«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը հայտնի են դարձել տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին

 

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:  Մրցանակաբաշխությունն անցկացվեց Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Թատրոնի բեմը այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիրը, հայրենիքը: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա հավելել է` հայտնի ճշմարտություն է, որ կինոն դերասաններին, մարդկանց դարձնում է հայտնի, հանրաճանաչ,  հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում:

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով` այսօրվա թատրոնն ունի տաղանդավոր ստեղծագործողներ և հանգիստ կարելի է ասել, որ թատրոնի վաղվա օրը առավել քան տեսանելի է:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթև Ղազարյանը «Սովորական օր» ներկայացման համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը հանձնվեց միանգամից երկու ստեղծագործողի` Ավո Խալաթյանին «Ռևիզոր» ներկայացման համար և  Միքայել Վաթինյանին «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Նարեկ Բաղդասարյան «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանը «9 ամիս» և Սարգիս Արզումանյանը «Անասնաֆերմա» ներկայացման համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Մարիամ Մուրադյանը:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյան «Փոքրիկ ուրվականը»:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի  «Ռոմեո և Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը:

«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:

«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:

«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրված «Սալոմե» ներկայացման համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:

Հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ  ճամպրուկի մեջ» ներկայացման համար:

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը և Գագիկ Թովմասյանը:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյան:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը:

Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից նշվում է մեծ շուքով: «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված և առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

Be the first to comment on "«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը հայտնի են դարձել տարվա լավագույն դերասանն ու դերասանուհին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ