Շատերը կարծում էին, որ եթե ամուսնացել եմ ԱՄՆ-ում ապրող աղջկա հետ, ապա ես էլ կտեղափոխվեմ այնտեղ. Նիկոլայ Եղիազարյանը` դստեր ծնունդի մասին

 

Ինչպես հայտնել ենք, փետրվարի 26-ի լուսադեմին ծնվել է դերասան Նիկոլայ Եղիազարյանի եւ կնոջ` Հելենի դուստրը, ում զույգը տվել է Ռուբինա անունը:

Life.panorama.am-ն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Նիկոլային եւ փոքրիկ զրույց է ունեցել երջանիկ հայրիկի հետ:

«Իմ ու աղջկաս հանդիպումը կայացավ իր ծնունդից գրեթե 40 րոպե անց: Դա աննկարագրելի երջանկություն էր, ես տեսա նրան ու աշխարհը փոխվեց մեկ վայրկյանում: Ես ուշադիր նայում էի նրան ու զգում էի, որ այդ պահի հոգեվիճակս պարզապես անբացատրելի էր. Ես շնորհակալ էի Աստծուն, որ արդեն շոշափում ու տեսնում էի ինձ հետ կատարված հրաշքը: Այդ պահից ի վեր երջանկությունս մեծանում է վայրկյան առ վայրկյան: Իր ծնունդից հետո արդեն ամեն առավոտ աչքերս բացելիս առաջինը նրա մասին եմ մտածում ու հիշում: Այնքան հետաքրքիր է, հիմա ոչ միայն ես եմ զանգեր ստանում, այլեւ ինքս էլ եմ ուզում զանգեմ ու երջանկությանս մասին պատմեմ բոլորին, ուզում ուրախությունս կիսեմ մտերիմներիս հետ: Ի դեպ` շնորհակալ եմ կնոջս բժշկուհուն, ով հղիության ողջ ընթացքում եւ ծննդաբերության ժամանակ նրա կողքին էր»,- պատմեց Նիկոլայը:

Դերասանը նշեց, որ մինչ դստեր ծնունդն արդեն պատասխանատվության մեծ զգացում է ունեցել:

 

«Երբ իմացա, որ հայր եմ դառնալու, պատասխանատվությանս զգացումը ասես կրկնապատկվեց: Հիմա զգում եմ, որ ես պարտավոր եմ լավ հայր լինել: Ի դեպ` արդեն ինքս իմ նկատմամբ, իմ քայլերում եւս առավել ուշադիր ու զգույշ եմ»,- ընդգծեց նա:

Խոսելով դստեր անվան ընտրության մասին` Նիկոլայը պատմեց, որ միշտ է սիրել Ռուբինա անունը.

«Ես միշտ մտածում էի, որ եթե տղա ունենամ, ապա հորս անունը կտամ` Ռուբեն, բայց աղջկա համար Ռուբինա անունը եւս շատ-շատ եմ սիրել: Ստացվեց, որ կրկին հորս անվանը նման անուն ընտրեցինք. Աստված առաջ, եթե ապագայում որդի ունենանք, կարծում եմ, քրոջ եւ եղբոր Ռուբինա եւ Ռուբեն անունները համահունչ կլինեն: Ի դեպ` աղջկաս անվան հետ կապված բոլորը շատ դրական են արձագանքում` նկատելով, որ շատ յուրօրինակ ու գեղեցիկ անուն է»,- նշեց նա:

Նիկոլայը շեշտեց` երջանիկ է, որ առաջնեկը աղջիկ է.

«Չգիտեմ ինչու, բայց միշտ ցանկացել եմ առաջինը աղջիկ ունենալ: Միշտ պատկերացրել եմ, որ ես աղջկաս հետ լավ ընկեր եմ լինելու, աղջիկս էլ հպարտանալու է իր հայրիկով»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ամուսնանալով ամերիկաբնակ Հելենի հետ, շատերը կարծում էին, թե Նիկոլայը կտեղափոխվի ԱՄՆ եւ երեխան էլ այնտեղ կծնվի, Նիկոլայը պատմեց.

«Այո, շատերը կարծում էին, որ եթե ամուսնացել եմ ԱՄՆ-ում ապրող աղջկա հետ, ապա ես էլ կտեղափոխվեմ այնտեղ, բայց ես ոչ թե գնացի Ամերիկա, այլ այնտեղից բերեցի կնոջս: Իհարկե, ես հնարավորություն ունեի գնալու, թղթաբանական խնդիրներ չկային, բայց ի սկզբանե ես ասացի, որ ընդհանրապես ցանկություն ու մտադրություն չունեմ մեկնել ԱՄՆ: Հիմա մենք երջանիկ ենք, որ մեր երեխան եւս ծնվեց Հայաստանում` իր հայրենի հողում»:

 

Հելենն ու փոքրիկը տուն կգնան վաղը: Նիկոլայը նշեց, որ կփորձի անակնկալ պատրաստել կնոջ եւ դստեր համար ու նաեւ ժպիտով հավելեց.

«Ամենամեծ անակնկալն ու նվերը իմն է, որ աղջիկս տուն է գալու: Վաղն ի վեր մեր տան մթնոլորտը կփոխվի, այսուհետ մի մեծ երջանկություն է մեծանալու մեր տանը: Սա առանձնահատուկ ուրախություն է նաեւ ծնողներիս համար: Մեր տունը համալրվել է մեկ անձով, ով շատ հարցեր է ամրապնդում ու երջանկություն է բերում»:

Life.panorama.amը փոքրիկ Ռուբինային եւ աշխարհի բոլոր մանուկներին առողջ ու անհոգ մանկություն է մաղթում:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Շատերը կարծում էին, որ եթե ամուսնացել եմ ԱՄՆ-ում ապրող աղջկա հետ, ապա ես էլ կտեղափոխվեմ այնտեղ. Նիկոլայ Եղիազարյանը` դստեր ծնունդի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ