Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին

 

Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկու հանքավայրից պաշարների արդյունահանում է իրականացվել, սակայն ազդակիր համայնքներն այդ մասին տեղյակ չեն:

Ազատեկի հանքավայրը ձգվում է Ազատեկ համայնքից և տարածվում մինչև Վայքի և Զառիթափի վարչական տարածքներ: Վայքից 2 կմ հեռու՝  Ջերմուկ տանող ճանապարհի ձախ կողմում, գրունտային ճանապարհ է բացված, որը ձորն ի վեր տանում է դեպի այն տեղամասը, որտեղից «Վայքգոլդ» ՍՊԸ-ն հանքաքար է արդյունահանել:

 

Համաձայն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2012թ. նոյեմբերին ձեռք է բերել Ազատեկի ոսկու-բազմամետաղների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքը, որի գործունեության ժամկետը մինչև 2037 թվականն է:

Ազատեկի 10 տարվա համայնքապետ, այժմ վարչական ղեկավար (ներկայում Ազատեկը Վայքի խոշորացված համայնքում է) Սիրակ Հովսեփյանը պնդում է, որ ընկերությունը միայն ուսումնասիրություններ է իրականացրել իրենց տարածքում, որի համար իրենց գյուղի վարչական տարածքից 77 հա հողատարածք վարձակալությամբ տրամադրվել է «Վայքգոլդ» ՍՊԸ-ին: Սիրակ Հովսեփյանը վստահ է, որ արդյունահանում չի իրականացվել, այլապես իրենք կտեսնեին, և բացի դրանից, հողերի կատեգորիան պետք է փոխվեր, ինչը չի իրականացվել:

 

Մինչդեռ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս տարի «Վայքգոլդ» ՍՊԸ-ում ստուգում է իրականացրել՝ ուսումնասիրելով ընկերության գործունեությունը 2012 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տեսչական մարմինը ստուգման արդյունքում արձանագրված 14 խախտում է թվարկել:

 

 

Հարգելի տիկին Աղալարյան,
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին)
հասցեագրված Ձեր հարցմանն ի պատասխան տրամադրում եմ պահանջվող տեղեկատվությունը:
Տեսչական մարմնի կողմից «ՎԱՅՔԳՈԼԴ» ՍՊ ընկերությունում ստուգում է իրականացրել 2018
թվականի ապրիլի 23-27-ը և օգոստոսի 6-14-ն ընկած ժամանակահատվածներում: Ստուգմամբ
ընդգրկվող ժամանակաշրջանը եղել է 2012 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2018 թվականի
օգոստոսի 14-ը ներառյալ: Ստուգման արդյունքում «05» սեպտեմբերի 2018 թվականին ՀՀ
բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընդունվել է «ՎԱՅՔԳՈԼԴ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման վերաբերյալ «ԱԿՏ 34»
ստուգման ակտը՝ հետևյալ բովանդակությամբ՝
Ստուգման արդյունքում պարզվել է, որ՝
1. Ընկերության կողմից լիազոր մարմնին 15.11.2012թ. ներկայացված հանքավայրի
արդյունահանման նախագիծը չի ենթարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով
նախատեսված շրջակա միջավայրի ազդեցության և տեխնիկական անվտագության
փորձաքննությունների: Փաստացի «ՎԱՅՔԳՈԼԴ» ՍՊ ընկերությանը արդյունահանման
թույտվությունը տրամադրվել է «Արմենիակ» ՍՊ ընկերության 08.08.2006թ. N ԲՓ-87 շրջակա
միջավայրի ազդեցության և 28.11.2006թ. N 395 տեխնիկական անվտագության
փորձաքննությունների դրական եզրակացությունների հիման վրա:

2. Ընկերությունը թիվ Լ-371 լեռնահատկացման ակտով տրամադրված կոորդինատներով
եզրագծված ընդերքի տեղամասի սահմաններում 2014 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև
2015 թվականի հունվարի 23-ը և 2016 թվականի մայիսի 29-ից մինչև հուլիսի 08-ը ընկած
ժամանակահատվածում իրականացրել է երկրաբանահետախուզական հորատման
աշխատանքներ

: Երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում հանքավայրում
իրականացվել են ճանապարհների լայնացման և վերանորոգման, հորատհրապարակների
կառուցման և մեխանիկական սյունակային հորատման (9991,8գծ.մ) աշխատանքներ:
Երկրաբանահետախուզական աշխատանքները 22.09.2014թ. թիվ ԵՖ-14-21 հաշվառման
համարով գրանցվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում:

 

3. Ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ.
հանքաքարի արդյունահանում: Արդյունահանված հանքաքարում մետաղների քանակները
կազմում են ոսկի՝ 11,31 կգ., արծաթ՝ 84,5 կգ., պղինձ՝ 5,25 տ.:
4. Վերը նշված արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել Ընկերության կողմից լիազոր
մարմնին ներկայացված 2017 թվականի համար նախատեսված 5 ՕՀՊՀ և 70 ՏԱ
հաշվետվություններում:
5. Արդյունահանման ընթացքում տեղամասում շահագործական հետախուզություն, ինչպես նաև
երկրաբանական և մարկշեյդերական աշխատանքներ չեն իրականացվել:
6. Ընկերության կողմից չեն հավաքագրվել և պահպանվել ուսումնասիրված, արդյունահանված և
ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, նրանցում պարունակած
բաղադրամասերի որակի ու քանակի վերաբերյալ տվյալները:
7. Մակաբացված ապարները տեղադրվել են արդյունահանված տեղամասի հարակից
տարածքում:

8. Ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով
Ազատեկ, Զառիթափ և Վայք քաղաքային համայնքների հետ 25.09.2014թ. և 01.06.2016թ.
(բացառությամբ Վայք քաղաքային համայնքի) կնքել է հողմասի վարձակալության
պայմանագրեր՝ եռամսյա ժամկետով: 2017 թվականի դեկտեմբերին Ընկերության կողմից
հանքաքարի արդյունահանումն իրականացվել է առանց հողի վարձակալության և
նպատակային նշանակության փոփոխության:
9. Ընկերությունը չունի օգտակար հանածոների պաշարների շարժի գրանցամատյան:
10. Ընկերությունը 2012 և 2013 թվականների համար նախատեսված 70ՏԱ և 71ՏԱ
հաշվետվությունները լիազոր մարմնին չի ներկայացրել:
11. Ընկերության կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման
(ռեկուլտիվացիոն) վճարները չեն կատարվել, ապառքն առ 01.04.2018 թվականի դրությամբ
կազմում է 1715,88 հազ. դրամ:

12. Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած
արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության
անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները
չեն կատարվել:
13. Ընկերության կողմից չեն կատարվել Պ-371 ընդերքօգտագործման պայմանագրի հավելված 1-
ով սահմանված ֆինանսական առաջարկները:
14. Ընկերությունը 30.11.2012 թ. կնքված և 21.01.2015թ. փոփոխված թիվ Պ-371
ընդերքօգտագործման պայմանագրի 2.1 կետով պարտավոր էր երկամյա ժամկետում կատարել
լեռնակապիտալ աշխատանքներ, որից հետո հանքավայրում իրականացնել հանքաքարի
արդյունահանման աշխատանքներ՝ տարեկան 300 հազ. տ. օգտակար հանածոյի պաշարների
մարմամբ:

Վերոնշյալի արդյունքում Ընկերության կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության Ընդերքի
մասին օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և
11-րդ կետերի, 61-րդ հոդվածի 2-րդ մասի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության
2013 թվականի մարտի 14-ի N274-Ն որոշման 50-րդ կետի, ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի
19-ի N911-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-Ն որոշման N1
հավելվածով հաստատված պայմանագրի հավելված N1-ի, Հայաստանի Հանրապետության հողային
օրենսգրքի 8-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 5-րդ մասի, 110-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ
կետերի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները:

 

 

https://hetq.am/hy/article/98178

Be the first to comment on "Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ