Այսօր ամեն տեղից վեր կացողն իրեն դերասան է համարում, ինչի իրավունքը չունի, ուղղակի՝ չունի. Հրանտ Թոխատյան

Այսօր՝ մարտի 27-ին, թատրոնի համաշխարհային օրն է, որը տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:
«Մեր հանդիսատեսը թատրոն սիրում է եւ դա ամենակարեւորն է: Այսօրվա ամենամեծ բարեմաղթանքն այն պետք է լինի, որ սիրենք թատրոնը: Պետք է թատրոնի գործիչներն ու աշխատակիցները սիրեն թատրոնը, որպեսզի մեր հանդիսատեսի համար լինենք միշտ սիրելի, ակտուալ ու սպասված: Ես կցանկանամ, որպեսզի թատրոնների դրամարկղների մոտ երկար ու շատ հերթեր լինեն, որպեսզի թատրոնի տոմսը համարյա անհասանելի մի բան լինի: Ուզում եմ սրան հասնենք, ինչը տարիներ առաջ եղել է»,- իր շնորհավորանքն ու բարեամաղթանքը հղելիս՝ նշեց Հ. Թոխատյանը:
Նկատառմանը, որ կարծես թե թատերասեր հասարակության շրջանակը մեծանում է, քանի որ թատրոնի գործիչները տարիներ առաջ դժգոհում էին դատարկ դահլիճներից, իսկ այսօր այդ խնդիրը կարծես թե այնքան էլ մեծ չէ, մեր զրուցակիցը նկատեց.
«Անակախ տարիքից, շրջանից եւ սոցալական ու քաղաքական վիճակից՝ մեր հանդիսատեսը միշտ էլ թատրոն սիրել եւ հաճախել է: Կարեւոր է, որպեսզի թատոնը արժանի լինի հանդիսատեսին: Եթե մենք կարողնանաք ճիշտ, որակյալ ու լավ ներկայացումներ մատուցենք հանդիսատեսին, ապա դահլիճները դատարկ չեն լինի եւ վերջում էլ կհնչեն ամենաբուռն ծափահարությունները»:
Խոսելով այսօր մեր թատրոններին  խնդիրներից՝ Հրանտ Թոխատյանը մատնանշեց իր համար ամենակարեւոր հարցը.
«Մեզ պակասում է արդիականությունը: Պետք է մի քիչ ավելի փորձենք ինտեգրվել եվրոպական, ամերիկյան թատրոնների գործելաոճին: Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհի թատրոններում, հարկավոր է ստեղծել պայմաններ, որպեսզի մենք նրանց տեսնենք մեր բեմերում եւ մենք էլ հաճախ լինենք իրենց բեմերում: Պիտի հյուրախաղերը ավելի շատ լինեն միջազգային, քան նեղ-ազգային, որովհետեւ հաճախ մենք արտերկիր հյուրախաղերի գնում ենք հենց հայ հանդիսատեսի մոտ: Ես չեմ ասում, որ դրսի հայ հանդիսատեսին ներկայանալը կարեւոր չէ, բայց ոչ պակաս կարեւոր է, որ մենք կարողանանք օտար հանդիսատեսին ներկայանանք մեր ներկայացումներով: Այս դեպքում մեր թատրոնների հյուրախաղային աշխարահգրությունը կմեծանա, իսկ դրա համար պետք  է ստեղծվեն այն ներկայացումները, որոնք այսօր արդիական են աշխարհի համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Հրանտ Թոխատյանը նաեւ շեշտեց, որ պետք է կարողանալ տարբերել իսկական դերասաններին, եւ այդ կոչումը ամեն մեկին չշռայլել.
«Պետք չէ հաճախ շոուները խառնել ներկայացումների հետ, դրանք շատ տարբեր են, բայց մենք, չգիտես ինչու, ամեն ինչը անվանում ենք ներկայացում: Ասեմ ավելին՝ այսօր ամեն տեղից վեր կացողն իրեն դերասան է համարում, ինչի իրավունքը չունի, ուղղակի՝ չունի: Երիտասարդը երկար պետք է մտածի, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ դերասան, պետք է հասկանա, թե ինչ մասնագիտություն է դա, հետո նոր միայն իրեն դերասան կոչի: Դերասանի կոչմանը պետք է արժանանալ, թատերական ինստիտուտն ավարտելը դեռ չի նշանակում, որ դերասան ես: Այդ ժամանակ գուցե դերասան դառնալու ճանապարհին ես կանգնում, առաջին քայլերդ ես անում, բայց մի անգամ, որեւէ սերիալում երեւալը, դեռ չի նշանակում, որ հասել ես դերասանի կոչմանը արժանանալուն: Ի վերջո, աշխարհում կան շատ անվանի դերասններ, որոնք մեծ ֆիլմերում են նկարահանվում, բայց էլի իրենց դերասան չեն կոչում: Այ, եթե կարողանանք հասկանալ սա եւ իրարից տարանջատել, ապա այդ դեպքում բոլոր ժանրերն էլ կլինեն թատրոնում եւ ամեն ինչն էլ իր տեղում կլինի»,- նշեց նա, իսկ հարցին, թե մարդիկ այսօրվա սերիալային բազմաժանրության մեջ ինչպե՞ս տարանջատեն  իսկական դերասաններին, Հրանտ Թոխատյանը խորհուրդ տվեց.
«Պետք է հաճախ լինել թատրոններում, ներկայացումներ դիտել եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Ինչպես որ կարողանում ենք փորձելով տարբերել, թե որ հացթուխի հացն է լավը, այնպես էլ թատրոններ հաճախելով ու դերասաններին տեսնելով՝ կկարողանանք հասկանալ, թե ովքեր են իսկական դերասանները»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Այսօր ամեն տեղից վեր կացողն իրեն դերասան է համարում, ինչի իրավունքը չունի, ուղղակի՝ չունի. Հրանտ Թոխատյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ