ՄԻԱՅՆ ՃԱՇ ԵՓԵՄ, ԱՐԴՈ՞ՒԿ ԱՆԵՄ

 

Հայ ընտանիքում կինը հաճախ բախվում է այնպիսի խնդիրների, որոնք մասնագետները կոչում են ճնշումներ եւ, նույնիսկ՝ բռնություն: Դրանք առաջանում են հաճախ կարծրատիպային մտածողության արդյունքում, որոնցից մեկն է` կինը չպետք է աշխատի: Ինչպես նկատում է հոգեբան Զինա Թորոսյանը, կնոջն աշխատել արգելող տղամարդը կարող է, օրինակ, պսիխոպատ լինել, իսկ նպատակները` տարբեր. չաշխատի, որպեսզի չիմանա, թե ինչ է ինքն անում դրսում, կամ որ կնոջ ձայնը չբարձրանա եւ իր կարծիքը չհայտնի։ Վերջապես նա կարող է ուժեղ մանիպուլյատոր լինել եւ ասել. «Ես պիտի գամ, ու իմ ճաշը պիտի սեղանին դրված լինի եւ այլն, եւ այլն»: Կամ կինը տնից դուրս չգա, որ նրա վրա գումար չծախսի. չէ՞ որ մենք ունենք շատ տղամարդիկ, որոնք ասում են. «Դու նոր կոշիկն ի՞նչ պիտի անես, ո՞ւր ես գնում որ»:

Պիտի քո ես-ը ցույց տաս

Գայանեն բուհն ավարտել է 15 տարի առաջ: Վերջին կուրսում ամուսնացել է: Մինչ ամուսնանալը գիտեր, որ չի աշխատելու: «Չի էլ թողել պրակտիկաների գնամ,- ափսոսանքով հիշում է,- այն ժամանակ սխալ էի մտածում: Ինձ թվում էր` ինչ ասում են, պիտի լսես: Բայց, ո՛չ, դու պիտի քո ես-ը ցույց տաս: Կուլ չպիտի գնաս: Հա՛, ամուսնուս շատ սիրում եմ, հարգում եմ նրա խոսքը, բայց դու քեզ էլ պիտի գնահատես»:

Պատմում է` երբ երեխան ծնվեց, որոշ ժամանակ անց հասկացավ, որ շատ է ուզում աշխատել: «Դուրս ես գալիս, մարդկանց հետ շփվում, զգում ես, որ եթե աշխատեիր, քո փողի տերը կլինեիր ու ամեն րոպե ամուսնուդ չէիր ասի՝ փո՛ղ տուր էս անեմ, փո՛ղ տուր էն անեմ»,- պատմում է` այստեղ էլ իր սխալը տեսնելով. պահանջկոտ չի եղել երբեք, հիմա արդեն տարիների փորձից համոզվել է` կինը պետք է պահանջկոտ լինի: Ճիշտ է` վստահ է, որ ամուսինն իրեն կյանքից առավել է սիրում, բայց հարգանքն ու վերաբերմունքը կինն ինքը պիտի ձեւավորի տղամարդու մոտ:

 

Ամուսինը նրա չաշխատելու արգելքը բացատրում էր երեխաների դաստիարակությամբ: «Ավելի կարեւոր է երեխայիս լավ դաստիարակությունը, քան քո 100 հազար դրամը»,-պատճառաբանել է ամուսինը: Իսկ երբ երեխան արդեն մանկապարտեզի տարիքի է եղել, եւ կինը ցանկացել է աշխատել, այդ ժամանակ էլ պատճառաբանել է. «Ո՞նց թե, իմ երեխեն էդ երեխեքի հետ պարտեզ չի գնա»: «Ես էստեղ էլ կոտրվեցի, բայց որոշեցինք երեխային տանել քոլեջ: Երբ գնում էի քոլեջ, ավելի ծանր էի տանում իմ չաշխատելու փաստը: Երբ աշխատում ես, քեզ հետեւում ես, իսկ էսպես, ամբողջ կյանքդ նվիրում ես տան գործին, ստրուկի նման քեզ մոռանում, ու ամենածանրը հենց դա է` ինքդ քո մասին մոռանալը: Չաշխատելուց ուղեղդ էլ հետ է գնում: Եթե նախկինում մի բանը մի անգամ էի կարդում, հիմա հինգ անգամ եմ կարդում, որ հասկանամ»,- պատմում է Գայանեն: Բացի բարձրագույն կրթությունից` տիրապետում է եղունգների հարդարման հմտությանը: Երբ ցանկացել է տանը դրանով զբաղվել իրեն հարմար ժամերին, որ չտուժեն ո՛չ երեխաները, ո՛չ տան գործը, ամուսինը կրկին արգելել է. «Դու բարձրագույն կրթություն ունես, հո մատնահարդա՞ր չես»:

 

Փող եւ սոցիալիզացիա

Հոգեբան Թորոսյանի խոսքով` եթե կինն իսկապես ցանկություն ունի աշխատելու, եւ ճնշումների միջոցով արգելվում է նրան աշխատել, ապա գործ ունենք հոգեբանական բռնության տեսակի հետ: Բայց կան նաեւ կանայք, որոնք` իրենք, ցանկություն չեն հայտնում աշխատելու` կանխավ իմանալով, որ ամուսինը համաձայն չէ, կամ այդ ընտանիքում ընդունված չէ, որ կինն աշխատի: Ասում է. «Եթե երեխան մեծանում է մի ընտանիքում, որտեղ թե՛ մայրը, թե՛ տատը չեն աշխատել, որտեղ կա այն պատկերացումը, որ կինը պետք է լինի միայն որպես օջախը պահպանող, գազօջախի մոտ ճաշ եփող, լվացք անող, նա կարող է ամուսնությունից հետո ընդհանրապես աշխատելու ցանկություն չհայտնել»:

Մասնագետը վստահ է` աշխատանքը միայն փողի համար չէ, այն մարդու սոցիալիզացիայի համար է: Իսկ չաշխատող կինը սոցիալիզացված չէ: Հնարավոր է, որ նա տարիներով նույնիսկ չհասկանա, թե ինչ է կատարվում, եւ հանկարծ նկատի, որ այլեւս հետաքրքիր չէ իր ամուսնուն, որ իր կարծիքի հետ հաշվի չեն նստում, քանի որ այլեւս որեւէ մեկն իր օգնության կարիքը չունի, եփած ճաշերը ոչ մեկին պետք չեն, բոլորն իրենց զարգացման ճանապարհով են գնացել, երեխաներն ամեն մեկը թեւ առել թռել է, եւ ամուսնու համար ինքը նույնիսկ հետաքրքիր զրուցակից չէ, քանի որ ինչ-որ կերպ դուրս է մնացել հասարակությունից` մնալով իր տան չորս պատի մեջ: Համոզված է` ճիշտ տարբերակն է, որ կինն աշխատի, ունենա իր մասնագիտությունը, իր հոբբին, մշտապես անձնային աճ ապահովի, եւ այդ դեպքում նա հետաքրքիր կլինի ե՛ւ ընտանիքի անդամների, ե՛ւ ինքն իր, ե՛ւ ամուսնու համար ու չի սահմանափակվի միայն կենցաղային կյանքով:

Ճիշտ ընտրություն

«Իհարկե, կնոջ թուլություն էլ կա այստեղ,- կարծում է Թորոսյանը,- սակայն կինը չի կարող իր տղամարդուն փոխել: Այստեղ խնդիրն ընտրության մեջ է: Կա՛մ դու ինքդ քեզ ես ընտրում ու քո կյանքի զարգացման ճանապարհը, կա՛մ ընտրում ես խելացնոր մտքերով մի տղամարդու: Եթե տղամարդը տեսնի, որ կինը գնում է աշխատանքի եւ իր վեճերին բանի տեղ չի դնում, իր տան գործերն էլ հասցնում է, դրանից չի տուժում երեխաների դաստիարակությունը, կնոջ տրամադրությունն էլ ավելի լավ է, տղամարդը գուցե հասկանա, որ այդպես ավելի ճիշտ է»:

Ուրիշի կարծի՞ք, թե՞ սեփական կյանք

Կինը հաճախ չի ընտրում իր ազատությունը, ավելի բարձր է դասում ինչ-որ մեկի կարծիքը, քան իր սեփական կյանքը: Եթե ամուսինն իսկապես կնոջը սիրում է, նա պետք է վերջինիս ցանկությունների հետ հաշվի նստի: «Խնդիրը միայն խոնարհության մեջ չէ։ «Ամուսինս ինչպես ասաց, այդպես անում եմ»: Չէ՞ որ այդ ամուսինը կարող է մի օր քո կողքին չլինել, քեզ չսիրել, լքել, հիվանդանալ, մահանալ, ինչ է, պետք է չկարողանա՞ս ապրել»,- նկատում է հոգեբանը` հավելելով, որ քիչ չեն այն դեպքերը, երբ այդ նույն ավտորիտար ամուսինը 20 տարի կնոջը թույլ չի տվել աշխատել, հետո ինքը, գտնելով այլ կին, հեռացել է, եւ կինը մնացել է անճար: Չէ՞ որ նա 20 տարի ոչինչ չի արել, միայն ճաշ է եփել, եւ հիմա ինքն իրեն պիտի պահի, ինչպե՞ս պիտի անի: Ասում է` այստեղ պետք է ե՛ւ հեռատեսություն, ե՛ւ ճիշտ ընտրություն: Իսկ ճիշտ ընտրությունն անձնային աճն է, հասկանալն է, որ աշխատանքը ոչ միայն փողի համար է, այլեւ սոցիալիզացվելու:

Հետեւանքներ

Ընկճվածության սինդրոմ, երկարատեւ, ծույլ ընթացող դեպրեսիա: «Դեպրեսիան բառացիորեն ասում է` այնպես, ինչպես կա, չի կարող շարունակվել, պետք է ինչ-որ բան փոխել: Իսկ կանայք շաբաթական 1 օր բողոքում են, որ հոգնել են տանը նստելուց, պահածոներ փակելուց, լվացքից, հետո նորից շարունակում են նույն բանն անել: Չի կարող մշտապես տանը գործ անող մարդն իրեն երջանիկ զգալ: Մի օր ինքն իրեն կհարցնի։ «Իսկ ինչի՞ համար եմ ես ապրում, ո՞րն է իմ միսիան, մի՞թե ես ապրում եմ, որ միայն ճաշ եփեմ, արդուկ անեմ, պատուհանից դուրս նայեմ»,- եզրափակում է հոգեբանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Be the first to comment on "ՄԻԱՅՆ ՃԱՇ ԵՓԵՄ, ԱՐԴՈ՞ՒԿ ԱՆԵՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ