1999-ից ի վեր Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մեղքով 12 մարդ է զոհվել

 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպեր Գյումրիում գրեթե ամեն տարի են տեղի ունենում։

Պայմանագրային զինծառայողների մի մասը քաղաքի տարբեր թաղամասերում վարձով է բնակվում և հաճախ են արձանագրվում միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքեր, ծեծկռտուքներ։ Ժամանակ առ ժամանակ, սակայն, այդ միջադեպերը ողբերգական ավարտ են ունենում։

 

Ռուսական կողմը իր զինծառայողներին զորամասերի պատնեշներից այն կողմ վերահսկելու համար 2018-ին զինվորական ոստիկանների գործուղեց Գյումրի: Սակայն չի հրապարակվում, թե արդյոք զինված են ծառայություն իրականացնողները, և խոսքը ինչ թվակազմի մասին է: Ամեն դեպքում, նրանց կարելի է տեսնել Գյումրիի փողոցներում շրջելիս:

 

2015 թվականին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի, այդ թվում 2 մանկահասակ երեխաների սպանդից հետո ռուսական կողմը վստահեցրեց, որ ռազմաբազայում ծառայողները հիմնականում կլինեն պայմանագրային և կհամապատասխանեն պահանջվող չափանիշներին։

 

1999 թվականից ի վեր Շիրակի մարզում ռուսական ռազմաբազայի անփույթ գործողությունների հետևանքով կամ զինծառայողների ձեռքով 12 մարդ է զոհվել։

1999-ին երկու ռուս զինծառայող հարբած վիճակում լքել էին զորամասը և կրակահերթ բացել շուկայի տարածքում, ինչի հետևանքով 2 հոգի զոհվեց, 14 մարդ վիրավորվեց:

 

2013 թվականին ռուսական ռազմաբազայի ուսումնական վարժարանի տարածքում ականի պայթյունից Վահրամաբերդ գյուղի երկու անչափահաս երեխա զոհվեցին: 2015 թվականին սեփական տանը սպանդի ենթարկվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը:

 

2018 թվականի դեկտեմբերի 2-ին էլ Գյումրիի Սլաբոդկա թաղամասում առավոտյան աշխատանքի գնալիս տնից մի քանի 100 մետր այն կողմ հարձակման ու դաժան ծեծի էր ենթարկվել գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, ով մահացել էր հիվանդանոցում։ Նրա մահվան գործով կալանավորված է ռուս զինծառայող, որի լրիվ անունը իրավապահները դեռ չեն հայտնել։

 

 

 

https://www.azatutyun.am/a/29691279.html

 

 

Be the first to comment on "1999-ից ի վեր Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մեղքով 12 մարդ է զոհվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ