Առաջնագծում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին զրկել են հաշմանդամության կարգից և թոշակից

 

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ, պայմանագրային զինծառայող Գառնիկ Լալայանը 2015-ին բեկորային վիրավորում է ստացել հակառակորդի ականի պայթյունի հետևանքով: Վիրավորումից հետո առաջին տարում նա հաշմանդամության 2-րդ կարգ և թոշակ է ստացել: Հաջորդ տարի կարգը իջեցվել է՝ դառնալով 3-րդ, իսկ արդեն 2018-ի մարտին Գառնիկ Լալայանն ամբողջությամբ զրկվել է հաշմանդամության կարգից և թոշակից՝ չնայած պահպանված առողջական խնդիրներին:

Գառնիկ Լալայանը վիրավորումը ստացել է 2015թ. օգոստոսի 30-ին սկսված ռազմական գործողությունների ժամանակ: Ականանետի արկը պայթել է նրանից 1.5-2 մետր հեռավորության վրա: Դրա արդյունքում Լալայանը չի կարողանում դաստակը շարժել, ունի թիակի, թոքի ու սրտի հետ կապված խնդիրներ։

«1994 թ.-ից հետո նման մարտական գործողություններ չէին եղել, նույն պատերազմն էր գնում: Ականը պայթեց անմիջապես ինձ մոտ, եզակի դեպքեր են լինում, որ մարդ փրկվում է այդ ժամանակ: Բոլորը զարմացած են, թե ոնց եմ դրանից հետո կենդանի մնացել, անգամ ես եմ զարմանում: Բայց ստացվում է, որ կրակն եմ ընկել, որ կենդանի եմ մնացել»,- ասաց նա:

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև Գագիկ Լալայանի ատամնաշարը: Այս հարցով նա բազմիցս դիմել եմ Պաշտպանության նախարարություն՝ ատամների վերականգնման խնդրանքով, բայց մինչև այժմ պատասխան չկա. «Խոսելուց ամաչում եմ բերանս բացել, դիմացիս ատամները ջարդված են: Դիմելուցս հետո միայն մի անգամ ՊՆ բուժվարչությունից զանգել են, ասել՝ ներկայացնում ենք, ասել եմ՝ ներկայացրեք։ Եվ վերջ, դրանից հետո մինչև հիմա պատասխան չկա»:

Վիրավորումիցս առաջ Գառնիկ Լալայանը վարկ է ունեցել, բայց կարողացել է պայմանագրային զինծառայողի 152 հազար դրամ աշխատավարձով մարել դա: Իսկ 2015թ.-ից հետո նա մեծ պարտքեր է կուտակել:

«Առաջին տարում տվեցին 2-րդ կարգի հաշմանդամ, հետո ասացին` 2-րդից փոխում ենք 3-րդ՝ հանձնարարված է կարգի իջեցում անել: Ասացին, որ 3-րդ պետք է ցմահ տանք, բայց դրանից էլ զրկեցին: 2-րդ կարգի ժամանակ 81 հազար դրամ թոշակ էի ստանում, էլի կարողանում էի ինչ-որ չափով վարկը մարել: Կարգի իջեցում արեցին, թոշակս դարձավ 58 հազար դրամ, իսկ հիմա գումար չեմ ստանում, կարգից ընդհանրապես զրկված եմ: Ամեն ամսվա 15-ին իմ վարկի օրն է, հիմա չգիտեմ՝ ինչ պետք է անեմ»,- նշեց նախկին պայմանագրային զինծառայողը:

Գ. Լալայանը բողոքարկել է հաշմանդամության կարգի իջեցումները, սակայն մերժում է ստացել:

Ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքներով Գառնիկ Լալայանը նաև չի կարող նորից ծառայության անցնել: Նա վստահ է, որ զննություն անցնելուց հետո իրեն ծառայության համար պիտանի չեն ճանաչելու:

«Ես գիտեմ, որ դիմեմ էլ, միևնույն է՝ իմ դիմումը մերժվելու է, ինձ ասելու են՝ գնա, բժշկական
կամիսիա անցի: Հիմա եթե այսօր իմ ձեռքը բան չի բռնում, ես կարո՞ղ եմ ծառայության անցնել: Նյարդային համակարգը մարդու ամենակայուն տեղն է, ես ամեն չնչին բանից նյարդայնանում եմ, կարո՞ղ են ինձ զենք տրամադրել, սահմանում կանգնեցնել: Ես անկառավարելի եմ դառնում: Բայց հիմա եթե ես ծառայության համար պիտանի չեմ, ինձ ինչո՞ւ պետք է զրկեն իմ կարգից: Իսկ եթե ինձ զրկում են կարգից, ուրեմն ես առողջ եմ, թող ինձ ընդունեն ծառայության, մի հաստիքի վրա դնեն»,- նշեց Գառնիկ Լալայանը:

Հակոբ Ասլանյան

Be the first to comment on "Առաջնագծում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին զրկել են հաշմանդամության կարգից և թոշակից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ