«Պրինցիպով Ֆաշիստը». Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի նորանշանակ պետը «տեռորի» է ենթարկում անբուժելի հիվանդ կալանավորներին

 

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի նորանշանակ  պետ Վահագն Մարգարյանը, ով կալանավորների շրջանում հայտնի է «Ֆաշիստ» մականունով, իր պաշտոնավարման մեկ ամսվա ընթացքում չի կարողանում տարբերել հիվանդանոցը կոնսլագերից: Կալանավորների խոսքերով, պաշտոնավարման առաջին օրից սկսած՝ կալանավորների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու փոխարեն, նրանց տեռորի է ենթարկում՝ սպառնալով, որ կրկին նրանք «դատվելու» են:

 

Դատապարտյալ Կարեն Մանուկյանի կինը Operativ.am-ի հետ զրույցում նշեց, որ ամուսինը նույնպես գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում և տառապում է ՁԻԱՀ (Սպիդ) հիվանդությամբ՝ վերջին փուլում է գտնվում, բացի այդ, դատապարտյալը նաև տառապում է տուբերկուլոզով:

«Ամուսինս, ով տառապում է անբուժելի հիվանդությամբ, առանց որևէ հիմնավորման դուրս է գրվել Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից և տեղափոխվել այլ քրեակատարողական հիմնարկ՝ վտանգելով ոչ միայն իր բուժման հետագա ընթացքը, այլ նաև մյուս դատապարտյալների առողջությունը, քանի որ տուբերկուլոզը քրոնիկական վարակիչ հիվանդություն է և իրական վտանգ է հանդիսանում այլ դատապարտյալների համար»,- մեզ հետ զրույցում նշեց Կարեն Մանուկյանի կինը, հավելելով, որ դատապարտյալները կարող են իրենց կյանքով վճարել «Պրինցիպով Ֆաշիստի» անհեռանկարային քայլերի համար:

 

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի բժիշկները նշել են, որ հիվանդին դուրս են գրել Վահագն Մարգարյանի հրամանով:

Խնդիրը մեծ աղմուկ է բարձրացրել դատապարտյալների շրջանում և ՁԻԱՀ-ով հիվանդ 3 դատապարտյալներ՝ Արթուր Գուրգենի Բարսեղյանը, Գագիկ Սուրենի Մարադյանը և Կարեն Մանուկյանը հացադուլ են հայտարարել՝ հրաժարվելով դեղերից, բուժումից և անգամ ջրից ու սնունդից: Նրանք նույնպես գտնվում են հիվանդության վերջին փուլում և դեղորայքից ու բուժումից հրաժարվելը կարող է ճակատագրական լինել նրանց համար:

Կալանավորները իրենց հացադուլով պահանջում են ազատ արձակել, քանի որ իրենց առողջական վիճակը չի համապատասխանում կալանքի տակ գտնվելու պայմաններին և ցանկանում են իրենց կյանքի վերջին տարիները ազատության մեջ անցկացնել: Սակայն մինչ ազատ արձակվելը նրանց համար առաջնային պայման է, որ շարունակեն մնալ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում և ստանան համապատասխան բուժում և դեղորայք: Նրանք հայտարարել են, որ միայն այդ դեպքում կդադարեցնեն հացադուլը:

Be the first to comment on "«Պրինցիպով Ֆաշիստը». Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի նորանշանակ պետը «տեռորի» է ենթարկում անբուժելի հիվանդ կալանավորներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ