ՇՊՀ ուսանողը մեղադրեց նախարարին․«Ձեր լռության պայմաններում աճեց մեր բուհում խնդիրը» (Տեսանյութ)

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի  հոգաբարձուների խորհրդի և գիտխորհրդի ընդլայնված նիստը, որից հետո նախարարն ու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեցին ուսանողներին ու լրագրողներին։ Ռեկտորի գործունեությունը քննադատելու պատճառով բուհից հեռացված երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի վերադարձը պահանջող ուսանողներից մեկը՝ պատմության բաժնի 2-րդ կուրսում սովորող Աշոտ Թադևոսյանը, նախարարին ասաց․ «Մեր խորին համոզմամբ` այս խնդիրը համակարգային է ու այդ առումով անչափ կարևորում ենք, որ Դուք այստեղ եք։ Մենք ուզում ենք խորը հարցերից խոսել, ինչպիսի՞ հստակ լուծում եք Դուք պատկերացնում ստեղծված իրավիճակին ու ուսանողները շահելո՞ւ են դրանից։ Չէ՞ որ մարդը, որը բարձրաձայնում է խնդրի մասին, ինքը մեղավոր չէ այդ խնդրում։ Եթե ես խոսում եմ խնդրի մասին, այդ խնդիրը իմը չէ, պարտադիր չէ իմը լինի այդ խնդիրը, որ ես բարձրաձայնեմ այն։ Հիմա պարոն Խորիկյանն ու պարոն Համբարյանը բարձրաձայնել են խնդիրներ, որոնք առաջ չեն եկել իրենց մեղավորությամբ։ Ու էս պահին նրանց ազատել բուհի վարկանիշը գցելու համար, այդ մարդիկ չեն գցել բուհի վարկանիշը, այդ մարդիկ խնդիրներն են բարձրաձայնում։ Անչափ ցավում եմ, երբ որ Դուք ասում եք, թե այս խնդիրը պիտի մնար բուհի ներսում, լուծվեր այնտեղ։ Այս խնդիրը երեկ չէ առաջին օրը չէր առաջ եկել, էս խնդիրը կար սեպտեմբերից սկսած ու ձեր լռության պայմաններում էս խնդիրն աճեց էնքան, որ էսօր էստեղ նստած են մեր բուհի լավագույն ուսանողներն, ու էս մարդիկ հստակ լուծում են պահանջում Ձեզանից։ Ու այս իրավիճակը ստացվել է այն պատճառով, որ Դուք լռել եք ամիսներ շարունակ։ Այ, հիմա, խնդրում եմ՝ էլ մի լռեք, խոսեք, տեսնենք՝ ի՞նչ լուծում եք առաջարկում ուսանողներին»։

 

ւսանողի ելույթից հետո սկսվեցին ծափահարություններ։ Նախարարն ասաց, որ ուսանողների առաջին բողոքից հետո Շիրակի պետական համալսարան է մտել հատուկ հանձնաժողովը, որը ստուգումներ է իրականացրել, լուրջ խնդիրներ է արձանագրել, որից հետո աուդիտ է եղել, և  այս ամենը սրբագրելուց հետո եկել-հասել են այսօրվա նիստին։ «Ես ուզում եմ, որ դուք հավատաք համալսարանին, երբ որ ես ասում եմ՝ համալսարանի ներսում պետք է խնդիրը լուծվի, ես չեմ խոսում, որ եկեք մեր պրոբլեմները փակենք մեր մեջ, ես խոսում եմ, որ դուք՝ որպես Շիրակի համալսարանի ուսանող, ոնց որ ասենք Օքսֆորդի համալսարանի ուսանողը, հավատաք ձեր համալսարանին և փորձեք ձեր խնդիրները կարգավորել ձեր համալսարանի կառույցների միջոցով։ Ես ինչո՞ւ չխառնվեցի, որովհետև առաջին պահից փորձում են ներքաշել անձնավորված հարաբերությունների դաշտ, որակումներ են տալիս։ Եթե ես հաշվի չառնեի, որ ընդհանուր էմոցիոնալ վիճակ կա, առնվազն արտահայտությունների մի զգալի հատվածի համար ես՝ որպես անձնավորություն, ինձ վիրավորելու համար կարող էի պատասխանատվության կանչել»,-ասաց նախարարը։ Զգալի էր, որ նախարարը շատ է նեղված Գագիկ Համբարյանի հրապարակային ելույթներից․ ըստ նախարարի՝ ոչ մեկին առանց հիմքի իրավունք չի տրված որակում տալ ու վիրավորել որևէ մեկին, ասենք գիտխորհրդին, պաշտոնյային։

 

Ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ խնդիրները  բուհում համակարգային են։ «Պարոն Մինասյանի որդեգրած քաղաքականության հետևանքով է բուհի հեղինակությունն ընկնում։ Կան բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են այն միտումը, որ պարոն Մինասյանը կամայականորեն է վերաբերում։ Իմիջիայլոց, այս երկու դասախոսի խնդիրները բարձրաձայնելուց և այլ նկատառումներից հետո աշխատանքից ազատելը որպես նորմալ ընդունելը կնպաստի, որ բուհի ներսում նույն քաղաքականությունը կիրառվի թե՛ բուհի ներսում այլ մարդկանց և այլ համոզմունքների տեր մարդկանց նկատմամբ, և թե՛ բուհից դուրս նախադեպ կհանդիսանան ամբողջ հանրապետության ուսանողական ինքնակառավարման ակտիվության հետ կապված»,- ասաց Արմեն Մելքոնյանը։

Նախարարն էլ իր հերթին նշեց, որ բուհի գիտխորհրդի նիստի ժամանակ երկու կին ամբիոնի վարիչներ նեղվել են, թե ինչ հիմքով, ինչ վաստակով, ինչ սկզբունքով են այդ դասախոսներն իրենց իրավունք վերապահում գիտխորհրդին որակավորում տալու։ «Մեկը անգրագետ ասելու, տհաս ասելու, էս տիպի բառեր ասելու համար, նախ վաստակած մարդը էդպիսի բառեր երբեք չի օգտագործի, ինձանից էդպիսի բառեր երբեք չեք լսի, որովհետև ես հարգում եմ իմ խոսքը, երկրորդը՝ եթե գնում է նման որակավորում, ապա պետք է ինչ-որ ճանապարհ անցած լինես, դրա իրավունքը ունենաս»,-ասաց նախարարը։ Ըստ նրա՝ հոգեբանական, աշխատանքային, բարոյական հարցերը որտե՞ղ պիտի քննարկվեն, եթե ոչ համալսարանում, գիտխորհրդում կամ էթիկայի հանձնաժողովում։ Նախարարի ասելով՝ այլ հարց է, եթե քննադատեն գիտխորհրդի ընտրության մեխանիզմը ու առաջարկեն կանոնադրությամբ փոխել և կամ ասեն, որ էթիկայի հանձնաժողովը ճիշտ ձևաչափով չի ընտրվում, փոխեն։ Ուսանողները հետաքրքվեցին, թե չկա՞ արդյոք մտադրություն հանդիպել և լսել բուհի հեռացված դասախոսներին։ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ Խորիկյանն ու Համբարյանը երբևէ չեն դիմել իրեն, իր հետ խոսելու ցանկություն չեն հայտնել։ «Էս վերջերս սկսեցին մամուլով գրել այն մասին, իբր թե չենք հանդիպում, չենք զբաղվում։ Ես առաջին օրվանից զբաղված եմ այս հարցով, տեղյակ եմ ամեն ինչից մանրամասնորեն։ Կապվել եմ պարոն Մկրտչյանի հետ, պարոն Մկրտչյանն, իմանալով այս մասին, եկել, ստուգումներ են անցկացրել և այլն, և այլն», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը։ Ի դեպ, ուսանողները պնդեցին, որ նրանք հենց այսօր հանդիպեն իրենց դասախոսներին, երբ ներս մտավ Հովհաննես Խորիկյանը, հուզիչ մի տեսարանի ականատես եղանք․ ուսանողները սկսեցին ծափահարել ու խնդրել, որ չզրկեն իրենց բարձրակարգ գիտնականի հետ շփումից։ Լրագրողները դուրս եկան, որպեսզի ավելի ազատ քննարկեն խնդիրը։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ էլ նախարարը նշեց, որ բուհի գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը, ֆինանսական հաշվետվությունները կհրապարկվեն, ու բոլորը կտեսնեն, թե ինչքան գումար է ծախսվել շինարարության վրա, ինչ հիմքերով, մրցույթո՞վ է եղել, թե՞ առանց մրցույթի։ Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե կպատժե՞ք ռեկտորին, նախարարն ասաց․ «Ի՞նչ է կատարել, որ պատժվի, որովհետև, ըստ էության, ֆինանսական հաշվետվությունների հաշվեկշիռը և ստուգումները ցույց են տալիս դրանց համապատասխանությունը»։ Նա՝ որպես նախարար, չբնութագրեց ռեկտորի գործունեությունը՝ նշելով, որ էթիկապես ճիշտ չէ, նրան ընտրել է հոգաբարձուների խորհուրդը։ Ֆելիքս Ցոլակյանն էլ ասաց, որ բուհում ստեղծված իրավիճակի համար բոլորն են մեղավոր։ «Բոլորն են մեղավոր այս ամեն ինչի համար, ես էլ եմ մեղավոր, ես վերցնում եմ դա իմ վրա, մեղավոր են բոլորը՝ սկսած ուսանողից վերջացրած ամենաբարձր դասախոսը, մեղավոր են, որովհետև ժամանակին ամեն մեկը կարող էին մի քայլ անել, խրատական մի բան ասել, խորհուրդ տալ և կամ մի բան անել, որը կկարգավորեր այս հարցը, չէր հասցնի էս օրին։ Հիմա մենք ելք ենք ման գալիս»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/03/24/944934/

 

 

Be the first to comment on "ՇՊՀ ուսանողը մեղադրեց նախարարին․«Ձեր լռության պայմաններում աճեց մեր բուհում խնդիրը» (Տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ