Շարքային Անդրանիկ Զոհրաբյան. Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամի հետ չենթարկվեց հրամանին, չնահանջեց

 

Մեր ժամանակի հերոս Անդրանիկ Զոհրաբյան. 20 տարեկանը դեռ չբոլորած զինվորը մեկն էր կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի այն երեք տղաներից, ովքեր չենթարկվեցին իրենց հրամանատարի վերջին հրամանին ու չնահանջեցին` մինչեւ վերջ պայքարելով իրենց դիրքի համար:

Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր, զոհվեց Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել, ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում փոքրաթիվ վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:

Շարքային Անդրանիկ Զոհրաբյանը թշնամուն հետ մղելիս վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը՝ պատնեշի վրայով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է ու վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ հետ է քաշվել մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին, շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը: Անդրանիկ Զոհրաբյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ Քյարամ Սլոյանի հետ կյանքի գնով է պահել հայրենի հողը:

Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ գտնվեց եւ ընտանիքին հանձնվեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը:

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին Վեդի քաղաքում՝ Ատոմ եւ Ալլա Զոհրաբյանների ընտանիքում: Անդրանիկը սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժնում: Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում: 8 տարեկանից Անդրանիկը Վեդիում ֆուտբոլի մարզադպրոց է հաճախում: Մի անգամ էլ Երեւանում մրցումների ժամանակ նրա խաղը նկատում են ու հորն ասում, որ անպայման տեղափոխի Երեւան, ավելի լուրջ մարզադպրոց, քանի որ տղան մեծ պոտենցիալ ունի: 13 տարեկանից նա միայնակ Վեդիից գալիս էր Երեւան՝ պարապմունքների ու վերադառնում: 2014 թվականին՝ բանակ գնալուց մի քանի ամիս առաջ, Անդրանիկին հրավիրում են «Արարատի» առաջին լիգա, որտեղ մեկուկես ամիս մարզվելուց հետո, երբ արդեն պայմանագիր կնքելու ժամանակն էր, զորակոչվում է: Մարզիչն ասում էր՝ ծառայությունից կվերադառնաս, կգաս «Արարատ»:

Երեւանում, «Խաղային մարզաձեւերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի» թիմում, պատրաստվել է ՖԿՀՊԻ-ի ընդունելության քննություններին ու երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ: Մարզվում էր Երեւանում: Ուներ երկու քույր: Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնեց ծառայության: Ծառայում էր Արցախի Մարտակերտի շրջանում։ Հուլիսի 16-ին զորացրվելու էր:

Անդրանիկ Զոհրաբյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է զինվորական բարձրագույն պարգեւով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։

 

Be the first to comment on "Շարքային Անդրանիկ Զոհրաբյան. Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամի հետ չենթարկվեց հրամանին, չնահանջեց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ