Նա գնաց մենակ. հերթական «հեղափոխության» ձախողման ուրվականը

 

Երեկ Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է իր վարչապետության մասին: Համենայնդեպս, Սարգսյանի լակոնիկ հարցազրույցն որևէ կասկած չի թողնում, որ հենց նա է ապրիլի 17-ին նշանակվելու երկրի Առաջին դեմք վարչապետի պաշտոնում: Նման հայտարարության պահը ճշգրիտ էր ընտրված` ներքին և արտաքին մի քանի գործոններ հաշվի առնելով: Մի կողմից` Սարգսյանն իր վարչապետական հավակնությունների մասին հայտարարում է Պուտինի հաղթանակից անմիջապես հետո, ինչն առնվազն հանրային ասոցացիաներ է ստեղծում, որ նրա երրորդ պաշտոնավարման որոշումը վայելում է Մոսկվայի լիակատար աջակցությունը: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խրախուսում է իր վարչապետության դեմ առկա, այսպես կոչված, «հեղափոխական» պոտենցիալի զարգացումը` թերևս ցանկանալով դրա էներգիան ծառայեցնել իշխանության առավելագույն կոնսոլիդացիային:

 

Սերժ Սարգսյանի վարչապետությունը կայանալու է «ազգային համերաշխության» մթնոլորտում` նրա դեմ ուղղված «հեղափոխական» շարժումների կանխատեսելի ֆիասկոյի ֆոնին: Պատահական չէ, որ երեկ Սերժ Սարգսյանը փողոցային պայքարը` որպես սպառնալիք ներկայացնելով, ըստ էության` տվել է իր շուրջ համակարգային սեգմենտների կոնսոլիդացիայի բանաձևը: Այս ֆոնին ոչ պակաս ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանության կոնսոլիդացիան տեղի է ունենում խորհրդարանում ընդդիմադիր, ըստ էության, միակ ուժի՝ «Ելք» խմբակցության փաստացի տրոհման ֆոնին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, հայտարարել է Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ հանրահավաքային շարժում ծավալելու մտադրության մասին, որի «ճանապարհային քարտեզը» կներկայացնի մարտի 31-ին: ՔՊ-ն, փաստորեն, չստանալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը, հայտարարում է իր «ճանապարհային քարտեզի» մասին:

Իհարկե, այս փաստն ինքնին չի խոսում դաշինքի վերջնական պառակտման մասին, սակայն ՔՊ-ի «սեպարատիզմն» ի վերջո, ըստ ամենայնի, հանգեցնելու է դրան` մի կողմից Հայաստանում քաղաքական ավանդույթների բացակայության, մյուս կողմից` «Ելք»-ում ստեղծված փաստացի իրավիճակի հետևանքով: Ըստ ամենայնի` ՔՊ-ի «ճանապարհային քարտեզի» մանրամասներին այսօր չեն տիրապետում ոչ միայն հասարակությունը, այլ նաև` «Ելք»-ի նրա գործընկերները, ինչը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հակված է եղել միայնակ գործողությունների սցենարին: Հատկանշական է մեկ այլ հանգամանք. Սասուն Միքայելյանը, որը գոնե ֆորմալ առումով, ՔՊ ղեկավարն է, մինչև այս պահը հանդես չի եկել հրապարակային որևէ հայտարարությամբ, ինչը կվկայեր, թե նա աջակցում է Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» ծրագրերին:

 

Այսպիսով` իշխանության կոնսոլիդացիայի ֆոնին ինստիտուցիոնալ լուրջ ճգնաժամ է առաջանում «Ելք»-ում` քաղաքական դաշինքում, որը տեսականորեն կարող էր լինել Սերժ Սարգսյանի իշխանության միակ այլընտրանքը: Ընդ որում` Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ներկայացնել որևէ փաստարկ, որ իր նախաձեռնած շարժումը չի կրկնելու քաղաքական լուզերի այս օրերի ձախողումներն Ազատության հրապարակում և հաջողելու գոնե տեսական շանս ունի: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների վերջին հանրահավաքից հետո ակնհայտորեն փորձում է իրեն սահմանազատել նաև «ծռությունից»` ակնարկելով, թե այլ է լինելու իր պատկերացրած փողոցային պայքարի տրամաբանությունը: «Ելք» խմբակցության ղեկավարը երեկ ասել է, թե «Հանուն Հայաստան պետության» ճակատի վերջին հանրահավաքում հնչել են որոշ մտքեր, ձևակերպումներ, որոնց հետ ինքը համաձայն չէ: «Մենք ունենք մի շարք խնդիրներ, նախապայմաններ՝ կապված ընդհանուր դաշտի հետ, և այդ պայմաններից կարևորագույնը ոչ բռնի քաղաքացիական պայքարի սկզբունքն է և այնպիսի ոչ բռնի քաղաքացիական պայքարը, որը նույնիսկ բռնությանը բռնությամբ չի պատասխանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սակայն խնդիրն ավելի խորքային է և հաստատ դուրս է այն տիրույթից, թե ով և ինչքանով է հավատում Նիկոլ Փաշինյանի անկեղծությանը կամ արժեքային սկզբունքայնությանը: Սկզբունքորեն փողոց վերադառնալու հայտ ներկայացրած որևէ գործիչ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, չի կարող իրեն սահմանազատել «ծռությունից»` նույնիսկ վերջինիս հետ քաղաքական և գաղափարական հստակ տարանջատվածության պարագայում: Որևէ գործիչ, որն այսօր հրապարակ է վերադառնում «Սերժ, հեռացիր» կարգախոսով, երաշխիքներ չի կարող ունենալ, թե ովքեր են հավաքվելու Ազատության հրապարակում: Այսինքն՝ կամայական, նույնիսկ ամենախաղաղ շարժումը կարող է արագ դուրս գալ հարթակի վերահսկողությունից, որովհետև` անկեղծ լինենք, Ազատության հրապարակի բողոքավոր «մշտական» զանգվածը` իր ագրեսիվ վարքագծով, դառնում է փողոցային յուրաքանչյուր գործընթացի կորիզը` անկախ դրա կազմակերպչից և օրակարգից:

Ազատության հրապարակին նոր բովանդակություն կարող է հաղորդել միայն համակարգային, ինստիտուցիոնալ լուրջ հիմքեր ունեցող ընդդիմությունը, որը դառնալու տեսական շանս հեռանկարում ուներ հենց «Ելք»-ը, եթե, իհարկե, նա կարողանար հագուրդ չտալ լյումպենի օրակարգին և թելադրանքին: Իրադարձությունների զարգացումը, սակայն, ցույց է տալիս, որ ՔՊ առաջնորդը, կարծես թե, գնում է երկրորդ ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակ մտադիր է վերադառնալ քաղաքացիական արժեքներով և սկզբունքներով, սակայն նրա «Սերժ, հեռացիր» կարգախոսը հրապարակում կոնսոլիդացնելու է ոչ թե ապագա Հայաստանի տեսլականով ապրող և միջին խավը ներկայացնող 120000 քաղաքացիներին, ովքեր քվե են տվել «Ելք»-ին, այլ` փոքրաթիվ և ագրեսիվ լյումպենին, որը, որպես կանոն, ծափահարում է Սերժ Սարգսյանին և իշխանությանն ամենաբարձր հայհոյող գործիչներին` վերջիններից պահանջելով միաքայլ, պրիմիտիվ գործողություններ, որոնք հանգում են կառավարական այս կամ այն շենքը վերցնելուն:

Խնդիրն ոչ այնքան Ազատություն հրապարակ վերադարձողի անձն է, որքան` նրա օրակարգը և այն լսարանը, որը նրան սպասում է հրապարակում: Եթե Նիկոլ Փաշինյանի գերնպատակը Սերժ Սարգսյանին հեռացնելն է, ապա Ազատության հրապարակում նրան սպասում են նույն 200-300 «հեղափոխականները», որոնց միակ «արժեքային» կրեդոն իշխանությունը տապալելն է: Նման լսարանը ուզածդ դասական գործչի շատ արագ վերածելու է Գավրոշի` նրա համար օտար դարձնելով հասարակության իրապես ընդդիմադիր, ապագայի տեսլական ունեցող սեգմենտներին: Այսինքն՝ մենք իրապես կարող ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պլատֆորմն արմատապես տարբեր է «ծռության» օրակարգից, սակայն չունենք որևէ իրական երաշխիք, որ նրա վերադարձը Ազատության հրապարակ փոխելու է դրա այսօրվա բովանդակությունը: Ամենայն հավանականությամբ` տեղի կունենա հակառակը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Be the first to comment on "Նա գնաց մենակ. հերթական «հեղափոխության» ձախողման ուրվականը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ