ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչպես է մեծանում Փաշինյանի աշխատակազմը

Նորընտիր իշխանությունը կառավարությունում առկա շատ հաստիքներ շռայլություն է համարում եւ, ինչպես հայտնի է, գնում է կրճատումների, օպտիմալացումների ճանապարհով: Հիմա սեղանին դրված է առաջին փոխվարչապետի հաստիքը կրճատելու, նախարարությունների թիվն էլ 17-ից 12-ը դարձնելու տարբերակը:

 

Եվ չնայած կառավարության մաս կազմող մարմիններում օպտիմալացումներ են, որ կհանգեցնի նաեւ աշխատակազմի՝ մոտ 5 հարյուր հոգու կրճատման, սակայն վարչապետի աշխատակազմի դեպքում, կարծես թե, միանգամայն հակառակ միտումն է: Մասնավորապես, նախօրեին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել. Արշակ Կարապետյանին նշանակել է խորհրդական:

 

Այս նշանակումից հետո Նիկոլ Փաշինյանն ունի 2 գլխավոր խորհրդական, 4 խորհրդական, հասարակական հիմունքներով 8 խորհրդական եւ 5 օգնական: Նախկին վարչապետերը եւս աչքի էին ընկնում մեծ աշխատակազմերով, եւ այդ երեւույթը հաճախ էր քննադատվում ընդդիմության կողմից: Սակայն ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի քանակը` տեսնում ենք, որ այն այնքան էլ չի զիջում նախորդներին: Օրինակ` նույն Կարեն Կարապետյանը 2016 թվականի դրությամբ ուներ 11 խորհրդական, 2 գլխավոր խորհրդական: Նրա` ոչ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը 5-ն էր, օգնականներինն էլ` 4-ը:

 

 

 

Թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդլայնում աշխատակազմը, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց մամուլի խոսնակ Արման Եղոյանին: Վերջինս նկատեց, թե ներկայիս աշխատակազմի թիվն այնքանն էլ չի տարբերվում նախորդներից: «Նույն սանդղակում են եղել նախկինում եւս: Ինչ վերաբերում է նախարարությունների կրճատմանը, ապա դրանք կրճատվում են ֆունկցիաների կրկնությունը բացառելու, ավելի մոբիլ, ավելի օպերատիվ աշխատանք ապահովելու համար, բայց խորհրդականի ֆունկցիան բոլորովին այլ է: Եթե նույն բնագավառի երկու խորհրդական լինի, դա կլինի կրկնություն, բայց այս դեպքում առկա չէ: Եթե կա որեւէ խորհրդական, ապա դա նշանակում է, որ նա կատարում է կոնկրետ գործառույթ»,- նկատեց Արման Եղոյանը:


https://armlur.am/865627/

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչպես է մեծանում Փաշինյանի աշխատակազմը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ