«Ճանապարհն ինձ բերեց Ամերիկա, երազանքներս՝ Հոլիվուդ». Ամերիկահայ դերասան Դավիթ Սարգսյանն արժանացել է միջազգային որակավորման մրցանակի

 

Yelaket.am-ի զրուցակիցը՝ ամերիկահայ երիտասարդ դերասան Դավիթ Սարգսյանը. միաժամանակ երեք IMDb որակավորման հեղինակավոր համաշխարհային կինոփառատոնների դափնեկիր է դարձել ‘’Molehill’’ ամերիկյան կարճամետրաժ ֆիլմում խաղացած գլխավոր դերով: Այստեղ նա մարմնավորում է երիտասարդ Սիդին, ով պատանեկան խառնաշփոթի ու ընտանեկան հարաբերություննրի շրջանակում խնդիր ունի հավատարիմ մնալու ինչպես սեփական սկզբունքներին, այնպես էլ ընտանեկան արժեքներին:

 

Դավիթ Սարգսյանն այս կերպարով երեք հեղինակավոր կինոփառատոններում միաժամանակ արժանացել է Լավագույն երկրորդ գլխավոր դերակատար (Best Supporting Actor) մրցանակին: Այդ փառատոններն են՝ ‘’Festigious International Film Festival”, ‘’Los Angeles Actors Awards”, և իտալական “Oniros Film Awards”-ը, որտեղ ի դեպ, Ալինա Սմոլյերի հետ նրա խաղը (ով ֆիլմում մարմնավորում է Սիդի քրոջը՝ գլխավոր հերոսուհուն) ճանաչվել է նաև որպես Լավագույն դերասանական զույգ (Best Acting Duo):

«Այս հեղինակավոր կինոփառատոնները դերասանների վարկանշային IMDb որակավորման փառատոններ են, որոնք մեծ ազդեցություն ունեն և որակավորման նոր մակարդական են համարվում մեր մասնագիտական աճի ճանապարհին: Այսինքն՝ յուրքանչյուր քաստինգի կամ լսումների ժամանակ կարևոր նիշ է համարվում դերասանի IMDb դատաբազայում լինելը»,-մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Սարգսյանը:

 

Նրա խոսքերով շատերն են երիտասարդ տարիներին պայքարում այս որակավորման ու մրցանակների համար. «Գիտեք՝ կարևորը ոչ թե բուն մրցանակն է, այլ այն գնահատականը, որ դու տեսնում ես քո կատարած աշխատանքի համար: Երբ տեսա “Los Angeles Actors Awards”-ի ժյուրիի նախագահ Ռոյ Զաֆրանիի գրությունը, որտեղ նա ասում էր, որ գերազանց խաղ եմ դրսևորել, ավելի կարևոր բան չկար ինձ համար… »:

 

Դավիթ Սարգսյանը հայաստանյան հանդիսատեսին հայտնի է «Թուղթ ու գիր» (մարմնավորել է Ջեքի կերպարը) և «Վտանգավոր խաղեր» (մարմնավորել է Արամի կերպարը) բազմասերիանոց հեռուստանովելներից:

Մինչդեռ այժմ դերասանն ակտիվորեն մասնակցում է ամերիկյան մի քանի նախագծերի նկարահանումներին, համագործակցել է Discovery Channel-ի հետ, նկարահանվում է գովազդային հոլովակներում, ինչպես նաև հայ և օտարերկրացի ռեժիսորների ժամանակակից արվեստի նախագծերում:

Դավիթ Սարգսյանի մասնագիտական կարիերայի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռեժիսոր Թրեյ Հալեյի ‘’The Family Business’’ դրամատիկ էքշնում և ռեժիսոր Ռոջեր Քուպելյանի «Բյուզանդիայից Արևելեք (East of Byzantium )» պատմավավերագրական ֆիլմում խաղացած դերերը: «Այս պահին ես զբաղված եմ անընդհատ լսումների ու քաստինգների մասնակցելով:

Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել դրան, որովհետև պրոֆեսիոնալ կինոգործիչների և դերասանների զարգացման համար դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է: Նաև սովորում եմ քոլեջում՝ միաժամանակ երկու՝ դերասանի և պարուսույցի որակավորումներ ունենալու համար:

Որպես պարուսույց արդեն դասավանդում եմ Լոս Անջելեսի ՛՛La Imperial Dance Studio’’-ում»,-նշեց Դավիթ Սարգսյանն ու զրույցի վերջում կիսվեց նաև իր երազանքներով. «Ճանապարհն ինձ բերեց Ամերիկա, երազանքներս՝ Հոլիվուդ: Ու կարծես թե ստացվում է: Դեռ դպրոցական տարիներից կապված եմ եղել բեմին՝ պարին ու երաժշտությանը, բայց հիմա երազանքներս ու ձգտումներս ինձ տանում են դեպի հոլիվուդյան մեծամասշտաբ կինոպրոյեկտներ, որտեղ հնարավորություն կունենամ խաղալու համաշխարհային ճանաչում ունեցող դերասանների հետ: Չափից շատ էներգիա ու ժամանակ եմ ծախսում այդ նպատակս իրականացնելու համար, ու գիտեմ, որ շատ շուտով կհասնեմ դրան: Այստեղ շուկան մեծ է, մրցակցությունը՝ ահռելի: Այդ մրցակցությանը դիմանում են նրանք, ովքեր անդադար աշխատում են, կատարելագործվում ու նվիրվում իրենց երազանքին»:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "«Ճանապարհն ինձ բերեց Ամերիկա, երազանքներս՝ Հոլիվուդ». Ամերիկահայ դերասան Դավիթ Սարգսյանն արժանացել է միջազգային որակավորման մրցանակի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ