Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել. Դերասան Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին

 

Ասում են՝ աշխարհում յուրաքանչյուրն ունի իր նմանակը կամ նմանակները: Մի մասին հաջողվում է միմյանց տեսնել, մի մասն էլ օվկիանոսի տարբեր ծայրերում են գտնվում ու այդպես էլ իրար գոյության մասին չեն իմանում:

Օրեր առաջ համացանցը սկսեց «խոսել»՝ Երևան քաղաքում ու նույն բնագավառում կողք կողքի ապրում ու աշխատում են գրեթե զույգ եղբարներ հիշեցնող երկու երիտասարդ՝ Լևոն Սարգսյանն ու Հովհաննես Ազոյանը: Նրանց ապշեցուցիչ նմանությունը պայմանավորված չէ ո՛չ գեներով, ո՛չ էլ կերպար ստեղծելու հանգամանքով: Նրանք պարզապես աշխարհում սփռված այն նման մարդկանցից են, ովքեր ճակատագրի բերումով ծնվել ու ապրում են նույն երկրում:

Aysor.am-ի զրուցակիցը Լևոն Սարգսյանն է, ում վերջին շրջանում հանդիպում ենք Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տանդեմ» սիթքոմում՝ Բաբիկի կերպարում:

 

— Լևոն, արդեն մի քանի օր է` համացանցում հայտնված Ձեր լուսանկարներն իսկական խառնաշփոթ են առաջացրել: Ձեր և դերասան Հովհաննես Ազոյանի արտաքին նմանությունն ակնհայտ է, նույնիսկ շփոթմունք է առաջացնում: Դա կերպա՞ր է, թե՞ պարզապես զուգադիպություն:

— Սա հատուկ կերպար չէ, այլ՝ ուղղակի նմանություն: Ես նմանակող չեմ, այլ՝ հումորիստ: Չնայած մեր արտաքին նմանությանը` կարծում եմ՝ մեր կերտած կերպարները միմյանց նման չեն: Մազերս միշտ էլ գանգուր ու մի քիչ երկար են եղել, պարզապես 2010 թվականից հետո ծառայության նպատակով ժամանակ առ ժամանակ կտրել եմ: Հիմա նորից կերպարի համար մազերիս նախկին գանգրությունն ու երկարությունն էր անհրաժեշտ, ինչն էլ ունեմ: Եթե մի օր ինձ ճաղատ կերպար բաժին ընկնի ու պահանջվի, որ քաչալանամ, հաստատ չեմ հրաժարվի: Եվ ասեմ, որ ես առօրյայում հավաքած մազերով եմ, խուճուճներս աչքի չեն ընկնում (ժպտում է, հեղ.):

— Հովհաննեսի հետ հաճա՞խ եք հանդիպում գործնական կամ ընկերական միջավայրում:

— Առաջին անգամ հանդիպել ենք 2013 թվականին՝ ՈՒՀԱ-ի ЕрМИ թիմի 20-ամյակի շրջանակում: Հետագայում շփում չենք ունեցել:

— Այդ նմանությունը գործունեության մեջ Ձեզ խանգարո՞ւմ, թե՞ օգնում է:

— Հավատացեք՝ չի խանգարում, այս նմանության մեջ որևէ բացասական բան չկա, ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ կարծում եմ, որ համատեղ գործունեության ընթացքում այն դրական ազդեցություն կունենա ու երկուսիս էլ կօգնի:

 

— Որքան գիտեմ, դուք և Հովհաննեսն այժմ նկարահանվում եք նոր կատակերգական ֆիլմում՝ երկվորյակ եղբայրների կերպարում: Ճի՞շտ է այս տեղեկությունը:

— Ես միայն ֆիլմի բովանդակությանը, սցենարին եմ ծանոթ: Այս նախագծի հետ կապված` աշխատանքները դեռևս բանակցությունների փուլում են: Ամեն դեպքում, ես իմ համաձայնությունը հաստատել եմ, երբ Հովհաննես Ազոյանն էլ հաստատի, կանցնեն հաջորդ՝ աշխատանքային փուլին:

— Այս ընթացքում նկարահանվում եք Հանրային հեռուստաընկերության «Տանդեմ» սիթքոմում: Սա Ձեր առաջի՞ն էկրանային աշխատանքն է:

— Ոչ, սա արդեն երրորդ սիթքոմն է, որում ես ներգրավված եմ: Գործունեությունս սկսել եմ 2008 թվականին՝ ՈՒՀԱ-ից, հիմա էլ ЕРМУ թիմից եմ, որտեղ հավաքված են Բժշկական համալսարանի տարբեր տարիների ՈՒՀԱ-ի անդամներ: Իմ մասնակցությամբ առաջին սիթքոմը Հ2 հեռուստաընկերության «Taxi Nema»-ն է եղել, հետո Մոսկվայում նկարահանվեցի ևս մեկ նախագծում, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով այդպես էլ եթեր չգնաց: Դե, հիմա էլ ինձ տեսնում եք «Տանդեմ»-ում:

— Ի տարբերություն 90-ականների՝ ՈՒՀԱ-ի հայկական թիմերն այսօր հաջողությունների չեն հասնում: Սրամտությա՞ն, սցենարի՞, թե՞ մեկ այլ խնդիր է առաջ եկել:

— Այսօրվա սերունդը ռուսերենի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, լեզվին լավ չի տիրապետում, իսկ այն, որ ՈՒՀԱ-ի մայր լեզուն ռուսերենն է, գաղտնիք չէ:  Հիմա ավելի լավ գիտեն անգլերեն, նույնիսկ իսպաներեն ու ֆրանսերեն, քան` ռուսերեն:

 

— Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

— Ո՛չ, սննդի անվտանգության տեսուչ եմ, բայց երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Դերասանության հետ կապված ճանապարհս սկսել եմ ՈՒՀԱ-ից: Սակայն ասեմ, որ ապագայում պատրաստվում եմ թատերական կրթություն ստանալ:

— Արդեն այդ բնագավառում եք, էկրաններին: Ձեզ սկսել են ճանաչել, հրավիրվում եք ֆիլմերում ու սիթքոմներում նկարահանվելու: Նման դեպքերում շատերը մասնագիտական կրթությունն ավելորդ են համարում՝ ձեռքբերած փորձն ու ոլորտում ծանոթությունը համարելով ամենամեծ դպրոցը:

— Մեզանից յուրաքանչյուրը մշտապես զարգանալու, առավել պրոֆեսիոնալ դառնալու ու վերև բարձրանալու կարիք ունի: Ես էլ բացառություն չեմ ու ինձ թվում է՝ Թատերական ինստիտուտն այս հարցում ինձ շատ կօգնի: Ասեմ, որ ինձ շատ է հետաքրքրում, գրավում բեմը, թատրոնը, բայց մինչև թատերական կրթություն չստանամ, չեմ մտնի այդ աշխարհ: Քիչ եմ «սնված» այն ամենով, ինչը պետք է թատրոնում հանդես գալու համար:

— Ընտրել եք մի ճանապարհ, որը թեև ճանաչում է բերում, սակայն այնքան էլ նպաստավոր չէ ֆինանսական տեսանկյունից: Չկա՞ մտավախություն, որ մի օր կարող է հետաքրքրությունը մարել ու զղջաք, որ ֆինանսապես առավել հարուստ ուղի չէիք ընտրել:

— Ըստ իս՝ յուրաքանչյուր արտիստ ինքն է պայմաններ դնում ու գին թելադրում: Այդ գումարի չափը միայն քո պրոֆեսիոնալիզմից է կախված: Եթե հետաքրքիր ու աշխուժություն առաջացնող կերպարներ ես ստեղծում, կարծում եմ, գումարից բողոքելու շատ տեղ չես ունենա (ժպտում է, հեղ.): Ինձ թում է՝ եթե սցենարդ լավն է, բայց դերասանը` վատը, ահավոր կլինի, բայց այ լավ դերասանը կարող է կատակերգական վատ սցենարն այնպես խաղալ, որ չկարողանաս ծիծաղդ զսպել:

— Որքան հասկացա՝ Ձերը միայն կատակերգությունն է, դրամատիկ կերպարներում Ձեզ չեք տեսնում:

— Այո, մյուսները կփորձեմ միայն այն դեպքում, երբ գոնե 50-60 տոկոս թատերական կրթություն ստացած կլինեմ: Հիմա միայն КВН-ի դպրոց եմ անցել ու ինձ մենակ այդ սանդղակի մեջ կարող եմ թույլ տալ գտնվել: Բնույթով այնպիսին եմ, որ նրանից, ինչը չեմ կարող անել, հրաժարվում եմ: Անգամ, եթե մեծ գումարներ առաջարկեն:

— Իսկ երգելով կամ հանդիսավարությամբ չե՞ք փորձում գումար աշխատել, թե՞ դա էլ Ձեր սկզբունքների մեջ չի մտնում:

— Սկզբունքայնության հարց չի, ուղղակի երգել չգիտեմ, իսկ մի բան չիմանալ ու դա անել, խաբեություն է: Ինչ վերաբերում է թամադայությանը, մինչև հիմա չեմ փորձել, ու չգիտեմ՝ հետո ինչ կլինի (ծիծաղում է, հեղ.):

— Հայ դերասաններից ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել, ո՞ւմ խաղն է Ձեզ հետաքրքիր:

— Հավատացեք՝ ինձ բոլորն են հետաքրքիր՝ անկախ իրենց տարիքից, սեռից ու ձեռքբերած հաջողություններից: Բոլոր նախագծերին հետևում եմ, փորձում եմ լավ ու օգտակար դասեր քաղել: Իրենց արած սխալներն էլ ես չեմ անում (ժպտում է, հեղ.): Հաճելի կլինի նկարահանվել այն դերասանի հետ, ում հետ էկրանին լավ կերևամ ու ով ինձ համար հետաքրքիր խաղընկեր կլինի:

— Լևոն, մի փոքր էլ խոսենք Ձեր ընտանիքի մասին:

— Ծնունդով Երևանից եմ, արմատնես՝ Ուջան գյուղից: Առավել խորը արմատներս՝ պապերս, Սասունից են… Ունեմ եղբայր, հայր, մայր, ովքեր արտերկրում են բնակվում: Ես էլ մնացել եմ այստեղ, որպեսզի իմ գործունեությունը ծավալեմ ու որոշ հաջողությունների հասնեմ: Բնավորությամբ նպատակասլաց եմ, միշտ առաջ եմ գնում: Տեղում չեմ դոփում ու հետ չեմ նայում (ժպտում է, հեղ.):

— Դրսում առավել հեշտ չէ՞ր լինի հաջողության հասնել:

— Չգիտեմ, ինձ համար ուրիշ երկրում կոնֆորտ չի: Իմ հայրենիքում զբաղվում եմ իմ սիրած գործով, որն ինձ տալիս է ապրելու ու հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները: Իմաստ չեմ տեսնում հեռանալու…

— Ամուսնացա՞ծ եք:

— Դեռևս ոչ, բայց արդեն պատրաստվում եմ ամուսնանալ: Ընտրյալս իմ ոլորտի հետ կապ չունի, ավելի շատ օրենքի բնագավառում է:

— Ձեր՝ արդեն իսկ հայտնիությունը նրան չի՞ խանգարում:

— Չէ, քանի որ ես նույն մարդն եմ մնացել, ինչպիսին մի քանի ամիս կամ մի քանի տարի առաջ էի: Ինձ հաճելի է, որ մարդիկ ճանաչում են, մոտենում, շփվում, կարծիքներ հայտնում:

— Հավանաբար, նաև Ձեզ հետ նկարվելու ցանկություն են հայտնում: Նորից անդրադառնալով Լևոն Սարգսյան-Հովհաննես Ազոյան նմանությանը՝ պատահե՞լ է՝ դրսում Ձեզ շփոթեն:

— Երբեմն լինում է, բայց ես դա զգալով՝ հրաժարվել եմ նկարվելուց ու բացատրել, որ ես այլ մարդ եմ: Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել:

— Մարտի 27-ին դարձաք 27 տարեկան: Ի՞նչ միջավայրում եք անցկացրել Ձեր ծննդյան օրը: Դերասան ընկերներ եղե՞լ են Ձեր կողքին:

— Ես միշտ նախընտրել եմ ընտանեկան մթնոլորտը, բայց քանի որ հիմա ընտանիքս դրսում է գտնվում, նախ՝ ապագա կնոջս հետ եմ անցկացրել, հետո արդեն հավաքվեցինք ընկերներով: Իմ կողքին էին բոլոր նրանք, որոնց ես սիրում ու կարևորում եմ: Ինչ վերաբերում է դերասան ընկերներիս, նախ՝ ЕРМУ թիմի բոլոր անդամներն են, ովքեր արդեն ընտանիքի պես են ինձ համար: Եվ արդեն նաև Ֆելիքս Խաչատրյանը, ում հետ բավական մտերմացել ենք «Տանդեմ»-ի ընթացքում: Նա իմ ավագ ընկերն է, իրենից շատ բան եմ սովորում ու դեռ շատ բան էլ ունեմ սովորելու:

— Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք ավելացնել մեր զրույցում:

— Ընդամենը կցանկանամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ ու աշխատում եմ, նաև նրանց, ովքեր ինձ հետևում ու սիրում են: Իհարկե, չմոռանամ նաև չսիրողներին, նրանց էլ շատ-շատ շնորհակալ եմ:

— Կա՞ն այդպիսիք:

— Իհարկե կան:  Նրանք, ովքեր քո աշխատանքի վերաբերյալ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կարծիք են հայտնում, ուրեմն չեն սիրում: Ի դեպ, նման «անկարծիք» մարդիկ շա՜տ վտանգավոր են (ժպտում է. հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Be the first to comment on "Երբեք առիթը չեմ օգտագործել ու իր փոխարեն հանդես չեմ եկել. Դերասան Լևոն Սարգսյանը՝ Հովհաննես Ազոյանի հետ նմանության, հետաքրքիր միջադեպերի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ