Լիլի Միքայելյանը վերադառնում է

 

Տարիներ առաջ «Երեք կյանք» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Լիլի Միքայելյանը գրեթե 3 տարվա էկրանային դադարից հետո վերադառնում է: Դերասանուհին առաջինը Life.panorama.am-ին է պատմել, թե ինչ նախագծում եւ ինչ կերպարով է ներկայանալու հեռուստադիտողին:

Լիլին ամուսնությունից ու մայրանալուց հետո էկրանային դադար էր վերցրել, քանի որ իր խոսքով մեծ նշանակություն է տալիս ամեն պահի լինել դստեր կողքին եւ նրան ճիշտ դաստիարակություն տալ.

Related image

«Ի ուրախություն ինձ՝ այս ընթաքում բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել, սակայն ամեն անգամ ինչ-որ մի բան խանգարում էր, որպեսզի համաձայնեի: Հիմնականում բալիկիս խնամքն էր, որ չէի կարողանում համատեղել աշխատանքի հետ, սակայն այս նախագծում մասնակցությունս ասես ինքնաբերաբար ստացվեց: Առաջարկը ստացա ֆիլմաշարի ռեժիսոր Հայկ Կբեյանից ու համաձայնեցի մի պայմանով, որ իմ տեսարանները պետք է նկարահանվի մինչեւ երեկոյան 21:30, քանի որ այդ ժամին աղջիկս պետք է քնի, իսկ առանց ինձ նա երբեք չի քնի»,- պատեց Լիլին ու շարունակեց.

«Սա 25 մասանի ֆիլմաշար է, որի նախնական անվանումն է «Տեսիլքներ»: Այն միստիկ ժանրի ֆիլմ է, այն մի աղջկա մասին է, ով ամեն ինչ կանխատեսում է, տեսիլքներ է տեսնում եւ փորձում է մեծ բացահայտումներ անել ու կանխել մոտեցող դժբախտությունները: Նա դժվար փորձությունների միջով է անցնում, հայտնվում է այնպիսի իրավիճակներում, որոնցից փորձում է ճիշտ քայլերով դուրս գալ: Այդ աղջկան մարմնավորել եմ ես, իսկ խաղընկերներս էին Կարլոս Մուրադյանը, Արմեն Մարգարյանը, Սամսոն Ստեփանյանը, Ռիփփին, Կարինե Ջանջուղազյանը, Սամվել Օհանյանը եւ այլք: Իմ հերոսուհու գիծը կապված է ֆիլմում առկա բոլոր հերոսների հետ: Ֆիլմն ամբողջությամբ գաղտնիք է, ուստի առավել մանրամասներ հայտնել չեմ կարող: Ի դեպ՝ այս նախագծի շնորհիվ բացահայտեցի Մարգարիտա Մկտրումյանին, ով հագուստի գծով պատասխանատու նկարիչն էր ու դարձավ իմ լավ ընկերուհին»:

Լիլի Միքայելյանը ընդգծեց, որ մեծ կարոտով է աշխատել այս նախագծում.

«Ինձ համար շատ ծանր էր այս դադարը, իսկ երբ առաջարկը ստացա, անգամ վախ ունեի, քանի որ մտածում էի՝ գուցե հետընթաց եմ ապրել, գուցե պատրաստ չեմ, չնայած այս ընթացքում ես անդադար աշխատել եմ ինքս ինձ վրա: Չգիտեմ՝ ինչքանով եմ համոզիչ եղել, դրա մասին կխոսեն հեռուստադիտողները, սակայն վստահ կարող եմ ասել, որ անչափ կարոտած էի ու արել եմ ամեն հնարավորը՝ լավ ու համոզիչ խաղալու համար»,- նշեց նա:

Image result for Լիլի Միքայելյան

Հարցին, թե Լիլին կցանկանա՞ր իրական կյանքում իրադարձությունները կանխատեսելու հատկություն ունենար, դերասանուհին անկեղծացավ.

«Ճիշտն ասաց, երբեւէ չեմ հավատացել, որ իրականում կանխատեսումներն ու գուշակությունները ճիշտ են, անգամ համաշխարհային օրինակներն ինձ համար միշտ անիրական են եղել: Հիմա մտածում եմ, որ եթե անգամ նման բան գոյություն ունի, ապա ինքս չէի ցանկանա այդ հատկությունն ունենալ, քանի որ անհետաքրքիր կլիներ կյանքը, եւ բացի դրանից, շատ դժվար կլիներ ապրել՝ իմանալով օրինակ մոտալուտ վտանգը, բայց չհասցնել կանխել դա. ծանր բեռով ապրելը, կարծում եմ, շատ դժվար կլիներ»:

 

Լիլի Միքայելյանը նշեց նաեւ, որ ապրիլ ամսվա համար եւս մեկ ֆիլմից առաջարկ ունի, որը դեռ հաստատված չէ: Նաեւ երկու թատրոններից հրավեր ունի, որոնց շուրջ եւս ընդհանուր եզրակացության չեն եկել, հետեւաբար հայտարարություններ անել դարձյալ հրաժարվեց:

Լիլին նկատեց, որ «Տեսիլքներ» ֆիլմը որոշ իմաստով վերադարձ կհամարվի, սակայն, իր խոսքով, դա չի նշանակի, որ կվերադառնա նախկին ակտիվությանը, քանի որ նախընտրում է շատ ժամանակ անցկացնել դստեր հետ:

«Ինքս երբեք չէի պատկերացնի, որ նման մայր կլինեմ: Իմ  օրն սկսվում է դստերս հետ եւ ավարտվում է կրկին նրա հետ: Ուզում եմ, որպեսզի ինքս զբաղվեմ աղջկաս խնամքով, նրա դաստիարակությամբ, ուզում հենց ես նրան սովորեցնեմ կյանքում քայլելու արվեստը: Ես իմ ձեւով եմ նրան մեծացնում, գուցե դա սխալ է, գուցե շատ սխալ է, կամ էլ շատ ճիշտ է, չգիտեմ, բայց ես ուզում եմ, որ նա հենց այնպիսին լինի, ինչպիսին հիմա է»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Be the first to comment on "Լիլի Միքայելյանը վերադառնում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ