Զիլջյանների ընտանեկան բիզնեսի 400-ամյա գաղտնիքը․BBC

 

Մոտավորապես 400 տարի առաջ՝ 1623 թվականին, Ավեդիս Զիլջյանը  (Avedis  Zildjian) տամբուլում հիմնադրեց ծնծղաների արտադրությամբ զբաղվող իր ընկերությունը։

Այսօր այս տոհմի 14-րդ սերունդն է ղեկավարում ընկերությունը՝ հանձինս Քրեյգի Զիլջյանի և նրա քրոջ՝ Դեբբիի։ Զիլջյանների ընտանեկան բիզնեսը կարողացել է իր երկարակեցությամբ գերազանցել է մի քանի կայսրությունների, հաղթահարել տեղափոխությունը օվկիանոսից այն կողմ, Մեծ Դեպրեսիան և երկու համաշխարհային պատերազմները։
Ու արդյունքում՝ այս ընկերությանն է այսօր պատկանում ծնծղաների համաշխարհային շուկայի 65%-ը (անցյալ տարի ընկերությունն ունեցել է 50 մլն դոլարի հասույթ)։

 Զիլջյաններ` ԱՄՆ ամենահին ընտանեկան բիզնեսի գաղտնիքները. BBC

Նորվելում (Մասաչուսեթս) գտնվող ծնծղաների գործարանում շրջելիս տպավորություն է ստեղծվում, որ գտնվում ես երաժշտական թանգարանում։

Սրահների պատերին կախված են այնպիսի հայտնի թմբկահարների լուսանկարներ, ինչպիսիք են Ռինգո Սթարը և Ռոյ Հայնսը։

Այսօրվա թմբկահարներից շատերը հաճախ այցելում են գործարան՝ փորձարկելու Zildjian բրենդի նոր ծնծղաները։ Գործարանում կա նաև հատուկ կահավորված սենյակ, որտեղ հնարավոր է վերարտադրել երկրի տարբեր համերգասրահների ակուստիկան։

Թե՛ երաժիշտները, թե՛ երաժշտական ինդուստրիան մշտական փոփոխությունների մեջ են։ Ու այս ֆոնին առավել հետաքրքիր է դառնում՝ ինչպե՞ս է Զիլջյանների հաջողվել այս փոփոխականության մեջ 4 դար անընդմեջ պահպանել իրենց տեղն ու դերն այս բիզնեսում, որն է գաղտնիքը։

Խիստ պահպանվող գաղտնի խառնուրդը

Նախ, գոյություն ունի հենց բառի բուն իմաստով գաղտնիք՝ պղնձի, անագի և արծաթի հատուկ խառնուրդը, որն ապահովում է Zildjian ծնծղաների աշխարհահռչակ ձայնը:

Այս մետաղների հարաբերակցությունը Ավեդիս Զիլջյանն իր հետ բերել է Թուրքիայից, և այն փոխանցվել է սերնդեսերունդ։

Նորվելի գործարանում կա մի հատուկ սենյակ, որտեղ մուտք գործելու իրավունք ունեն սահմանափակ թվով մարդիկ։ Խառնուրդը պատրաստվում է այդտեղ՝ ամենավստահելի մարդկանց կողմից, և անգամ ընկերության հետազոտությունների ու զարգացման (R & D) գծով տնօրենը չգիտի՝ ինչ է կատարվում խառնուրդի հետ։

Քրեյգի և Դեբբի քույրերին ընտանիքը այս գաղտնիքը վստահեց, երբ նրանք 30-ն անց էին և արդեն բավականին գործ էին արել ընկերության համար։ Հետևելով ավանդույթին՝ քույրերն այսօր իրենք չեն շտապում խառնուրդի գաղտնիքը վստահել իրենց դուստրերին։

Ընտանեկան կանոններ

Բացի խառնուրդի գաղտնիքից, գոյություն ունեն նաև այլ հնարքներ ու կանոններ, որոնք, ինչպես նշում են Զիլջյանները, թույլ են տվել իրենց պահպանել բիզնեսը երկար ժամանակ։

Զիլջյան ընտանիքի ցանկացած անդամ, ով մտադիր է աշխատել ընկերությունում, պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ունենա, նախընտրելի է՝ բիզնես ուղղվածությամբ։ Սովորելու տարիներին հավակնորդները պետք է նաև պարտադիր պրակտիկա անցնեն՝ ծանոթանալով ընկերության չափանիշներին։

Zildjian-middleՍակայն դա էլ չի երաշխավորում, որ կարելի է աշխատանքի անցնել ընկերությունում։ Մեկ այլ կանոնի համաձայն՝ ընտանիքի անդամը պարտավոր է մինչ այդ մեկ այլ տեղում աշխատել և փորձ ձեռք բերել։

Կան նաև տարօրինակ թվացող կանոններ, որոնք ներմուծել են քույրերը: «Մենք ամուսիններին չենք ներգրավում այս բիզնեսի մեջ»,- ասում է Դեբբի Զիլջյանը՝ կատակով ավելացնելով, որ իրենց դուստրերին հորդորում են չմտերմանալ երաժիշտների, հատկապես թմբկահարների հետ։

Ընտանեկան բիզնեսի ֆենոմենը

Ամերիկայում գործում են ավելի քան 20 մլն ընտանեկան բիզնեսներ, որոնց ներդրումը բաժին ԱՄՆ տնտեսության մեջ ահռելի է՝ տարեկան մոտ 5.9 տրիլիոն դոլար։ Ընտանեկան բիզնեսն ապահովում է երկրի ընդհանուր աշխատատեղերի կեսից ավելին։
Գլոբալ առումով՝ ընտանեկան բիզնեսի գերիշխող դիրքն ակնհայտ է։ Ընտանեկան բիզնեսի ինստիտուտի տվյալներով՝ այն ապահովում է համաշխարհային ՀՆԱ-ի 70%-ը։

Ու չնայած այս գերիշխող դիրքին՝ շատ քիչ ընտանեկան բիզնեսներ են գոյատևում երեք սերնդից ավելի երկար։ Ու հենց այդ քչերն են կազմում աշխարհի հնագույն ընկերությունների կորիզը։

«Մեկնարկող բիզնեսների ընդամենը 16%-ն է մեկ ամբողջ սերունդ տևում»,- ասում է Harvard Business School-ի պրոֆեսոր Ջոն Դևիսը՝ ավելացնելով, որ մեկ սերնդից ավելի երկար կյանք ունեցողների մեծ մասը ընտանեկան բիզնեսներն են։

Ապագա մարտահրավերներ

Ընտանեկան բիզնեսները հաճախ քննադատության են արժանանում, որ չեն կենտրոնանում բաժնետերերի և եռամսյակային շահաբաժինների վրա։

Զիլջյանները մասամբ համաձայն են այդ պնդմանը, սակայն դիտարկում են դա ոչ թե որպես թերություն, այլ առավելություն։
Նրանք համարում են, որ ընտանեկաի բիզնեսի մոդելը իրենց թույլ է տալիս մտածել երկարաժամկետ կտրվածքով և չտրվել շուկայի խաղերին։

«Մեր բիզնեսը մեր անունն է»,- ասում է Դեբբին՝ շեշտելով, որ շահույթից առավել իրենց համար կարևոր է հեղինակությունն ու ինքնությունը։
Դարեր շարունակ Զիլջյաններն իրենց ծնծղաները համապատասխանեցրել են բոլորի ճաշակներին՝ թուրքական սուլթաններից մինչև «Բիթլզ»: Սակայն գլխավոր մարտահրավերներն առջևում են։

Էլեկտրոնային երաժշտությունը նոր փորձություն է ընկերության համար, որի բիզնես մոդելը հիմնված է ակուստիկ երաժշտության վրա։ Փոփոխությունների ռիթմից ետ չմնալո համար Զիլջյանները վերջերս ներկայացրել են էլեկտրոնային ծնծղաների իրենց նոր շարքը։

Ոմանք թերահավատությամբ են նայում այս ամենին, սակայն Զիլջյանները հիշեցնում են իրենց ընկերության պատմությունը, որի ընթացքում բազմիցս հարկ է եղել ռիսկի դիմել։ «Մենք ծնծղա ստեղծողներ ենք, մեր անունը հենց դա է նշանակում, և դրանով ամեն ինչ ասված է», – ասում են Զիլջյանները։

Be the first to comment on "Զիլջյանների ընտանեկան բիզնեսի 400-ամյա գաղտնիքը․BBC"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ