«Քթից ու բերանից արյուն էր հոսում…». դիրքի ավագի սխալի պատճառով մի զինվոր՝ սպանվել, մյուսը վիրավորվել է

 

«Քթից ու բերանից արյուն էր հոսում…». դիրքի ավագի սխալի պատճառով մի զինվոր՝ սպանվել, մյուսը վիրավորվե

Գեղամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով այն բանի համար, որ նա, լինելով ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար-դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ սերժանտ, 2016 թվականի օգոստոսի 26-ից ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ՝ որպես դիրքի ավագ, խախտել է անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները: Նա 2016 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 23-ն անց 50-ի սահմաններում դիրքի դիտակետից ջերմադիտարկում կատարելիս առջևում նկատել է  3 հոգու շարժ:

 

Ըստ մեղադրանքի՝ Գեղամ Հ.-ն, կանոնների համաձայն, տեսածի մասին չի զեկուցել անմիջական հրամանատարին և առանց զորամասի հրամանատարի թույլտվության, իրեն ամրակցված ինքնաձիգով մենահատ կրակոցներ է արձակել թվացյալ հակառակորդի զինվորների ուղղությամբ, ապա կքանստել է ու կրկին ջերմադիտարկում է կատարել: Նա նորից է տեսել նույն երեք հոգուն, դարձյալ չի զեկուցել հրամատարությանը ու մենահատ կրակոցներ է աձակել թվացյալ հակառակորդի ուղղությամբ: Արդյունքում վնասվել են հարևան մարտական դիրքի ջերմատեսիլ սարքի մոտ գտնվող զինծառայողները՝ շարքային Արայիկ Օ.-ն ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել է, իսկ Ռաֆիկ Զ.-ին պատճառվել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:

 

Կարապետ Ղ.-ին նույնպես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, դեպքի օրը նույնպես մարտական հերթապահության մեջ է եղել՝ որպես դիրքի ավագ: Նա կատարել է դիտորդների փոխարինում՝ առանց վերադաս հրամանատարին զեկուցելու, և, իրավասու չլինելով, թույլատրել է  շարքայիններ Ռաֆիկ Զ.-ին, Արայիկ Օ.-ին ու Դավիթ Բ.-ին վերացնել նույն մարտական դիրքում ջերմատեսիլ սարքի խափանումը: Այդ մասին Կարապետ Ղ.-ն չի զեկուցել հրամանատարությանը: Դրանից հետո օդային կապով հարևան դիրքի ավագ Գեղամ Հ.-ի հարցմանն ի պատասխան՝ չի հայտնել շարքայիններ Ռաֆիկ Զ.-ի, Արայիկ Օ.-ի ու Դավիթ Բ.-ի գտնվելու վայրի մասին: Կարապետի պատասխանը ստանալուց հետո է Գեղամ Հ.-ն ինքնաձիգով կրակոցներ արձակել վերոհիշյալ զինծառայողների ուղղությամբ՝ չիմանալով, որ նրանք են, կարծելով, թե հակառակորդի զինվորների շարժն է տեսնում…

 

Դատարանում Գեղամ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե զորակոչվել էր 2014 թվականին, ստացել էր սերժանտի կոչում, դիրքեր է բարձրացել՝ որպես դիրքի ավագ:

2016 թվականի սեպտեմբերի 2-ին դիրքում հերթապահություն էին իրականացնում: Ջերմադիտարկում իրականացնող սարքով նայել է իր դիրքի զինծառայողների ցույց տված ուղղությամբ ու տեսել է երեք հոգու: Մտածել է՝ դիվերսիա է՝ հակառակորդի զինծառայողները կամ ական են հանում կամ՝ տեղադրում են կամ էլ փորձում են ներթափանցել իրենց հարևան դիրք:

 

Ինքը կապ է տվել հարևան դիրք՝ Կարապետ Ղ.-ին, նա չի պատասխանել: Կապ է տվել հրամանատարական կետ, վաշտի հրամանատարի պաշտոնակատարին է հարցրել, ասել են՝ տեղում չէ: Ինքը խոսել է կապավորի հետ ու խնդրել է, որ նա խոսի հարևան դիրքի ավագ Կարապետ Ղ.-ի հետ ու պարզի՝ նա դիրքից դուրս կամ «պերեդավոյում» մարդ ունի՞, թե՞ չէ:

Կապավորը քիչ անց հետ է զանգել ու իրեն ասել է, թե Կարապետը հաղորդել է, որ դրսում մարդ չունի, բոլորը տեղում են: Այնուամենայնիվ, ինքն էլ է կապվել Կարապետի հետ, նույն հարցերը տվել է նրան: Կարոն իրեն էլ է պատասխանել, թե դիրքից դուրս մարդ չունի, իր դիրքը «տեղում է»:

 

Ինքը Կարոյին ասել է՝ դիրքի մոտ մարդ է նկատել: Կարոն ոչինչ չի ասել: Ինքը դրանից հետո է կարկոցներ արձակել, չի հիշում՝ քանի կրակոց: Մի քանի րոպե անց լսել է, որ Կարապետը հաղորդում էր, թե դիվերսիա է եղել, նա շտապօգնություն էր ուզում: Ընթացքում ինքը վաշտի հրամանատարից հարցրել է՝ ի՞նչ է եղել, ասել են՝ հակառակորդի կրակոցից մեր զինծառայողներն են վնասվել: Մի քանի ժամից պարզվել է, որ  նրանք իր կրակոցներից են վնասվել՝ Ռաֆիկը վիրավորվել է, իսկ Արայիկը՝ սպանվել:

 

Գեղամ Հ.-ն պնդել է՝ ինքը օդային կապով Կարապետ Ղ.-ին բառացի հարցրել է. «Գործ անող մարդ ունե՞ս պերեդավոյում կամ դիրքից դուրս»: Նա ասել է, թե չունի: Ինքը նրան զգուշացրել է, որ թիկունքում մարդ է նկատել, այդքանից հետո էլ Կարապետը չի ասել, որ զինվորներին ուղարկել է գործ անելու: Ինքը չի իմացել հարևան դիրքի ջերմատեսիլ սարքի մասին: Ջերմատեսիլ սարքը միայն ջերմություն է ցույց տվել, ինքը չէր կարող տարբերել՝ երևացողները հակառակորդի՞ զինվորներ են, թե՞ մեր…

 

Կարապետ Ղ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը իրենց դիրքի ջերմատեսիլ սարքի հետ անընդհատ խնդիրներ էին առաջանում: Այդ խնդիրները լուծում էին դիրքի անձնակազմի ուժերով ու դասակի հրամանատարի հսկողությամբ: Մութն ընկնելիս սարքը բարձրացնում էին, երկու-երեք հոգի էր պահանջվում՝ սարքը իջեցնել-բարձրացնելու համար: Մինչև դեպքի պահը ինքն էլ է գնացել անսարքությունը վերացնելու: Սարքելուց որոշ ժամանակ անց սարքը նորից էր փչանում: Այդ սարքի խափանումների մասին իրենք տեղյակ էին պահել վերադաս հրամանատարությանը: Քանի որ միջոցներ չէին ձեռնարկվում, ստիպված՝ իրենք շարունակում էին իրենց ուժերով վերացնել անսարքությունը:

 

Դեպքից անմիջապես առաջ սարքը նորից անսարքություն ուներ: Դիրքում հերթապահող Արայիկն ու Ռաֆիկը համաձայնել են, որ գնան անսարքությունը վերացնելու: Նրանք գնացել են, ինքը նրանց փոխարեն կանգնել է հերթափոխի: Չի իմացել, որ Դավիթ Բ.-ն էլ է գնացել նրանց հետ:

Որոշ ժամանակ անց Գեղամ Հ.-ն օդային կապով իրեն հարցրել է՝ դիրքի տարածքից դուրս, «պերեդավոյում» մարդ ունի՞: Ինքն ասել է՝ չունեմ, քանի որ այն տեղը, ուր գտնվում էին տղաները, նույնպես դիրքի տարածք է, դա «պերեդավոյ» չի…

 

Գեղամի հետ խոսելուց հետո կրակոցներ են լսվել: Դրանից անմիջապես հետո Դավիթը գոռացել է՝ Կարո, հասի… Ինքը վազելով գնացել է, Դավիթն ասել է, թե Արոյին ու Ռաֆոյին խփել են:Իրենք մտածել են՝ դիվերսիա է, տագնապ են տվել…

Արայիկի քթից ու բերանից արյուն էր հոսում: Ինքը չգիտեր ինչ աներ՝ առաջին անգամ էր նման իրավիճակում, նույնիսկ չգիտեր՝ որտեղից է վիրավորումը եղել…

 

Լույսը բացվելուց հետո պարզ է դարձել, որ Գեղամի կրակոցներից են վնասվել… Ինքը Գեղամին չի ասել իր դիրքի շարժի մասին, քանի որ պարտավոր չէր որևէ մեկին տեղյակ պահել  այդ մասին: Իր մտքով չի անցել, որ Գեղամի տեսածը իր անձնակազմի տղաներն են, նախկինում էլ իրենք միշտ գնացել են սարքի մոտ, հարևան դիրքերից ոչ ոք չի ասել, թե մարդ է տեսնում… Ինքը վերադաս հրամանատարությանը չի զեկուցել, որ անձնակազմից երկու հոգի գնացել են ջերմատեսիլ սարքի մոտ…

 

Դատարանն արձանագրել է, որ Գեղամ Հ.-ն գիշերային տեսանելիության սարքով դիտարկում կատարելով և առջևում տեսնելով երեք զինծառայողների շարժ՝ չի ցուցաբերել շտապողականություն, անմիջապես կրակ չի բացել: Նա փորձել է ստուգել՝ յուրայիններ չե՞ն արդյոք զինծառայողները: Կապվել է հրամանատարական դիտակետի կապավորի հետ, հայտնել  է, որ շարժ է նկատել, խնդրել է պարզել՝ հարևան դիրքից դուրս կամ «պերեդավոյում» մարդ կա՞ մերոնցից: Որոշ ժամանակ անց կապավորը կապվել  Գեղամի հետ ու հայտնել է, որ հարևան դիրքից դրսում մարդ չկա:

 

Չբավարարվելով այդ պատասխանով՝ Գեղամ Հ.-ն օդային կապով կապվել է հենց հարևան դիրքի ավագ Կարապետ Ղ.-ի հետ, հարցրել է՝ նրա դիրքից «գործ անող մարդ կա՞ դրսում կամ «պերեդավոյում»: Կարապետը տվել է բացասական պատասխան: Գեղամը հարցում է կատարել նաև մյուս հարևան դիրքի ավագին, նույնպես ստացել է բացասական պատասխան:

 

Դատարանը եզրակացրել է՝ Գեղամ Հ.-ն ցուցաբերել է զգուշավորություն, կրակ բացելուց առաջ նախ հարցադրումներ է կատարել և, ըստ էության, բացառել է իր դիտարկած անձանց՝ յուրային լինելու հնարավորությունը:

Դատարանը Գեղամ Հ.-ին ճանաչել է անպարտ ու արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

 

Կարապետ Ղ.-ն՝ տուժածների դիրքի ավագը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով, դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

 

https://www.1in.am/2481773.html

Be the first to comment on "«Քթից ու բերանից արյուն էր հոսում…». դիրքի ավագի սխալի պատճառով մի զինվոր՝ սպանվել, մյուսը վիրավորվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ