Մենք երգերի ընտրության հարցում շատ զգույշ ենք լինում, որ դրանց մեջ կլկլոցներ չլինեն. Գրիգոր Դանիելյանն՝ իր և կնոջ նոր աշխատանքի մասին

Օրեր առաջ Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը ներկայացրին իրենց համատեղ նոր՝«Happy Birthday» տեսահոլովակը, որը նվիրված է իրենց փոքրիկ որդուն՝ մեկամյակի կապակցությամբ:
Նոր աշխատանքի ստեղծման մասին Գրիգորը պատմել է Life.panorama.am-ին:
«Նախորդ երգից հետո ես ու Հռիփսիմեն որոշեցինք եւս մեկ երգ թողարկել, բայց մեզ մոտ նպատակային էր, որ նոր աշխատանքն էլ լինի հետաքրքիր, թեմատիկ եւ ամենակարեւորը՝ արդարացված: Մտահղացումից հետո որոշեցինք, որը ծննդյան օրվա մասին երգը նվիրենք մեր որդու առաջին տարեդարձին եւ հենց այդ օրն էլ պրեմիերա անենք»,- պատմեց Գրիգորը:
Նոր երգի երաժշտության հեղինակն է Գոռ Հակոբյանը, իսկ խոսքերը գրել է հենց Գրիգորը:
«Երբ Գոռին դիմեցի, նա սիրով համաձայնեց ու անցանք գործի: Ամեն ինչ շատ հարթ անցավ, տեսահոլովակի նկարահանումներն էլ ընդամենը մեկ օրում իրականացրինք»,- նշեց մեր զրուցակիցն ու շարունակեց.
«Տեսահոլովակը նկարահանել է դարձյալ մեր լավ ընկեր ռեժիսոր Կարեն Ամյանը, իսկ սյուժետային զարգացումների մտահղացման հեղինակը Արամայիս Հայրապետյանն է: Հենց նա առաջարկեց, որ տեսահոլովակում վիրտուալ աշխարհում հավաքվեն բոլոր նրանք, ում ծննդյան օրն է այդ օրը: Իրականում տեսահոլովակի վրա բավականին մեծ թիմ է աշխատել, հաշվի ենք առել ամեն մի դետալ, որպեսզի ամեն ինչ մոտ լինի իդեալականին»:
Խոսելով այն մասին, որ Գրիգորն ու Հռիփսիմեն հիմնականում իրենց ընտանիքին նվիրված տեսահոլովակներով են ներկայանում, դերասանը նշեց.
«Այո, ճիշտ եք նկատել, մենք մեծամասամբ ընտանիքին նվիրված աշխատանքներ ենք ներկայացնում, բայց այդ հարցում ունենք մի կարեւր նպատակ, որպեսզի դրանք բոլորի համար լսելի լինեն, այլապես կարող էինք այդ տեսահոլովակները միայն մեր ընտանիքում դիտել: Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ եւս ուրախանան մեր գործերից: Ես ու կինս կոմերցիայի հետեւից շատ չենք ընկնում: Անշուշտ, կոմերցիոն նպատակների այդ երգերը երբեմն ծառայում են, բայց դրանց համար չէ, որ ստեղծում ենք»:
Ի դեպ՝ Գրիգոր Դանիելյանը նշեց, որ հրապարակված է «Happy Birthday» երգի կարաոկե տարբերակը, որպեսզի ցանկացողները եւ հատկապես ծնողները երգեն իրենց փոքրիկների համար:
«Ես ու կինս շատ մեծ տեղ ենք տալիս ընտանիքի գաղափարին, դրա համար մեր երգերով նաեւ դրա, այսպես ասած, քարոզով ենք զբաղվում: Ուզում ենք բարություն տարածել նաեւ երգերի միջոցով»,- նկատեց նա:
Այս շրջանում «Ֆուլ հաուս»-ի աշխատանքները հարաբերական դադարի մեջ են: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Գրիգորը օգտվի այդ դադարից եւ մինչ «Ֆուլ հաուս 2»-ի նկարահանումները եւս մեկ աշխատանք ներկայացնի կնոջ հետ, պատասխանեց.
«Այո, այս պահին հենց այդ ուղղությամբ ենք աշատում: Շուտով կավարտենք նոր երգի աշխատանքները, այն սիրային թեմայով է, դանդաղ, սիրուն ու էլի բարի աշխատանքն է լինելու: Այն կունենա նաեւ տեսահոլովակ, բայց ժամկետներ դեռեւս չեմ նշի: Հիմա կարելի է ասել, որ օգտվում եմ «Ֆուլ հաուս»-ի դադարից, բայց պետք է ասեմ, որ իմ ու Հռիփսիմեի գործունեությունը կշարունակենք նաեւ նախագծի վերսկսելուց հետո»:
Զրույցի վերջում Գրիգոր Դանիելյանը ընդգծեց.
«Քանի որ Հռիփսիմեն մասնագիտությամբ երգչուհի է եւ արդեն տասը տարուց ավելի է, ինչ դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, մենք երգերի ընտրության հարցում շատ զգույշ ենք լինում, որ դրանց մեջ կլկլոցներ չլինեն: Հատկապես Հռիփսիմեի համար շատ կարեւոր է դա, որպեսզի իր ուսանողները իրենց դասախոսին մաքուր երգելիս տեսնեն: Իհարկե, ավելի թեթեւ երգեր ենք անում, որպեսզի լայն մասաներին հասանելի լինեն: Նաեւ պետք է խոստովանեմ, որ երգելիս Հռիփսիմեն միշտ զիջում է ինձ, նա փորձում է ավելի շատ ինձ տեղ տալ»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Մենք երգերի ընտրության հարցում շատ զգույշ ենք լինում, որ դրանց մեջ կլկլոցներ չլինեն. Գրիգոր Դանիելյանն՝ իր և կնոջ նոր աշխատանքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ