Հարձակման նոր ալիքը. ուր է տանում թելը

Նախընտրական քարոզչության առանց այդ էլ աղմկոտ ընթացքը վերջին օրերին առավել աղմկալից է դարձնում ԱԱԾ պետի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը, որն առնչվում է Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ մարտիմեկյան գործի քննության արդեն հայտնի զարգացումներին:

Հայտնի, որովհետեւ հրապարակված գաղտնալսումը գործնականում դեռեւս սեպտեմբերին տարածված գաղտնալսման շարունակությունն է, այսինքն երկրորդ մասը, որ հրապարակվում է այժմ:

 

Հատկանշական է, որ առաջին մասը հրապարակվել էր Երեւանի Ավագանու ընտրության մեկնարկին: Երկրորդ մասը՝ շարունակությունը, արդեն վարչապետի մասնակցությամբ զրույցի գաղտնալսումը, հրապարակվում է խորհրդարանի արտահերթ ընտրության քարոզչության վերջին օրերին:

Հատկանշական է, որ երկրորդ մասը հրապարակվում է կարեւոր ու հետաքրքիր երկու իրադարձությունից առաջ: Առաջինը՝ Հանրային հեռուստաեթերում արտահերթ ընտրությանը մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճից ժամեր առաջ:

 

Մյուս իրադարձությունը տեղի է ունենալու վաղը՝ Սանկտ-Պետերբուրգում, ուր ԵՏՄ Վեհաժողովին մեկնելու է Նիկոլ Փաշինյանը: Բայց այստեղ հետաքրքիրն անշուշտ առնչվում է ՀԱՊԿ-ին, ոչ թե ԵՏՄ-ին: Պլանավորվում էր նաեւ ՀԱՊԿ Վեհաժողով, սակայն նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Պուտինն իր հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել Վեհաժողովը, քանի որ չկա ՀԱՊԿ ԳՔ պաշտոնի վերաբերյալ կոնսենսուս եւ արժե հարցը մշակել աշխատանքային ռեժիմում:

 

Հաջորդ օրը ՌԴ նախագահի օգնական Ուշակովն ասել էր, թե Վեհաժողովը հետաձգվել է Հայաստանի վարչապետի խնդրանքով, քանի որ ինքը զբաղված է նախընտրական գործընթացով: Հետո եղավ Հայաստանի վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ Հայաստանը որեւէ մեկին չի առաջարկել հետաձգել հավաքը: Ընդ որում, նույնն օրվա ընթացքում ասաց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո էլ հայկական լրատվամիջոցներից մեկը դիմում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովային, որը ասում է, թե Ուշակովի խոսքը վերհաստատման կարիք չունի, իսկ Հայաստանի վարչապետի խոսնակի հայտարարությունն անհանգստացնող է թե բովանդակությամբ, թե ձեւով:

 

Դրան զուգահեռ, ՀՀԿ ընտրացուցակի ներկայացուցիչները բազմապատկում են Արցախի հարցում Փաշինյանի «դավադիր պլանների» մասին հայտարարությունների թեժությունն ու «մեղադրանքների» գեներացիան, ընդհուպ հատելով պետական անվտանգության սպառնալիքի եզրագիծը: Դրան արձագանքում է ԱԱԾ-ն, որին հետեւում է Դավիթ Շահնազարյանի պատասխանը կամ պատասխանի ըստ էության բացակայությունը, երբ տպավորություն է, որ Շահնազարյանը կարծես թե ակնկալում էր, որպեսզի իրեն պարզապես ձերբակալեն:

 

Ահա այդ ամենի ֆոնին հրապարակվում է հայտնի գաղտնալսման երկրորդ մասը: Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դրան, հայտարարել է, որ նախկին համակարգը զգալով, որ օղակը սեղմվում է, փորձում է գործադրել բոլոր ճիգերը կանգնեցնելու համար, ինչը չի ստացվի: Նա կոչ է արել քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին քվեարկել աշխուժորեն, որպեսզի լինի հնարավորինս մեծ վստահություն՝ կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափով շարունակելու համար:

Նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների, հարող շրջանակների վարքագիծը իսկապես թողնում է որոշակի խուճապի, այսպես ասած վա-բանկ գնալու տպավորություն: Համենայն դեպս միայն դրանով է հնարավոր բացատրել, որ հրապարակայնորեն կամ անանուն կատարվում են քայլեր, որոնք հատել են ազգային անվտանգության սպառնալիքի գիծը:

 

Մյուս կողմից, եթե դիտարկենք այդ քայլերի էֆեկտը, օրինակ նաեւ գաղտնալսման առաջին մասի առումով, ապա դա բումերանգի էֆեկտն է, այսինքն ավելի վատ վիճակում է դնում նրանց, ովքեր թվում է թե գաղտնալսումով ուզում էին վատ վիճակ ստեղծել նոր իշխանության համար:

Այդօրինակ քայլերը Նիկոլ Փաշինյանին տալիս են կոշտ գործողությունների հավելյալ հիմք եւ առիթ: Համենայն դեպս ակնառու է, որ հարձակման ենթարկվում է այլեւս պետությունը, ոչ թե իշխանությունը:

Դրան զուգահեռ, առաջին գաղտնալսման հրապարակումից հետո արդյունքը եղավ այն, որ Երեւանի Ավագանու ընտրությանը Նիկոլ Փաշինյանը ստացավ 81 տոկոս վստահության քվե եւ դրեց արտահերթ ընտրությունն արագացնելու հարցը:

 

Մյուս կողմից անշուշտ հարցեր են առաջանում անվտանգության կառույցների աշխատանքի առումով, եթե գաղտնալսվում է փաստորեն երկրի վարչապետը: Սակայն այդ տեսանկյունից կան օրինակներ անգամ Մեծ Յոթնյակի պետությունների մասշտաբում: Այստեղ չկա 100 տոկոս երաշխիք, հատկապես ժամանակակից աշխարհում, որտեղ անընդհատ բարձրանում է նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունը:

Միեւնույն ժամանակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ բացահայտել են գաղտնալսման պատվիրատուին, որը «բոլորին հայտնի մարդ է», բայց չկա ապացուցողական բավարար բազա՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Հարց է առաջանում, արդյոք գաղտնալսման նոր հրապարակումը ԱԱԾ համար կարող է դառնալ նոր թել, որը կտանի ապացուցողական բազայի:

 

https://www.lragir.am/2018/12/05/401174

 

 

Be the first to comment on "Հարձակման նոր ալիքը. ուր է տանում թելը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ