Ինձ համար դա ծայրահեղ անկիրթ քայլ է Մշակույթի նախարարության կողմից. Սյուզաննա Մելքոնյան

 

Օրերս  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց հայկական երաժշտարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող անհատների, ստեղծագործական խմբերի գործունեությունը: Անվանակարգերը շատ էին, հաթողները՝ նույնպես: Մի շարք երգիչ, երգչուհիներ մրցանակաբաշխությունից հեռացան հաղթանակած, իսկ ոմանք էլ՝ ներկա գտնվեցին պարզապես հյուրի կարգավիճակում: Սակայն կան արտիստներ, որոնց Մշակույթի նախարարությունն ընդհանրապես չանդրադարձավ: Նրանցից մեկը երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն է, ով 2017թ.-ին Հայաստանը ներկայացրեց «Նոր ալիք» միջազգային մրցույթում՝ երգչուհի Էռնա Միրի հետ միասին բերելով հաղթանակ:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Սյուզաննայի հետ՝ զրուցելու մրցանակաբաշխությանը չհրավիրվելու և որեւէ մրցանակի չարժանանալու մասին:

Սյուզաննան մեզ հետ զրույցում խոստովանեց, որ շատ վիրավորված է նման վերաբերմունքից եւ իրենց չգնահատված է զգում Մշակույթի նախարարության կողմից.

 

«Սկզբում նշեմ, որ ես ընդհանրապես տեղյակ չեմ եղել, թե ինչ հիմունքներով է առհասարակ անցկացվում մրցանակաբաշխությունը: Ինքս էլ ակնկալիք չեմ ունեցել, որ կնոմինացվեմ, օրինակ, «Լավագույն երգ», «Լավագույն տեսահոլովակ» կամ «Լավագույն կատարում» անվանակարգերում, քանի որ հասկանում եմ, որ դեռ չեմ համապատասխանում դրանց: Սակայն ես Հայաստանը ներկայացրել եմ միջազգային մրցույթում եւ այնտեղից հաթանակած եմ վերադարձել. չէ՞ որ երգչի կյանքը միայն երգ կամ տեսահոլովակ ներկայացնելը չէ»,- ասաց Սյուզաննա Մելքոնյանը՝ շարունակելով.

«Այն երկրում, որտեղ գոյություն ունի Մշակույթի նախարարություն, կարծում եմ, որ պետք է անպայման անդրադառնային եւ արժանացնեին որեւէ խրախուսական մրցանակի թե ինձ, եւ թե Էռնային»,- շեշտեց երգչուհին:

Վերջինս նշեց, որ վիրավորված է այն բանից, որ իրեն ոչ միայն չեն արժանացրել որեւէ մրցանակի, այլ նաեւ չեն հրավիրել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը.

«Ինձ՝ որպես մարդու, ով կոնկրետ անցած տարի ներդրում է ունեցել երգարվեստում եւ հաղթանակ է բերել Հայաստանին, չեն գնահատել եւ նույնիսկ չեն հրավիրել մրցանակաբաշխությանը: Դա ինձ համար արդեն ծայրահեղ անկիրթ քայլ է: Եվ երբ իմ մենեջերը պարզաբանում ստանալու նպատակով զանգահարում է Մշակույթի նախարարություն, պատասխանում է մի երիտասարդ աղջիկ, ով անգիր արած ինչ-որ նախադասություններ է ասում՝ նշելով, որ պետք էր նախօրոք հայտագրվել: Գիտեք, ես առաջին անգամ եմ լսում, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար երգիչը կամ երգչուհին պարտավոր է հետեւել նախարարության կայքին եւ հայտագրվել: Բայց կոնկրետ ես ոչ մի պարտավորվածություն չունեմ, ես արդեն իմ պարտքը կատարել եմ՝ միջազգային հարթակում ներկայացնելով իմ երկիրը»,- նշեց Սյուզաննան՝ հավելելով.

 

«Շատ ամոթ իրենց, եթե նույնիսկ գոյություն ուներ հայտագրում, նշանակում է, որ իրենք կրկին վատ են աշխատել այն առումով, որ այդ ամենը հանրամատչելի չեն դարձրել: Ստացվում է, որ այն արտիստները, որոնք իրենց պետք են եղել, մրցանակաբաշխությանը հրավիրվել են ներքին կարգով: Սա ինձ համար ոչ թե անհատական վիրավորանք է, այլ՝ երաժշտական ինքնասիրություն, որտեղ ես թույլ չեմ տա այս աստիճան ինձ վիրավորել: Ինչո՞ւ ես պետք է խնդրեմ ինձ տալ խրախուսական որեւէ մրցանակ»,- ասաց Սյուզաննա Մելքոնյանը:

Հարցին՝ արդյոք չգնահատված լինելու զգացումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի հետագայում երգչուհին հրաժարվի մասնակցել որեւէ այլ միջազգային մրցույթի, Սյուզաննան պատասխանեց.

«Կառավարման մարմիններում աշխատող մարդկանց տգետ պատասխաններից ես, բնականաբար, չեմ կարող գնալ նման քայլի: Ընդհակառակը, նմանատիպ դեպքերից հետո պայքարելու եւ հաթանակելու իմ ցանկությունը էլ ավելի է հզորանում: Երկիրը, քո ժողովուրդը մեղավոր չեն, որ երկրի ներսում գոյություն ունեն մի քանի ինքնասիրահարված մարդիկ»,- նկատեց Սյուզաննան:

Իսկ թե արդյոք ապագայում վերջինս մտադիր է մասնակցել որեւէ նոր երգի մրցույթի, Սյուզաննան նշեց.

«Իմ կյանքում միշտ կան նոր ծրագրեր, պարզապես ցանկացած արտիստի կյանքում մեծ բարձունքից հետո լինում է, ասպես ասած, չակերտավոր հանգստի շրջան: Այս պահին ինձ մոտ հենց այդպիսի շրջան է, բայց դա չի խանգարում, որպեսզի ես իմ թիմի հետ միասին մշակեմ մի նոր ծրագիր, որի մասին մի քանի ամիս հետո բոլորը կիմանան: Ինձ համար ամեն ինչ դեռ առջեւում է, ես երբեք չեմ հաձնվում, որովհետև եթե լինեի այդպիսի մարդ եւ կոտրվեի ու հիասթափվեի ինչ-որ երևույթներից, ապա շատ տարիներ առաջ արդեն կդադարեի որեւէ բան ձեռնարկել ու, առհասարակ, բեմում լինել»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Ինձ համար դա ծայրահեղ անկիրթ քայլ է Մշակույթի նախարարության կողմից. Սյուզաննա Մելքոնյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ