցին, հրավիրեցին օգտվել իրենց ծառայությունից: Առաջինը կինս համարձակություն հավաքեց ու փորձեց. արդյունքից գոհ էր: Ես էլ հետևեցի նրա օրինակին ու հիմա ինձ մոտ ամեն ինչ կարգավորվել է, ինձ առույգ ու առողջ եմ զգում: Նաև նվիրական երազանքներս են իրականանում. միշտ երազել եմ հանգստանալ տարբեր երկրներում, վայելեմ իմ կյանքը, ու հիմա այդպիսի հնարավորություն ունեմ: Բոլորովին վերջերս էլ Երուսաղեմ էի գնացել ու որդուս հետ այնտեղ մկրտվեցի:

— Որքան հասկանում եմ, վերջին տարիներին հայերը ևս սկսել են առողջ ապրելակերպին հետևել: Առողջական խնդիրնե՞րն են շատացել, թե՞ գիտակցությունն է փոխվել:

— Հավատացեք, բոլոր մարդիկ էլ այս կամ այն խնդիրն ունեն. մեկը քաշի ավելացման կամ պակասի խնդիր ունի, մյուսը՝ ճնշում կամ այլ գանգատ և այլն: Աշխարհի բնակչության 43 տոկոսն այսօր տառապում է ճարպակալությամբ, ինչն ամենավատ հիվանդություններից մեկն է, իսկ մենք բավական մատչելի գնով օգնում ենք ձերբազատվել այդ չարիքից: Մեր առաջարկած սնունդով սնվում են Հենրիխ Մխիթարյանը, Ռոնալդուն, Քիմ Քարդաշյանը… Այս սնունդով սնվում ենք ես, կինս, իմ նորածին որդին:

— Սովորաբար, ճանաչվածության, հայտնիության «համն» առած մարդիկ դժվարությամբ են հրաժարվում այդ ամենից: Ձեզ համար դժվար չէ՞ր բնագավառի փոփոխություն կատարելը:

— Իսկապես, շատ դժվար որոշում է դա: Նույնիսկ մեկ անգամ այդպիսի «շոկ» եմ ապրել. ակտիվ էկրանային կյանքից հետո եղավ մի պահ, որ սրտանց ուզում էի նկարահանվել, բայց 6-7 ամիս ոչ մի առաջարկ չէի ունենում: Սակայն, երբ ծանոթացա ապագա կնոջս հետ, կյանքս 180 աստիճանով փոխվեց, անձնական կյանքս հագեցած ու հետաքրքիր էր… Իհարկե, հետագայում առաջարկներ եղան, բայց արդեն այլ երկիր էի տեղափոխվել: Վերադարձից հետո էլ սկսեցի զբաղվել այն գործով, ինչով հիմա եմ զբաղվում:

— Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

— Ես ինձ հարուստ մարդ եմ համարում, քանի որ ունեմ ծնողներ, քույր ու եղբայր, ամուսնացած եմ, ունեմ 4 ամսական որդի՝ Լիոնս: Ծնողներս Հայաստանում չեն բնակվում: Սիրում եմ ամեն կիրակի քաղաքից դուրս մեկնել ու ընտանիքիս հետ հանգստանալ, կինս ու զավակս իմ ամբողջ աշխարհն են, կիրակի օրերը միայն նրանց է պատկանում: Ապրում ու շնչում եմ իմ բալիկով, նա իմաստավորել է իմ կյանքը: Գիտեք՝ երկու տարի զավակ չեմ ունեցել, քանի որ ֆինանսական կայունություն չեմ ունեցել, ուզում էի ոտքի կանգնել, հետո նոր ընտանիքս համալրել: Ու երբ նրան առաջին անգամ գրկեցի, այնպիսի զգացում ապրեցի, ինչպիսին կյանքում չեմ ապրել: Հիմա նպատակներ ունեմ, ձգտումներ, որոնք պետք է իրականացնեմ… Շատ են խոսում այն մասին, թե հիմա գործ չկա, Հայաստանում երիտասարդները աշխատանք չունեն… Չգիտեմ, ես չեմ կարողանում հասկանալ պարապ մարդուն, ով ոչինչ չի անում, բացի բողոքելուց: Ես էլ եմ այս երկրում ծնվել, ապրել ու մեծացել: Պետք է լավ փնտրել, ու, անպայման, կգտնեք ձեզ ընձեռված հնարավորությունը:

— Լիոնն այնքան էլ տարածված անուն չի, ինչո՞ւ որոշեցիք հենց այդպես անվանակոչել Ձեր որդուն:

— Մենք շատ էինք մտածում, թե ինչ անուն ընտրենք մեր տղայի համար, արդյունքում ընտրեցինք սա: Ուզում էինք ուժը բնորոշող անուն լինի, քանի որ թե՛ ես, թե՛ կինս բնույթով ուժեղ մարդիկ ենք, կամքի ուժ ունենք: Դե, նաև կինս ամսով առյուծ է, ես էլ առյուծներին շատ-շատ եմ սիրում (ժպտում է, հեղ.): Ի դեպ, այլազգի մի քանի ընկեր ունեմ այդ անունով, ովքեր բավական հաջողակ մարդիկ են…

— Ձեր կինը հայուհի՞ է:

— Այո, հայուհի է, անունը Մերի: Չնայած, անձնագրային անունը Մարիամ է, բայց ինքն այդ անունն այնքան էլ չի սիրում, իր համար ընտրել է Մերի տարբերակը… Երբ մենք հանդիպեցինք, նա միակ մարդն էր երևի, որ չգիտեր՝ ֆիլմերում նկարահանվել եմ, ինձ էկրաններից չէր ճանաչում: Ինձ համար դա շատ կարևոր էր: Կարևոր էր նաև այն, որ կողակիցս ամուր ու հաստատուն մարդ լինի, մեկտեղ՝ հարգի ու սիրի իր ընտանիքին: Փառք Աստծո՝ գտա իմ ճիշտ կեսին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Be the first to comment on "Եթե հենց հիմա առաջարկեն նկարահանվել այնպիսի ֆիլմում, որն իմ սրտով կլինի, պատրաստ եմ հրաժարվել հոնորարից. «Վրիժառու»-ից հայտնի Սաքուլիկ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ