Սոս Ջանիբեկյանն ու Մադոննան երեխայի են սպասում. Սոսն առաջին անգամ խոսում է ռոմանտիկ նշանադրության և Մադոննայի հետ 1 տարվա համատեղ կյանքի մասին

 

Դերասան Սոս Ջանիբեկյանի անձնական կյանքը մշտապես եղել է  հանրության ուշադրության կենտրոնում։ Մինչ հասարակությունը քննարկում էր, թե Սոսը չի կարող ընտանիքի տղամարդ լինել, դերասանն առանց ավելորդ աղմուկի ստեղծել է իր ընտանիքը, ունի իր տաքուկ անկյունը, ավելին, պատրաստվում է հայր դառնալ։ Մոտ մեկ տարի է` Սոսն ու ոճաբան, հաղորդավարուհի Մադոննան համատեղ կյանք են վարում։ Օգոստոսին նրանց ընտանիքում համալրում է սպասվում։ Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը։ Թեև տղա ունենալու Սոսի երազանքը հետաձգվում է, ապագա հայրիկը շատ երջանիկ է։

1 տարի առաջ դերասանն առաջինը Tert.am Life–ին պատմել էր Մադոննայի հետ հարաբերությունների մասին, այսօր Սոսը բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին և պատմել ընտանեկան կյանքի, Իտալիայում կայացած ռոմանտիկ նշանադրության, հարսանիք չանելու պատճառի և Մադոննայի հետ հարաբերությունների ամրության մասին։

–Սոս, գիտեմ, որ երեխա ունենալն այս փուլում պլանավորված չէր ձեզ մոտ։ Ինչպե՞ս ընդունեցիր լուրը, ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ առաջին անգամ լսեցիր հայր դառնալուդ մասին։

 

–Գրեթե միշտ, ես ցանկություններիս տալիս եմ կատարվելու հնարավորություն կամ հակառակը, բայց պլաններ չեմ կազմում, ամեն ինչ թողնում եմ Աստծո, պատահականության, տիեզերքի, ճակատագրիս վրա։ Ամեն գիշեր աղոթելիս «Եղիցի կամքը ՔՈ» և «Փրկեա զմեզ ի չարե» տողերի մեջ ուղարկում եմ, գրեթե, ամբողջ էներգիաս։

Ես հանդիպեցի այն աղջկան, ով կցանկանայի, որ լիներ երեխայիս մայրը կամ հնարավոր է` ցանկացա երեխա ունենալ այս տարիքում, այս պահին և հանդիպեցի այդ աղջկան։ Երբ իմացանք լուրը, միանշանակ, ուրախացանք։

 

 

 

–Հայր դառնալու բնազդային ցանկությանդ մասին խոսել ենք ուղիղ 2 տարի առաջ` ճիշտ այս ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, մի բան է խոսել ցանկության մասին, այլ բան է գիտակցել այդ պատասխանատվությունը։ Լիարժեք պատրա՞ստ ես հայր դառնալուն։

 

–Ցանկությունները միշտ կատարվում են, պետք է ուշադիր լինել ցանկությունների մեջ։ Իհարկե, պատրաստ եմ հայր դառնալու։ Այն պահից, երբ մնացի անտեր՝ կորցրեցի հորս, այդ սերը և ուժը սկսեցի ուրիշ տեղ, ուրիշների մեջ փնտրել։ Երբ բոլորն ինձ հուսահատեցրին, հասկացա, որ իմ մեջ պիտի գտնեմ Հորս, թե՛ նրա ուժը, թե՛ նրա սերը։ Այդ պահից սկսած միշտ պատրաստ էի հայր դառնալու։ Իմ ընտանիքը կազմելով և երեխա ունենալով` ես ինձ փրկում եմ արվեստագետի խառը և մոլորված ուղղով գնալուց։ Ես ուժեղացնում եմ ինձ` ավելի կապվում Աստծո հետ, սովորում եմ սիրել ամեն օր, սովորում եմ պատասխանատու լինել, սովորում եմ չվախենալ կյանքից, սովորում եմ ինձ նեղություն տալ հանուն նրա, որ կողքինիս համար լավ լինի և կյանքս մաքրել այն ամենից, ինչն ինձնից ուժ է տանում ուժ տալու փոխարեն։

 

–Որպես իսկական հայ տղամարդ` ուզում էիր տղա ունենալ, բայց փոքրիկն աղջիկ է։ Ինչպե՞ս ընդունեցիր այս լուրը։

 

Տղա ունենալու ցանկությունը, իհարկե, շատ փոքր թաքնված էր հոգուս խորքում, միայն այն պատճառով, որ կարողանայի կարոտս առնել հոր և որդու հարաբերություններից, կարոտս առնել հորիցս։ Իսկ տղա, թե աղջիկ, այստեղ նույնպես ասում եմ` «Եղիցի կամքը Քո»։

 

–Որոշե՞լ եք ինչ անուն եք տալու փոքրիկին։

 

–Անունը դեռ չենք որոշել, կարծում եմ, ժամանակն իր հետ կբերի անունը։

 

 

–Արդեն նախապատրաստվո՞ւմ եք երեխայի ծննդին, թե՞ դեռ վաղ է։ Առհասարակ, նման հարցերում օգնո՞ւմ ես Մադոննային։

 

Իհարկե, օգնում եմ, նա ինձ երեխա է պարգևում, 9 ամիս ապրում է` իր մեջ պահելով իմ երեխային, իր իմունիտետը տալիս է երեխայիս, կալցիումը տալիս է երեխայիս, իր կյանքը պատրաստ է տալ երեխայիս, կերակրել երեխայիս, հանուն երեխայիս իրեն զրկել լիքը բաներից, իրեն ստիպում է անել ինչ–որ բաներ հանուն երեխայիս, ես դրա համար շնորհակալ եմ կնոջս։ Ես նման չեմ այն տղամարդկանց, ովքեր իրենց կանանց դնում են 3-4 պլանում։ Նա իմ կինն է` իմ կյանքի ընկերը, և ես փորձում եմ օգնել իրեն իր պարտականություններում։ Երկուսս էլ վառ գիտակցում ենք մեր անելիքները`նա` որպես կին, ես` որպես տղամարդ, և դրանից հետո պատրաստ ենք օգնության հասնել իրար։

 

–Քո և Մադոննայի ամուսնության կամ համատեղ կյանքի մասին որևէ տեղեկություն այս ընթացքում չի եղել։ Արդեն միասի՞ն էիք ապրում, թե՞ երեխա ունենալու լուրը ձեզ բերեց համատեղ կյանքի։

 

–Մենք միասին ենք ապրում, գրեթե, մեկ տարի։ Հարսանիք չարեցինք, որովհետև երբ հաշվեցի հյուրերի քանակը, հասկացա, որ այդքան գումար չեմ ծախսի հարսանիքի վրա, որտեղ 3 ժամ հետո ոչ ոք չի էլ հիշում` ինչի համար էին հավաքվել։ Մենք նշանվեցինք Իտալիայում` Կոմո լճի ափին` մայրամուտին` ծամոնից պատրաստած մատանիներով։ Ես ծամոնս հանեցի, մատանի սարքեցի և նրա ձեռքը խնդրեցի, նա համաձայնեց առանց նայելու` դա ոսկի՞ է, արծա՞թ, թե՞ ծամոն։ Կարևորն անսպասելիությունն էր, անակնկալը և այդ պահը։ Ես չէի էլ պատկերացնում,որ  կողակիցս կարող է լինել այնպիսի աղջիկ, ում համար կարևոր կլիներ մատանին արծաթի՞ց է , ոսկո՞ւց , թե՞ սպիտակ ոսկուց։

 

 

–Դու միշտ խոսափել ես ամուսնությունից, որը փորձել են քեզ «պարտադրել»` ավելի վստահ լինելու համար, որ հարաբերություններն ամուր են։ Կարծես թե, քո ու Մադոննայի հարաբերությունները զարգացան քո տեսակին համապատասխան` սեր, հարաբերություններ, համատեղ կյանք, երեխա։ Դու միշտ նշում էիր, որ փնտրում ես կատարյալ հարաբերություններ։ Գտե՞լ ես քո կատարյալ հարաբերութունները, թե՞ հասկացար, որ ինչ–որ հարցերում պետք է դու էլ զիջումների գնաս։

 –Այո, ամեն ինչ իր հունով գնաց և հասավ երեխա ունենալուն։ Ինձ համար ընտանիքը և ամուսնությունը գալիս է երեխայի հետ միասին։ Մեզ ամուսնություն, զագս, հարսանիք, բարեկամներ, վկաներ, եսիմինչեր պետք չեն։ Դրանք ուժ չեն. հազարավոր ընտանիքներ բաժանվում են, չնայած այդ ամենը ադաթներով ու «տեղը տեղին» են արել։ Մեզ պետք է միշտ միասին պահի սերը, հոգատարությունը, փոխհասկացողությունը, բարությունը։

 

Միշտ իդեալական հարաբերություններ եմ ցանկացել, ոչինչ չի փոխվել։ Մեր հարաբերություններում ինձ ուժ է տալիս այն, որ Մադոննան ամբողջովին հավատում և վստահում է ինձ, թե ես ուր եմ ուզում հասնել մեր հարաբերություններում, ինչն եմ համարում իդեալական և ճիշտ։ Ամենակարևորն այն է, որ կողակցիդ հետ նույն լեզվով խոսեք։

 

Մադոննան աշխատում է, դրա հետ մեկտեղ տանը միշտ համով պատրաստած ուտելիք կա, տունը միշտ մաքուր է, ես միշտ սիրված, ինձ համար դա շատ կարևոր է և, կարծում եմ, ողջունելի։ Դրա համար ես միշտ երջանիկ եմ և փորձում եմ անել այնպես, որ ինքն էլ լինի երջանիկ։

 

–Քո անձնական կյանքը միշտ եղել է քննարկումների կիզակետում։ Հանրությունը շատ է քննարկել, որ դու չես կարող ընտանիքի մարդ լինել, քանի որ չափից շատ ես սիրում ազատությունը։ Երեխա ունենալու լուրը ի՞նչ է փոխել քո մեջ, քո և Մադոննայի հարաբերություններում։

 

–Հասարակությունը ինչ ուզի, կմտածի, բայց վստահ եմ` այս հարցազրույցը կարդալիս բոլորը կուրախանան ինձ համար։ Ես չեմ կորցրել իմ ազատությունը, ուղղակի չեմ ցանկանա անել այն, ինչ կտխրեցնի իմ 2 ձագուկներին։

 

Իհարկե, ինչքան էլ այսքան ազատ եմ խոսում, մեր ընտանիքը հայ տղամարդու և հայ կնոջ ընտանիք է, բոլորս գիտենք մեր տեղը և դերը։ Կինը մնում է կին, տղամարդը` տղամարդ։ Այնպես, ինչպես եղել է մեր ընտանիքներում։ Ուղղակի պայմանականություններն ու ձևականությունները բաց ենք թողնել և ուշադրություն դարձրել միայն բովանդակությանը։

 

Այն պահից սկսած, երբ հասկացա, որ հայր եմ դառնալու, փորձում եմ այնպես անել, որ կյանքումս լինեն միայն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց նեղություն տալ հանուն մյուսի լավի, քանի որ ես միշտ հակառակին պատրաստ եմ։

 

 

–Մեր նախորդ զրույցներից մեկում ասում էիր, որ մինչև այս քո բաժանումների գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ քեզ համար կինն ու տղամարդը հավասար չեն:

Խոստովանում էիր, որ էգոիստ ես, բայց շեշտում, որ  փորձում ես ընտրել կին, ով ավելի շատ կհամակերպվի քո թերությունների հետ, քան դու՝ իր։ Մադոննային հաջողվո՞ւմ է ավելի զիջող լինել այս հարցում։ 

–Իհարկե, ես համաձայն չեմ եղել կին–տղամարդ հարաբերությունների եվրոպական մոդելին , նրանց հավասար լինելուն և  կարծում եմ` չեմ էլ լինի։ Կարող եմ վստահ ասել` Մադոննան չի կարող այնպիսի տղամարդու հետ, ով այդպես է պատկերացնում հարաբերությունները, նա վառ գիտակցում է, որ կինը մնում է կին։ Ընտանիքի սյունը կինն է և ամեն ինչ գալիս է լավ կնոջից, իսկ ես գտել եմ լավ կին։

 

Մինչև այս իմ բոլոր հարաբերություններում կար այն կռիվը, որ կինը և տղամարդը հավասար են։ Այն, ինչ կարող է ներվել և նորմալ դիտվել տղամարդու դեպքում, կարող է ներվել և նորմալ դիտվել նաև կնոջ դեպքում և, այո՛, ես միանգամից վերջ եմ դրել այդպիսի հարաբերություններին։

 

Գրեթե միշտ, այն տղամարդիկ, ովքեր չեն կարողանում կայանալ, որպես տղամարդ` ինքնահաստատվել դրսում, կայանում և ինքնահաստատվում են իրենց կանանց վրա։ Բարեբախտաբար, ես կարիք չունեմ կնոջս վրա ինքնահաստատվելու, առավել ևս` Մադոննայի դեպքում, ով հայացքիցս ամեն ինչ հասկանում է, կես խոսքից գիտի` ինչն է ինձ հաճելի, ինչը` ոչ և փորձում է ամեն ինչ այնպես անել, որ ինձ համար լավ լինի։ Վստահ եմ, որ կլինի մեր ընտանիքում կլինի սիրելու, հասկանալու, հոգատար լինելու, պատրաստակամ լինելու հատկությունները, ինչպես կար իմ ընտանիքում` մայրս կատարյալ ընտանիքի կին է, վստահ եմ` իմ կինն էլ կլինի թե՛ կատարյալ կին ինձ համար, թե՛ կատարյալ մայր երեխայիս համար։

 

–Սոս, քո կյանքում շատ կանայք են եղել, թեև երկարատև հարաբերություններ քչերի հետ ես ունեցել, իսկ կենցաղ կիսելուն ոչ միշտ է հերթ հասել։ Ի՞նչ է փոխվում հարաբերություններում կենցաղ կիսելու հետո։

 

– Կենցաղը տգեղանում է և ծանրանում, երբ գումարդ է վերջանում, կենցաղը երկրորդական է և միշտ փողով լուծելի։ Պետք է փող աշխատել, լավ ապրել, ժպտալ, բարի մնալ ամեն հարցում, սիրել սովորել, երբեմն, սեփական անձին նեղություն տալ իմանալ, դիմացինին ապրեցնելուց կյանք ստանալ, արևին նայել, քամուն լսել, կպչուն մտքերից ազատվել, կասկածները հանել, ուժ տվող ընկերներ ունենալ, լեզուդ հասկացող մարդկանցով շրջապատվել, քնելուց աղոթել, ճիշտ մարդկանց հետ թռչել. ուզում ես թռչել` ինչպես արծի՞վ, թռչիր արծիվների հետ, ուզում ես մնալ բարի՞, բարի մնա բարիների հետ։

 

 

Ամալյա Հովհաննիսյան

Be the first to comment on "Սոս Ջանիբեկյանն ու Մադոննան երեխայի են սպասում. Սոսն առաջին անգամ խոսում է ռոմանտիկ նշանադրության և Մադոննայի հետ 1 տարվա համատեղ կյանքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ