Արգելք Բաղրամյան 26-ից. ինչու՞ մեդալակիր լրագրողների TV-ները չեն լուսաբանում #ԻմՔայլը

 

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը նախաձեռնությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության չի լուսաբանվում համապետական սփռում ունեցող հեռուստաընկերությունների կողմից:

Եթե մասնավոր հեռուստաընկերությունների վարքագիծը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ՝ պայմանավորված մասնավոր որոշում կայացնելու իրավունքով, ապա հարկատուների հաշվին գոյատեւող եւ պետական բյուջեից կլորիկ գումարներ ստացող Հանրային հեռուստաընկերությունը, որը թղթակիցներ ունի հանրապետության բոլոր մարզերում, իրեն առնվազն տարօրինակ է պահում:

Հ1-ի լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում «Օրակարգ» լրատվականը չի անդրադարձել այդ քաղաքական գործընթացին, սակայն ըստ նրա չլուսաբանելու համար պատճառ չկա: Հարցին՝ արդյո՞ք Հ1-ում կարծում են, որ ընդդեմ իշխանության գործընթացը հասարակությանը չի հետաքրքրում, լրատվականի տնօրենն պատասխանեց.

 

«Մեր ժամանակը սահմանափակ է եւ մենք ենք որոշում՝ երբ կանդրադառնանք եւ երբ չենք անդրադառնա: Նման քայլերթեր էլի են եղել հանրապետությունում, սա առաջինը չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է արել, բայց մենք ըստ անհրաժեշտության անդրադարձել ենք: Մեզ մի փորձեք խմբագրել, մենք ենք որոշում՝ ինչն է կարեւոր, իսկ ինչը կարեւոր չի»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ Հ1-ում ուսումնասիրություն ունե՞ն, որ այս քաղաքական պրոցեսը հասարակությանը չի հետաքրքրում, այդ իսկ պատճառով չեն լուսաբանում, Հարությունյանը պատասխանեց.

«Հայաստանում այնքան իրադարձություններ են լինում, որ մենք չենք լուսաբանում: Մենք ունենք կես ժամ ժամանակ եւ լուսաբանում ենք այն՝ ինչ հանրությանը շատ հետաքրքրում է»,- ասաց նա, իսկ մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի Վատիկան կատարած այցը հանրությանը շատ է հետաքրքո՞ւմ, որ թողարկման ժամանակ առաջինն է հեռարձակվում, Հարություն Հարությունյանը պատասխանեց.

 

«Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, Վատիկանում այսօր շատ կարեւոր իրադարձություն է մեր համար, հայ ազգի, մեր պետականության համար: Այո, ես կարծում եմ, որ այն շատ ավելի կարեւոր իրադարձություն է, քան մնացած իրադարձությունները: Ես Նիկոլ Փաշինյանի քայլը չեմ գնահատում, դուք որ հարցը դնում ենք՝ Սերժ Սարգսյանի Վատիկան կատարած այցն է կարեւոր, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, ապա ես ասում եմ, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը եւ Նարեկացու արձանը Վատիկանում տեղադրելը շատ կարեւոր է»:

Ճշտող հարցին՝ ընդհանրապես անդրադառնալու՞ են, թե՝ ոչ, Հարությունյանն ասաց, որ Հ1-ում կորոշեն եւ հարմար լինելու դեպքում կլուսաբանեն: «Ինչու՞ է ձեզ անհանգստացնում, ամբողջ համացանցով շատ ակտիվ լուսաբանում են: Լուսաբանում են այդ բանը եւ չեն լուսաբանում այլ բաներ: Մենք լուսաբանում ենք այլ բաներ եւ չենք հասցրել լուսաբանել այդ քայլը»,- ասաց Հարությունյանը եւ պատասխանելով հարցին, թե Հ1-ի համացանցային հարթակում էլ է լուսաբանվու՞մ ԻմՔայլը ակցիան, վերջինս տեղեկացրեց, որ news.1Tv.am-ը թարմացվում է այլ բաժնի կողմից:

Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում հակիճ ասաց, որ չի լուսաբանվում: Հարցին էլ, թե ի՞նչ պատճառով, Գեւորգյանը նկատեց. «Իմ խմբագրության լրագրողը «Հայկական ժամանակ»-ի խմբագրին հարցնո՞ւմ է՝ ինչու այս կամ իրադարձությունը ՀԺ-ի կամ էլեկտրոնային պարբերականի կողմից չի լուսաբանվում, կամ ինչու է լուսաբանվում»:

Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող ՊանԱրմենիան հոլդինգի մաս կազմող Արմենիա հեռուստաընկերությունը եւս չի անդրադառնում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխել փորձող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած գործընթացին: Արմենիայի «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանը ՀԺ-ի թղթակցին առաջարկել է մեկնաբանություն ստանալ հոլդինգի հանրային կապերի բաժնից, սակայն երեկ ամբողջ օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան մնացին:

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին պատկանող Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի ղեկավար Գեղամ Մանուկյանն էլ երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 5-ի թողարկումներում արդեն այս գործընթացի մասին պատմող ռեպորտաժ ունեն: Սակայն Երկիր Մեդիայի կայքում տեղադրված տեսանյութն ավելի շատ պատմում է ԵԼՔ դաշինքի կուսակցությունների միջեւ եղած տարաձայնությունների եւ այն հաղթահարելու փարձերի մասին:

Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ղեկավար Աղաս Հունանյանն էլ տեղեկացրեց, որ իրենք եւս անդրադառնում են թեմային: Շանթի լրատվական կայքում հրապարակված է մեկ կարճ լուր, որտեղ Փաշինյանը պատասխանում է Մարուքյանի հոդվածին: Ի դեպ, Շանթ-ն այդ ասուլիսին ներկա չի եղել:  «Հորիզոն»-ի ապրիլի 3-ի եւ 5-ի թողարկումներում էլ է թեմային անդրադարձ եղել: Յուրաքանչյուր թողարմանը Շանթը թեմային հատկացրել է մոտ 35-40 վայրկյան ժամանակ:

Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի տնօրեն Բաղդասար Մհերյանը՝ ինչու՞ քաղաքական գործընթացը չի լուսաբանվում հարցին հետեւյալ կերպ պատասխանեց. «Եթե հարմար է լինում՝ լուսաբանում ենք, եթե հարմար չի լինում՝ չենք լուսաբանում: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա, իսկ հարցին՝ մինչ այս լուսաբանվե՞լ է, նշեց. «Ի՞նչ եք հարցաքննում, հիմա ես էլ ձեզ այդպիսի հարցեր տա՞մ: Դա ժուռնալիստիկայի հետ կապ չունի»,- ասաց «Էպիկենտրոնի» ղեկավարը:

Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տարօրինակ է համարում, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող կարեւորագույն գործընթացը դուրս է մնացել հայկական TV-ների ուշադրության կենտրոնից:

«Խոսքը խորհրդարանական քաղաքական ուժի սկսած գործընթացի մասին է եւ ցանկացած քայլ, որը վերաբերվում է Հայաստանի քաղաքական կյանքին, պետք է հետաքրքրություն ներկայացնի բոլոր հեռուստաընկերությունների համար, այդ թվում Հ1-ի»,- ասաց նա:

Վերջինս կարծում է, որ չլուսաբանվելու միակ պատճառն այն է, որ Հայաստանում համապետական հեռուստաընկերությունները ղեկավարվում են Բաղրամյան 26-ից:

«Քաղաքական դաշտում կառավարման համակարգի փոփոխություն տեղի ունեցավ, որը կարեւորագույն խնդիր է իշխանությունների համար: Նրանք չեն ցանկանում, որ դա բացասական անկյունով ներկայացվի հանրությանը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համապետական հեռուստաընկերություններն անում են այն, ինչը ձեռնտու է իշխանություններին»,- ասաց Նավասարդյանը:

Հ.Գ. Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Արմենիայի, Հ1-ի, Հ2-ի, Երկիր Մեդիայի, Շանթի լրագրողները կամ լրատվականների ղեկավարները պարգեւատրվել են Սերժ Սարգսյանի կողմից:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի ապրիլի 6-ի համարում:

 Տպել

Be the first to comment on "Արգելք Բաղրամյան 26-ից. ինչու՞ մեդալակիր լրագրողների TV-ները չեն լուսաբանում #ԻմՔայլը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ