Հայաստանում ներդրումներ անելու համար սփյուռքահայը պետք է համոզվի, որ սա իր տունն է. Վահե Բերբերյան

 

Tert.am-ը սփյուռքահայ հայտնի երգիծաբան, արվեստագետ Վահե Բերբերյանի զրուցել է Սփյուռքի խնդիրների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։ Վահե Բերբերյանն ասում է, որ սփյուռքահայը Հայաստանում ներդրումներ անելիս պետք է վստահ լինի, որ Հայաստանն իրեն որպես «կթու կով» չի օգտագործի: Մյուս կողմից էլ, նրա նկատառմամբ, սփյուռքահայը պետք է Հայաստանին չվերաբերվի այնպես, թե իբր ինքն ամեն ինչ գիտի, եկել է Հայաստան՝ սովորեցնելու:

-Պարո՛ն Բերբերյան, ժամանակին ասել էիք, որ Սփյուռքում հայկականությունը, հայի ինքնությունը երևում է միայն Հայոց ցեղասպանության մասին խոսելով: Ձեր կարծիքով՝ ինչ-որ բան փոխվե՞լ է Սփյուռքում, ընդհանրապես ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:



-Կարծում եմ՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերանայման կարիք ունեն՝ նոր ակնոցով: Դա կարևոր հարց է, որովհետև մենք երբ սփյուռքի կամ Հայաստանի մասին ենք խոսում, վերաբերմունքն այնպես է, կարծես դեռ «երկաթե վարագույր» կա, կարծես դեռ Խորհրդային Միությունը կա, և Սփյուռքն ու Հայաստանը կարծես լրիվ տարբեր էություններ ունենան՝ հստակորեն իրարից բաժանված իրողություններ են: Բայց, իմ կարծիքով, իրականում այդպես չէ՝ Խորհրդային Միությունը չկա, սահմանները բաց են, և ոչ միայն քաղաքական մոտեցումներն են լրիվ փոխված, այլ նաև ֆիզիկական հնարավորություններն են փոխվել: Հատկապես «գլոբալ գյուղի»՝ համացանցի առկայության պայմաններում ցանկացած պահի կարող ես իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում կամ Սփյուռքում: Կարևոր է, որ նորագույն տեխնոլոգիաներն ի շահ մեզ օգտագործենք, որ Հայաստան-Սփյուռք մեկ մարմին ստեղծվի: Արդեն տեսնում ենք այդ մերձեցումը:

-Բացի համացանցի ստեղծած հնարավորություններից, Ձեր կարծիքով՝ այլ հանգամանք չկա՞ մերձեցման համար:

-Այսօր շատ սփյուռքահայեր կան, որ եկել են Հայաստան, տեսել և զգացել են այն, բարեկամություն են այստեղ ստեղծել: Բավականին շատ սփյուռքահայեր այստեղ տուն են գնել, ներդրումներ են անում: Իդեալական կլիներ, որ դա շարունակվեր, որ Հայաստանն իր հմայքով այնքան զորավոր լիներ, որ Սփյուռքը գար և ներդրումներ ավելի շատ աներ և շատ ավելի հանգիստ զգար, ապահովություն զգար ներդրումներ անելիս:

-Պարո՛ն Բերբերյան, Դուք լիբանանահայ եք, հիմա Ձեր ծննդավայրում իրավիճակը բավականին անհանգիստ է: Մենք տեսանք՝ Սիրիայում ինչ եղավ, որքան սիրիահայ լքեց գաղթօջախը, նրանցից մի մեծ մաս եկավ Հայաստան: Հաշվի առնելով սիրիահայերի փորձը Հայաստանում, Ձեր տպավորությամբ, ի՞նչ ընտրություն կանեն Մերձավոր Արևելքի այլ երկրների հայերը վտանգի դեպքում, կգա՞ն Հայաստան, այն գրավի՞չ է սփյուռքահայի համար:



-Հայաստանը միշտ գրավիչ է սփյուռքահայի համար, եթե հեշտ լինի նրանց համար՝ հատկապես եթե այն երկրներից են գալիս, որոնց պայմանները լավ չեն, նրանք կմնան այդտեղ: Եթե մարդը պատերազմից է փախել, ուրեմն գաղթական է, տուն-տեղ թողած եկել է, պետք է օգնել նրան: Մյուսը, որ գալիս է այստեղ ներդրումներ անելու, եթե տեսնում է, որ լավ պայմաններ չեն առաջարկում կամ դյուրություններ չկան, պետք է հանգիստ չզգա իրեն, հիասթափվի: Մենք տեսանք, թե սիրիահայերի դեպքում ինչ եղավ՝ մի մասը մնացին, կարողացան ինչ-որ բան անել, շատերը հեռացան Հոլանդիա կամ Կանադա, որովհետև տեսան, որ դժվար է Հայաստանում ապրելը: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք շատ մեծ հույսերով Սիրիայից Հայաստան եկան, բայց չկարողացան մնալ, չդիմացան: Բայց ես կարծում եմ, որ կարելի է Հայաստանում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Սփյուռքից եկողներին օգնություն հասնի: Նույն սիրիահայերը, որ Կանադա գնացին, նրանց տուն տվեցին, նրանց համար պայմաններ ստեղծեցին:

-Հայաստանը Կանադայի պես զարգացած երկիր չէ: Այստեղի իշխանությունները սիրիահայերի դժգոհությանը պատասխան ունեն, բազմից նշել են, որ օգնել են, որքան կարողացել են, մեր հնարավորություններն այդքան են:

-Այո՛, գիտեմ: Բայց ես չգիտեմ, թե որքան են անկեղծ նրանք: Բայց եթե այդքանն էին բոլոր հնարավորությունները, նշանակում է, որ Հայաստանում շատ տխուր վիճակ է, որովհետև ավելին կարելի էր անել: Բայց Սփյուռքն էլ չպետք է սպասի, որ հրդեհը բռնկվի, հետո նոր փախչի տնից: Սիրիայի դեպքում այդպես եղավ, Իրաքի դեպքում ևս այդպես եղավ: Հավանաբար Լիբանանում էլ կարող է նման բան լինել: Եվ եթե լիբանանահայն էլ Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի, ապա հիմիկվանից պետք է այդ ուղղությամբ աշխատի, հիմնական քայլեր անի, որ եթե ինչ-որ բան պատահի, գա այստեղ, փողոցում չմնա:

-Մենք հաճախ ենք նկատում, որ Հայաստանի իշխանությունները դիմում են Սփյուռքին տարբեր՝  և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարցերով: Սփյուռքն էլ երբեմն ընդառաջ է գնում այդ դիմումին, որոշակի աջակցություն ցուցաբերում։ Ձեր տպավորությամբ՝ Հայաստանը շատ չի՞ հայցում Սփյուռքից: Իրականում ինչպե՞ս պետք է լինի:

-Ես համոզված եմ, որ ամեն սփյուռքահայ ուշ կամ շուտ պետք է գա այն եզրակացության, որ Հայաստանը միակ տեղն է, որ հայկականության ապավենն է, Հայաստանն է ցեղ շարունակելու ապավենը: Ես՝ որպես սփյուռքահայ, համոզված եմ, որ սփյուռքն ամեն հնարավոր բան անում է հայրենիքին օգտակար լինելու համար: Երբ Հայաստանն անկախացավ, մենք տեսանք, թե որքան սփյուռքահայեր օժանդակեցին, փորձեցին հասնել Հայաստանին: Դա կարելի կլինի շարունակել, եթե Հայաստանը որոշ հավաստիացումներ տա: Վստահության հարց կա Հայաստանի նկատմամբ, որը շատ-շատ կարևոր է: Պետք է սփյուռքահայը վստահ լինի, որ Հայաստանն իրենց որպես «կթու կով» չի օգտագործի: Այսինքն՝ այնպես չլինի, որ ասեն՝ Դուք՝ սփյուռքահայերդ, փող տվեք, մի՛ խառնվեք, թե ինչ կանենք, մենք գիտենք՝ ինչ անենք: Այս իրավիճակի նկատմամբ վախ կա: Մենք դա տեսել ենք: Հավանաբար այս հարաբերության մեջ երկու միտք պետք է պահել՝ սփյուռքահայը պետք է այնպես Հայաստանին չմոտենա, որ իբր նա ամեն ինչ գիտի, եկել է Հայաստան՝ սովորեցնելու, իսկ Հայաստանն էլ չպետք է ասի Սփյուռքին՝ ես ամեն ինչ գիտեմ, պետք չէ, որ դու խոսես: Երկու կողմերն էլ իրարից ահագին բան ունեն սովորելու, և միմյանց նկատմամբ մոտեցումները պետք է վերանայվեն:

-Նախորդ տարի Հայաստան-Սփյուռք համաժողովին ձևավորվեց Համահայկական խորհուրդ՝ մարմին, որ պետք է զբաղվի Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններով: Ձեր կարծիքով՝ այդ կառույցը կարո՞ղ է իր նպատակին ծառայել: Բազմաշերտ Սփյուռքը և Հայաստանը մեկ մարմնում կարո՞ղ են միավորվել:

-Կասեմ՝ այո՛, չնայած որ ես ժողովներին այնքան էլ չեմ հավատում: Ես ավելի շատ կողմ եմ գործնական քայլերին: Եթե այդ մարմինը կարողանա մի իրավիճակ ստեղծել, որ սփյուռքահայը վստահություն ունենա, որ, օրինակ, եթե ներդրում կատարի Հայաստանում, ապա դա վտանգված չի լինի, նրա գործունեությունն արդարացված կլինի: Ես համոզված եմ, որ եթե սփյուռքահայը գումար է ծախսում Հայաստանում, ինքը համարում է, որ իր անձնական տունն է վերանորոգում: Սփյուռքը նրա համար վարձակալած տուն է, որտեղ չի ցանկանում գումար ծախսել: Հայաստանի վրա գումար ծախսելու համար սփյուռքահայը պետք է համոզվի, որ սա իր տունն է: Դա շատ-շատ կարևոր է:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման համար շատ կարևոր է նաև կոլեկտիվ ինքնություն ստեղծելը: Սիրիայից կամ Լիբանանից եկող հայի համար երբեմն Սիրիան կամ Լիբանանը շատ ավելի հարազատ են, քան Հայաստանը, հակառակ նրան, որ Հայաստանը հայության օջախն է, հայության կենտրոնն է: Այս խնդրի պատճառներից մեկը լեզվական՝ արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունն է: Պետք է քննվեն լեզուները, ուսումնասիրվեն և քայլեր ձեռնարկվեն՝ այդ լեզուները միավորելու, մեկ լեզու դարձնելու համար: Դա բնավ շատ դժվար բան չէ․ Աթաթուրքը Թուրքիայի այբուբենն ամբողջությամբ փոխեց, արաբերեն տառերից այն լատիներեն տառերի վերածեց: Դա հսկա մի աշխատանք էր, բայց նա արեց և հաջողություն ունեցավ:

Սփյուռքի մեջ իսկապես լեզուն պահելու հարցը շատ կարևոր է: Սփյուռքում շատ հանդիպող օրինակ բերեմ՝ Լոս Անջելեսում՝ համալսարանում, հանդիպել են հայաստանցի և Իրաքից եկած հայ երիտասարդներ: Նրանք ցանկանում են ծանոթանալ, բայց տեսնում են, որ իրար չեն հասկանում՝ մեկը արևմտահայերենը չի հասկանում, մյուսը՝ արևելահայերենը, ընտրում են անգլերենով միմյանց հետ հաղորդակցվելու տարբերակը: Սա ահավոր վատ երևույթ է:

Այլ բան էլ կա․ սփյուռքի հարյուրավոր տարիների մշակութային, գրական ժառանգություն ունենք: Ես կուզեի, որ ձևավորվող Համահայկական միությունն այս խնդրով զբաղվի, որ հայաստանցին կարողանա բավարար չափով գնահատել Վահե Օշականին, Հակոբ Պարոնյանին, Սիամանթոյին, իսկ սփյուռքահայը կարողանա նույն չափով գնահատել Հովհաննես Թումանյանին: Կամաց-կամաց դա կլինի: Ես ասում եմ՝ արդեն սկսել ենք «արևմտաարևելահայերեն» խոսել:

-Ձեզ համար՝ ո՞րն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իդեալական տարբերակը:

-Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը սեքսուալության մասին մի տեսություն ունի, որը հետևյալն է՝ տղամարդը գրգռվում է, երբ կին է տեսնում, կինը գրգռվում է, երբ տեսնում է, որ տղամարդը իրենով է գրգռված, և տղամարդը գրգռվում է, երբ տեսնում է, որ կինը գրգռված է իր գրգռված լինելու պատճառով: Դա շարունակական է՝ իրար վրա ազդող, սիմբիոտիկ հարաբերություն է սկսվում: Կուզեի, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այդպիսի բնույթ ունենան՝ իրար գրգռելու, իրար խանդավառելու, իրար գերազանցելու և միևնույն ժամանակ իրար սիրելու,միասին նույն գրգիռն ունենալու ցանկություն ունենան:

 

Be the first to comment on "Հայաստանում ներդրումներ անելու համար սփյուռքահայը պետք է համոզվի, որ սա իր տունն է. Վահե Բերբերյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ