Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին

 

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Հայաստանում հաստատված սիրիահայերի, հայ գործարարների հետ հանդիպումն անցել է բավական կառուցողական ու ջերմ մթնոլորտում: Հայաստանից Սիրիա մեկնած խումբը գլխավորել է Հայաստանում սիրիահայ համայնքի նախագահ Ջորջ Բարսեղյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ հանդիպումից:

 

Ջորջ Բարսեղյանը նշել է, որ ակտիվությունը սկսվեց Հայաստանում Սիրիայի նոր դեսպան նշանակվելուց հետո: Դեսպանատան նոր կազմն սկսեց ակտիվ աշխատել Հայաստանում Սիրիայի հայ համայնքի հետ: Այդ ժամանակ ընտրվեց Հայաստանում սիրիահայ համայնքի վարչություն, որը գլխավորեց Ջորջ Բարսեղյանը:

 

«Հարց դրվեց, որ այս վարչությունն ակտիվացնի Սիրիա-Հայաստան կապերը: Առաջին քայլն այն եղավ, որ հանդիպում խնդրեցինք Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի հետ: Շատ արագ դրական արձագանք եղավ: Հանդիպում նախատեսվեց ոչ միայն Սիրիայի նախագահի, այլև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչությունը պատվիրակություն կազմեց, որում ընդգրկված էին սիրիահայեր, հայաստանցի գործարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ»,- ասել է Ջորջ Բարսեղյանը:

 

Նա նկատել է, որ Սիրիայի թնջուկը, կարծես, լուծում է ստանում: Բարեբախտաբար, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը կարողացավ ստեղծված իրավիճակը հաղթահարել: ԱՄՆ-ը մտածում է զորքերը դուրս բերելու մասին և արդեն գործնական քայլեր է ձեռնարկում: Մի շարք արաբական երկրներ էլ մտածում են Սիրիայում դեսպանատները բացելու մասին: Այս ամենը ենթադրում է Սիրիայի վերականգնում, իսկ դրա համար բավական խոշոր տնտեսական ծրագրեր են նախատեսված:

 

«Սիրիական կառավարությունը տրամադրված է այս ծրագրերում առաջնահերթությունը տալ այն երկրներին, որոնք այս տարիներին իրենց կողքն են եղել: Դրանց թվում Հայաստանն է, որը պատերազմի տարիներին դեսպանատունը չփակեց, պետական կապը միշտ պահպանեց, օգնություն ուղարկեց Սիրիա: Եվ առաջիկա վերելքի ընթացքում, բիզնես ծրագրերում, վերականգնման աշխատանքներում առաջնահերություն տրվելու է հայերին»,- ասել է Ջորջ Բարսեղյանը: Նա նկատել է, որ Սիրիայի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս հայկական համայնքին, այդ մասին միշտ է ասվել: Ջորջ Բարսեղյանը պատահական չի համարել այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացավ Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին իր միջոցներով վերականգնել:

 

Սիրիա կատարած այցելության ընթացքում հանդիպումներ են եղել վարչապետի, խորհրդարանի նախագահի, բիզնես ոլորտի ընկերությունների հետ: Նախանշվել են ուղղություններ հետագա համագործակցության համար:

«Մեր այցելությունը մի քանի նպատակ ուներ: Նախ` Հայաստան-Սիրիա կապերի ակտիվացումն ու ամրապնդումը: Դրանից բացի, ցանկանում էինք մեր աջակցությունը հայտնել Սիրիայի նախագահին ու կառավարությանը: Հայաստանն այն յուրահատուկ երկրներից է, որի հասարակության մեծ մասը Սիրիայի ներկա կառավարության կողմնակիցն է, ի վերջո մենք այդ իշխանության կառավարման ժամանակ կարողացել ենք բավական հաջողության հասնել: Պատշաճ առիթ էր մեր աջակցությունը ցույց տալու: Ի վերջո, մենք Սիրիայում ունենք հայ համայնք՝ լինի Հալեպում, Դամասկոսում, Ղամիշլիում, թե Լաթաքիայում: Տեղի հայերը շատ լավ հարաբերությունների մեջ իշխանությունների հետ, մենք պետք է նաև այդ մասին մտածենք»,- ասել է Ջորջ Բարսեղյանը:

 

 

https://mamul.am/am/news/141325/%D5%A2%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80-%D5%A1%D5%BD%D5%A1%D5%A4%D5%A8-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%A5%D6%80-%D5%A6%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6

 

Be the first to comment on "Բաշար Ասադը խոստացել է վերականգնել Դեր Զորի հայկական եկեղեցին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ