Ալիևի սպառանիքների մեջ, իսկապես, իրական վտանգ կա, հարկավոր է կոտրել Ալիևի ծնոտը․ քաղաքագետ

Ադրբեջանում 2018թ. ապրիլի 11-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։
Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով․ «վերադարձնելու ենք մեր հողերը»՝ այդ թվում Երևանը»։

Որոշ մեկնաբաններ պնդում են, որ Ալիևի հայտարարությունները միայն ընտրությունից առաջ «հզոր» երևալու համար են, մեկնաբանների մի ստվար զանգված էլ պնդում է՝ Ալիևի հայտարարությունները պետք է ընդունել ի գիտություն և պատրաստվել պատերազմի։

Անդրադառնալով թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը HayNews.am-ի հետ զրույցում ասաց՝ վերոնշյալ երկու տարբերակներն էլ ճիշտ են։

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բռնապետական պետություն է, որքան էլ Ալիևը բռնի մեթոդներով ղեկավարի երկիրը, այդուամենայնիվ, պետք է հասկանալ՝ նա գոնե որոշ չափով պետք է հասարակությանը հաշվետվություն տա։ Նա ահռելի գումարներ է ծախսում զենք գնելու համար։

Այս առումով նա հասարակությանը պետք է հաշվետու լինի։ Շատ սխալ էին մեր որոշ գործիքների այն պնդումները, թե Ալիևը, միևնույն է, չի հանդգնի հարձակվել ՀՀ-ի կամ Արցախի վրա․ պատասխանը եղավ շատ դաժան ու վատ։

Եղավ ապրիլյան պատերազմը, ինչի արդյունքում մենք հարյուրից ավել զոհեր ունեցանք, վիրավորներ, տարածքային կորուստներ․ 800 հեկտար կորցրինք, իսկ ամենավտանգավոր բանն այն է, որ ադրբեջանական իշխանությունները դա դարձրել են իրենք քարոզչության զենքը՝ իրենց հասարակությանը համեզելով, որ իրենք կարող են շարունակել նույն կերպ վարվել հայկական կողմի հետ»,- նշեց քաղաքագետը:

Համբարյանը նշեց՝ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի որոշ աշխատակիցներ հայտարարեցին՝ իրենց պետք չեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ․ ամեն տարի կարելի է այդպիսի կարճատև պատերազմների միջոցով ծնկի բերել հայկական կողմին ու հողեր «ազատագրել» Արցախում։

«Այո՛, իրենք այդպես էին մեկնաբանում։ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակության մոտ փորձում է «Ռեմբո» երևալ, բայց այս սպառնալիքների մեջ, իսկապես, իրական վտանգ կա։

Մենք չպետք է անտեսենք այդ վտանգները, ավելին՝ այդ ամենը պիտի դիվանագիտական դաշտում էլ օգտագործենք՝ միջազգային հանրությանը համոզելով, որ պաշտոնական Բաքուն մտածում է ոչ թե փոխզիջումների միջոցով կարգավորել այդ հարցը, այլ հավակնում է ՀՀ մայրաքաղաքը գրավել», — ասաց նա:

Գագիկ Համբարյանը նշեց՝ որքան էլ դրական գնահատի նախագահ Սարգսյանի մյունխենյան ելույթը, այդուամենայնիվ, իր համար անհասկանալի է այն, որ մեր իշխանությունները՝ ի դեմս նախագահի, անընդհատ եվրոպական արժեքների վրա են իրենց հույսը դնում կամ էլ հայտարարում են, թե եվրոպայում ագրեսիան կամ ագրեսիվ հայտարարությունները վատ են ընկալվում։

«Իսկ ո՞վ է ասել, որ վատ է ընկալվում։ Ասում են՝ Եվրոպան մեզ կօգնի։ Մեզ ոչ ոք չի օգելու․ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ Եվրոպան։ Եթե մենք մեզ չօգնենք, ոչ մեկն էլ չի օգնելու։

Շատ սխալ եմ համարում այն, որ ասում են՝ Եվրոպան այսպես կանի, այնպես կանի․․․ Եվրոպայում շատ էլ լավ են ընդունել Ալիևի հայտարարությունը։ Մենք պիտի Ալիևի ծնոտը կոտրենք, որ նա այլևս նման բաներ չհայտարարի», — եզրափակեց քաղաքագետը։

Հասմիկ Բալեյան

Be the first to comment on "Ալիևի սպառանիքների մեջ, իսկապես, իրական վտանգ կա, հարկավոր է կոտրել Ալիևի ծնոտը․ քաղաքագետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ