1.5 տոկոս հղիներ, 1.3 տոկոս երեխաներ. Հայաստանում քանի՞ մարդ է գրիպի դեմ պատվաստվել

Հայաստանում 35 760 քաղաքացիներ արդեն պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ: 2018 թվականի վերջին երկիր բերված գրիպի դեմ պատվաստանյութի 77 տոկոսն արդեն օգտագործվել է: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, բացի 35 760 քաղաքացիական անձանցից, գրիպի դեմ պատվաստանյութ է ստացել նաեւ զորակոչիկների մոտ 90 տոկոսը: Երիտասարդներին պատվաստում են դեռեւս մինչեւ զորակոչը՝ բնակավայրի պոլիկլինիկաներում:

 

Հետաքրքիր է, որ այս սեզոնին գրիպի դեմ պատվաստանյութ ստացած մարդկանց մեծամասնությունը բուժաշխատողներ են եւ առողջ քաղաքացիներ, իսկ ռիսկի խմբում ընդգրկվածների շրջանում պատվաստման մակարդակը բավականին ցածր է մնում: Ռիսկի խմբերի մեջ են մտնում հղի կանայք, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները, քրոնիկական հիվանդություններով մարդիկ եւ տարեցները. հենց նրանց շրջանում է մեծ գրիպով վարակվելու հետեւանքով լուրջ բարդությունների զարգացման հավանականությունը:

 

Չնայած դրան, Հայաստանում այս սեզոնին գրիպի դեմ պատվաստվել է միայն 189 հղի, ինչը կազմում է պատվաստանյութի կարիք ունեցող բոլոր հղիների մոտ 1.5 տոկոսը: Ավելին՝ պատվաստանյութ է ստացել տարեցների միայն 1.1 տոկոսը, 0,5-5 տարեկան երեխաների՝ 1.3 տոկոսը եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց՝ 2.7 տոկոսը:

 

Գայանե Սահակյանը նշեց, որ եթե ռիսկի խմբերից մարդկանց մի քանի անգամ պոլիկլինիկա են հրավիրում պատվաստվելու, իսկ նրանք հրաժարվում են, ապա մնացած պատվաստանյութն առաջարկում են առողջ մարդկանց, որոնք ռիսկի խմբերի մեջ չեն մտնում: Նրանցից շատերը հաճույքով համաձայվում են:

 

Հիշեցնենք, որ պատվաստանյութն այս սեզոնին պաշտպանում է А – H1N1 եւ H3N2Н տեսակի գրիպի հարուցիչի 2 շտամից եւ B տեսակի մեկ շտամից: Հիմա տարածաշրջանում տարածված են հենց այս շտամները: Գրիպի դեմ պատվաստանյութը հակացուցված է մինչեւ 6 ամսական երեխաներին եւ պատվաստանյութի որեւիցե բաղադրիչի հանդեպ ալերգիա ունեցող մարդկանց:

 

Նշենք նաեւ, որ Հայաստանում այս սեզոնին եղել է H1N1 գրիպի լաբորատոր հետազոտությամբ հաստատված 10 դեպք: Հարեւան Վրաստանում գրանցվել է H1N1 գրիպի պատճառով մահվան արդեն 8 դեպք, իսկ այս գրիպի լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է 140-ից ոչ պակաս դեպք:

 

https://med.news.am/arm/news/20689/15-tokos-hxiner-13-tokos-erekhaner-hayastanum-qani-mard-e-gripi-dem-patvastvel.html

Be the first to comment on "1.5 տոկոս հղիներ, 1.3 տոկոս երեխաներ. Հայաստանում քանի՞ մարդ է գրիպի դեմ պատվաստվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ