«Քարերի սիմֆոնիայի» շինությունն ապօրինի չի եղել, Կառավարությունը ծանոթ է եղել ծրագրին ու վարկ է տվել՝ 8 մլն 750 հազ. դրամ, շինությունն էլ քանդել են առանց իմ թույլտվության. սեփականատեր

 

Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկից 55 մլն դոլար վարկ ստանալու մասին վարկային համաձայնագիր է ստորագրել դեռևս 2016-ին: Ըստ համաձայնագրի՝ տրամադրված գումարով, ի թիվս այլ տեսարժան վայրերի, 2018-ին բարեկարգվելու է նաև Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» տարածքը: Նույն կառավարությունը Գառնի գյուղի բնակիչ Ծովինար Համբարձումյանին՝ որպես ՓՄՁ, 5 մլն դրամ վարկ է տվել` Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» տարածքը բարեկարգելու և շինություն կառուցելու համար:

Tert.am-ը Ֆինանսների նախարարություն և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտե գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե նշված վարկից որքան գումար է ստացվել, որքանն է ծախսվել ու ինչ է արվել դրանով:

Բացի դրանից, Tert.am-ը զրուցել է Գառնիի բնակիչ Ծովինար Համբարձումյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է վճարում վարկի գումարը, որով, փաստացի, բնակիչը շահույթ չստացավ:

«5 մլն դրամ վարկն արդեն փակում եմ: Ամուսինս սպա է, 14 տարի է՝ ծառայում է բանակում, ինքն է օգնում, և վարկը փակում եմ: Ես աշխատում եմ որպես ատամնաբույժ, բայց իմ եկամուտն այնքան չէ, որ կարողանամ վարկ փակել, բացի դրանից, նաև մեկ անչափահաս երեխա ունեմ: Իմ ամբողջ եկամուտն ուղղված էր «Քարերի սիմֆոնիայի» տարածքում բնությունը չվնասող շինություն կառուցելուն: Բայց մի բան կասեմ՝ ով ուզում է հասնի այն նպատակին, որ Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» տարածքը վաճառվի, ես, միանշանակ, հստակ ասում եմ, որ ոչ ոքի ծրագիրը չի իրականանալու: Այս ամենի հետևում կանգնած է մի ուժ, որպեսզի այդ տարածքը վերցնի ու իր ծրագիրն իրականացնի: Դա, միանշանակ, բոլորը գիտեն: Ես այդ տարածքը չեմ վաճառում, եթե նույնիսկ տան այն աստղաբաշխական թիվը, որը ես ուզում եմ, այդ դեպքում էլ չեմ վաճառի»,- ասաց Համբարձումյանը:

Հարցին, թե փաստորեն գնորդներ կան, Համբարձումյանն ասաց, որ այս մասին ինքը չի ցանկանում խոսել , սակայն նշեց, որ եթե անգամ Հայաստանում չլինի, այդ տարածքը ոչ ոքի սեփականությունը չի դառնա. «Դա մնալու է իմ սեփականությունը, դա այսօր սկզբունքի հարց է, ինչ-որ մեկն իր ուզածին այդ խայտառակ միջոցով չի հասնելու, թեկուզ այն մարդիկ, ովքեր ներկայանում են, թե իբր իրենք շատ բարի են, շատ լավն են»:

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ Կառավարությունը վարկ է տվել, հետո քանդել է, ծրագրին ծանոթ չէր արդյոք, Ծովինար Համբարձումյանն ասաց, որ շինությունն ապօրինի չի եղել. «Շինությունն ապօրինի չի եղել, ծրագիրը ներկայացրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին, այն ուղարկվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որտեղից էլ ուղարկվել է ՓՄՁ, ես մեկ ամիս գնացել եմ դասընթացների ու սկսել ծրագիրը: Իսկ հետո 3 մլն դրամ վարկ եմ վերցրել՝ միայն աղբը մաքրելու ու գետի հունը սարքելու համար, հետո 750000 դրամ եմ վարկ վերցրել,  այնուհետև՝ 5 մլն դրամ: Այսօր ամուսինս Ղարաբաղում ծառայում է, որ ես, ոչինչ չստանալով, վարկ փակեմ՝ 8 մլն 750 000 դրամ»,- ասաց Համբարձումյանը:

Հարցին, թե նա՝ որպես սեփականատեր, թույլտվություն տվել է արդյոք շինությունն ապամոնտաժելու համար, Համբարձումյանն ասաց, որ ոչինչ անելու ժամանակ չեն տվել, նույնիսկ մտածելու. «Ոչ մի թուղթ, փաստ չկա, որ ես համաձայնել եմ քանդել իբր ապօրինի շինությունը: Դատարանի որոշում էր պետք դրա համար, չկա»:

Հարցին, թե շինանյութը, որը ձեռք էր բերվել, ինչ-որ բանի պիտանի է, Ծովինար Համբարձումյանն ասաց, որ ապամոնտաժվել է մարզպետի հրամանով և այնպես է ապամոնտաժվել, որ շինանյութն այլևս պիտանի չէ:

«Եթե ոմանք եվրոներ ունեին դրսից ստանալու, թող այնպես անեին, որ ոչ ոք չտուժեր: Հայաստանում հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները պայքարում են այն մարդկանց դեմ, ովքեր անհատ են, թույլ են, բայց օրինակ Լոռու մարզի անտառների կեսը չկա, բայց ոչ ոք չի պայքարում, իսկ այստեղ մի փայտի կտորն իրենց խանգարո՞ւմ էր, ես ոչինչ չէի վնասելու, ու դա շինությունից երևում էր: Ակցիա են անում` իբր մաքրություն են անում, հաջորդ օրը նույն աղբը թափում են, տասն անգամ տարածքը մաքրել եմ»,- ասաց Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» տարածքի սեփականատերը:

Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մարտիրոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակչին վարկը մարելու հարցում չեն կարող օգնել, սակայն ապօրինի շինարարություն իրականացնելու համար 200 հազ. դրամ վարչական տույժի չեն ենթարկել:

Հարցին, թե 55 մլն դոլար վարկը տրվել է արդյոք Հայաստանին, ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր (55 մլն ԱՄՆ դոլար)» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 23.02.2016 թ.-ին և ուժի մեջ է մտել 29.12.2016 թվականին:

Ինչ վերաբերում է վարկի տրամադրմանը, Ֆինանսների նախարարությունից պատասխանել են, որ երկու տարվա ընթացքում 55 մլն դոլար վարկից տրամադրվել է մոտ 271 հազ. դոլար. «Մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը վարկից փաստացի մասհանվել է 270 896 ԱՄՆ դոլար, որից վարկային համաձայնագրի համաձայն՝ 137 500 ԱՄՆ դոլարի հաշվին վճարվել է միանվագ կոմիսիոն վճարը, իսկ մնացած գումարը փոխանցվել է կենտրոնական գանձապետարանում ծրագիր իրականացնող կազմակերպության (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ) անունով բացված ենթահաշվին»:

Հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը, որը ծրագրի ամբողջական ֆինանսավորման 68 միլիոն ԱՄՆ դոլարից 13 միլիոն ԱՄՆ դոլարը պետք է ներդներ, ներդրե՞լ է , թե՞ ոչ, և 13 մլն դոլարն արդյոք ԱԱՀ-ն է, Ֆինանսների նախարարությունից հայտնել են.

«Ծրագրի ամբողջական ֆինանսավորման 68 մլն 578 100 ԱՄՆ դոլարի 20%-ը՝ 13 մլն 715 400 ԱՄՆ դոլարը (միայն ԱԱՀ-ն չէ) ՀՀ կառավարության ներդրումն է, որը ներդրվելու է մինչև ծրագրի ավարտը: ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 3 մլն 543 000 դոլար, որից 2 մլն 949 800 ԱՄՆ դոլարը վարկային միջոցներից, իսկ 593 300 ԱՄՆ դոլարը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներից:

Նախարարությունից միաժամանակ հայտնել են, որ 2018 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ծրագրի սկզբից կատարվել են 60 849 ԱՄՆ դոլարի փաստացի վճարումներ, որից 48 679 ԱՄՆ դոլարը՝ վարկային միջոցներից, իսկ 12 170 ԱՄՆ դոլարը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներից:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից վարկային ծրագրով իրականացվելիք գործողությունների վերաբերյալ հայտնել են, որ Համաշխարհային Բանկի կողմից 5 տարվա ընթացքում ծրագրի ֆինանսավորումը կկազմի 55 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ պետական համաֆինանսավորման չափը կկազմի 13 միլիոն ԱՄՆ դոլար:

Համապատասխանաբար, ՀԲ-ի կողմից յուրաքանչյուր բաղադրիչի ֆինանսավորման պարագայում պետությունը կհամաֆինանսավորի ներդրման 20%-ի չափով:

Թե ինչ ծրագրեր են իրականացվելու 2018-ին, Տուրիզմի կոմիտեից հայտնել են.

«2018թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը.

— Խոր Վիրապի վանքի մերձակա տարածքի բարեկարգում և այցելուների կենտրոնի կառուցում

— Գառնիի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի վերականգնում և հարող տարածքի բարեկարգում,

— «Զորաց քարեր» հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ստեղծում,

֊ Գյումրու Կումայրի թաղամասում իրականացվող ծրագրի շրջանակներում փողոցների բարեկարգում,

— «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող հատվածի վերականգնում»: 

Բեթղեհեմ Արաբյան

Be the first to comment on "«Քարերի սիմֆոնիայի» շինությունն ապօրինի չի եղել, Կառավարությունը ծանոթ է եղել ծրագրին ու վարկ է տվել՝ 8 մլն 750 հազ. դրամ, շինությունն էլ քանդել են առանց իմ թույլտվության. սեփականատեր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ