ՀՀԿ-ն կարող է գաղափարներ ներդնել, որոնք տարիներ շարունակ կփորձի աշխատեցնել ու կեղտոտել մթնոլորտը

Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, որ բավական կոշտ հռետորաբանությամբ է իրականացվում։

Կարելի է ասել, որ քարոզարշավը բավական հետաքրքիր է անցնում։ Եվ թեև ի սկզբանե ակնհայտ էր, որ առաջին տեղի համար մրցակցություն չի լինելու, որովհետև «Իմ քայլը» ակնհայտ ֆավորիտն էր, և բոլոր քաղաքական ուժերը նշում էին, որ իրենք, ըստ էության, ընդդիմության տեղերի համար են պայքարում, բայց տեսանք, որ լավ էլ թեժ պայքար է գնում ընդդիմության տեղերի համար, և ընդհանուր առմամբ քաղաքական ուժերն իրենց ուժերն են փորձում։ Նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին, նպաստում է, որ «Իմ քայլը» դաշինքն ավելի կոշտ հռետորաբանություն է որդեգրում։ Դա հիմնականում պայմանավորված է ՀՀԿ-ի կողմից հնչող մեղադրանքներով։ Այսինքն՝ դրանք մեղադրանքների պատասխաններ են։

 

Այստեղ պետք է նշել, որ «Իմ քայլը» դաշինքն իրականում ՀՀԿ-ին չի դիտարկում որպես իրեն մրցակից։ ՀՀԿ-ն էլ շատ լավ հասկանում է, որ ինքը չունի քիչ թե շատ նորմալ վարկանիշ, որպեսզի կարողանա մրցել «Իմ քայլը» դաշինքի հետ, ուղղակի ՀՀԿ-ն դիտարկվում է որպես հին, ավտորիտար ռեժիմի պահապան, ներկայացուցիչ, և «Իմ քայլը» իր այդ կոշտ հռետորաբանությամբ հիշեցնում է բոլորին, թե մենք ինչից ենք ազատվել և պետք է ամեն ինչ անենք, որ այդ անցյալը, այդ ավտորիտար, նաև ցինիկ  ռեժիմն այլևս հնարավոր չլինի հաստատել Հայաստանում։

 

Ըստ էության՝ ամբողջությամբ հակաքարոզչության վրա է կառուցված ՀՀԿ-ի քարոզը, և ՀՀԿ-ն փորձում է ուղղակի երկարաժամկետ ինչ-որ նպատակներ լուծել։ Ինքը հասկանում է, որ այսօր ի վիճակի չէ ինչ-որ հաջողություններ գրանցել, բայց երկարաժամկետ կտրվածքով կարող է ինֆորմացիոն դաշտում որոշակի գաղափարներ ներդնել, որոնք տարիներ շարունակ կփորձի աշխատեցնել ու կեղտոտել մթնոլորտը։

 

Որքանո՞վ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի ՀՀԿ-ին թիրախավորելով նպաստել, որ այդ կուսակցությունը չլինի խորհրդարանում։

Նրա ներկայությունը խորհրդարանում հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ գրեթե ամբողջ հեղափոխական հանրությունը քվեարկի «Իմ քայլը» դաշինքին, և մնացած քաղաքական ուժերը որևէ տոկոս չվերցնեն։ Այստեղ ակնհայտ է, որ ոչ հեղափոխական, ռեակցիոն հանրության մի մասը կքվեարկի ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին, և մի մասն էլ կքվեարկի ՀՀԿ-ին։ Տարբեր հարցումներով, ՀՀԿ-ի վարկանիշը 1-2 տոկոս է, և փաստացի նրա հույսը այն է, որ թեկուզ այդ 1-2 տոկոսով մտնի խորհրդարան՝ գրավելով 3-րդ տեղը։ Այսինքն՝ կօգտվի օրենսդրության այն դրույթից, որ պարտադիր 3 քաղաքական ուժ պետք է ներկայացված լինեն խորհրդարանում՝ անկախ նրանից՝ նրանք հաղթահարել են 5 տոկոսանոց շեմը, թե ոչ, երրորդ տեղը գրավելով՝ նրանք կարող են մտնել խորհրդարան։ ՀՀԿ-ի հույսը սա է, և դրա համար էլ ՀՀԿ-ն հայտարարում է, որ մի կողմից մենք ենք, մյուս կողմից «Իմ քայլը» դաշինքը, ուրիշ քաղաքական ուժեր չկան դաշտում։ Նպատակը հենց սա է։ ՀՀԿ-ն ասում է՝ դուք հեղափոխական եք, քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին, բայց նրանք, ովքեր ինչ-ինչ նկատառումներով դժգոհ են, կամ որոշ հարցերում համաձայն չեն իշխանության հետ, եկեք մեզ քվեարկեք, մենք իրական ընդդիմություն ենք։

 

Բայց ես կարծում եմ, որ ՀՀԿ-ին շատ դժվար է այդ ծրագիրն իրագործել։ Բնականաբար, ՀՀԿ-ն կփորձի իր դեռևս պահպանված որոշակի ռեսուրսներն ամբողջությամբ կիրառել այդ նպատակի իրագործման համար, բայց չի ստացվի, որովհետև, կարծում եմ՝ այլ քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, նույնպես ի վիճակի են իրենց կողմը գրավել այսօրվա իշխանություններից որոշակի դժգոհություն ունեցող էլեկտորատին։ Այդ դեպքում ՀՀԿ-ին բողոքական էլեկտորատի շատ փոքրիկ մասը կարող է մնալ։ Մանավանդ այլ քաղաքական ուժեր ավելի լավ կարող են իրենց կողմը գրավել բողոքող էլեկտորատին, որովհետև բողոքողներից զգալի մասն իրականում հեղափոխությանը մասնակցել են, ընդունում են հեղափոխությունը և նրանք հակված կլինեն քվեարկելու մեկ այլ հեղափոխական ուժի օգտին, այլ ոչ թե ՀՀԿ-ին, որն ամբողջությամբ հակադրվում է հեղափոխությանը։ Այսինքն՝ ՀՀԿ-ին ձայն կտա միայն այն փոքրաթիվ մարդկանց խումբը, որ ամբողջապես հակադրվում է հեղափոխությանը, չի ընդունում հեղափոխությունը և համարում է, որ այն կեղծ մի բան է։ Դա չեմ կարծում, որ բավարար կլինի ՀՀԿ-ին ԱԺ մտնելու համար։ Իհարկե, այս պահին չենք կարող որևէ բան բացառել։

 

Այս օրերին հայտնի դարձավ, որ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավարը «Գոլդեն Փելես» հյուրանոցն է նվիրում պետությանը, իմացանք նաև, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 30 մլն դոլար է նվիրում պետությանը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը։

 

Շուտով հավանաբար լինելու է անցումային արդարադատության ինստիտուտ և, ըստ էության, արդեն իսկ այս վերջին շրջանում տարատեսակ գործընթացներ կարծես թե այդ անցումային արդարադատության տրամաբանության շրջանակներում են իրականացվում։ Այսինքն՝ պետությունը ցույց է տալիս, որ այդ նախկին օլիգարխներն իրենք չեն կարող նույնկերպ շարունակել ապրել, նույնկերպ շարունակել գործել, և եթե իրենք փոխհատուցեն տարատեսակ տնտեսական վնասները և պարզվի, որ ասենք ծանր քրեական հանցագործություններ չեն կատարել, նրանք կարող են ներվել, կարող են շարունակել գործունեությունը որպես գործարարներ, շարքային քաղաքացիներ, որոնք ունեն որոշակի հարստություն։ Մենք տեսնում ենք, որ դաշտում տարբեր նախկին օլիգարխներ, բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում են ցույց տալ, որ հակված են համագործակցել ներկա իշխանությունների հետ, որ կարող են փոխհատուցել պատճառված վնասները, փոխարենն ակնկալում են, որ իրենց կներեն։ Բայց, բնականաբար, այստեղ բոլորն էլ պետք է հասկանան, որ եթե պարզվի, որ նրանք կատարել են լուրջ քրեական հանցանքներ, ապա հայտարարվել է արդեն, որ ներում չի կարող լինել։ Այստեղ նրանք ինչ էլ անեն, դա չի կարող դիտարկվել որպես ինդուլգենցիա, որ ես տվեցի այսքան գումար և ես ազատ եմ։

 

Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հռետորաբանությունը, որքանո՞վ է կոշտ հռետորաբանությունն օգնում քարոզարշավին։

Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը, ինչպես նշեցի, պայմանավորված է հակահեղափոխական, ռեակցիոն գաղափարների ներմուծմանը դիմակայելու, դրանք ինֆորմացիոն դաշտում չեզոքացնելու ցանկությամբ։ Այդ հռետորաբանությունը պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, այն առումով, որ դա չի արվում նրա համար, որ այսօր այդ գաղափարները կարող են հանգեցնել նրան, որ ՀՀԿ-ն ինչ-որ լուրջ հաջողության հասնի։ Դա արվում է նրա համար, որ վաղը չէ մյուս օրը այդ գաղափարներն ազդեցություն չունենան հասարակության վրա, որովհետև դրանք դեստրուկտիվ են, մանիպուլյատիվ են, իրենք կարող են մթնոլորտ փչացնել, եթե իրենց չպատասխանես։ Դրա համար, առիթն օգտագործելով, Նիկոլ Փաշինյանը դրանց պատասխանում է։ Բայց, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե ամբողջ քարոզարշավի մեջ այդպիսի հռետորաբանությունը փոքր մասնաբաժին ունենա և պակաս էմոցիոնալ լինի։

 

Քարոզարշավի ընթացքում  գաղափարների, ծրագրերի շուրջ կա՞ բանավեճ, թե ոչ։

Այդ հարցին պատասխանելու համար պետք է հետևյալը պարզաբանենք. Քարոզարշավի որ մասն ենք մենք դիտարկում։ Եթե մենք դիտարկում ենք քարոզարշավի հանրահավաքային կամ փողոցում իրականացվող մասը՝ քայլերթեր, բուկլետների բաժանում և այլն, այդտեղ բնականաբար, մենք չենք կարող տեսնել լուրջ գաղափարների ներկայացում, ու դա բնական է։ Այդ ֆորմատը նման բան չի պահանջում։ Եթե հանրահավաքի ժամանակ, քայլերթի ժամանակ մանրամասն ներկայացվեն գաղափարական թեզեր, որևէ մեկը չի լսի, դա որևէ մեկին պետք չի։ Պետք է խոսել շատ պարզ լեզվով։ Նույնը վերաբերում է գովազդային հոլովակներին։ Դրանք  պետք է լինեն պարզ, գրավիչ, կարճ տեքստեր պետք է արտաբերվեն։ Եթե մենք միայն դրանց վրա ենք կենտրոնանում, տպավորություն է ստեղծվում, որ իսկապես, գաղափարական պայքար չկա, գաղափարներ չեն ներկայացվում։ Բայց եթե մենք դիտարկենք քարոզարշավի այլ մասերը, օրինակ հեռուստաբանավեճերը, հարցազրույցները, այդտեղ մենք կտեսնենք, որ լավ էլ գաղափարական պայքար է գնում։ Քաղաքական ուժերից շատ-շատերը ներկայացնում են իրենց գաղափարական մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ, և ծավալվում է բանավեճ։

 

Այստեղ մի բան էլ պետք է նշեմ, որ մենք դեռևս չունենք մի կարևորագույն ինստիտուտ՝ մեկնաբանողների կամ մեկնիչների ինստիտուտը, որը այդ տարբեր ծրագրերը, գաղափարախոսական դրույթները, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերը, ի վիճակի կլիներ վերլուծել, էքսպերտիզայի ենթարկել ու հանրությանը ներկայացնել, թե այս կամ այն ծրագրում, այս կամ այն հայտարարության մեջ որն է թույլ տեղը, որը ուժեղ տեղը, որ ծրագրերն են իրականանալի, որոնք ոչ։ Որ ծրագիրը ինչ ուղղությամբ կարող է տանել Հայաստանը և այլն։ Այդ ինստիտուտը պետք է չեզոք լինի և ունենա նաև մեծ լեգիտիմություն և հեղինակություն։ Այսինքն՝ մարդիկ պետք է վստահեն դրան, որովհետև եթե հիմա վերլուծես և հանրությանը ներկայացնես, բայց չունենաս հեղինակություն, որևէ մեկը չի լսի և անիմաստ բան կլինի։

 

Կարծում եմ՝ դա կլինի արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ։ Այդ դեպքում նաև քաղաքական ուժերը ավելի շահագրգռված կլինեն ավելի հստակ իրենց ծրագրային մոտեցումները ձևավորել, ավելի համոզիչ խոսել, որովհետև գիտեն, որ երրորդ կողմ կա մասնագետներից բաղկացած, որը հետևում է այդ ամենին, և եթե նրանք ինչ-որ թույլ կետեր ունենան, բնականաբար, դա ներկայացվելու է հանրությանը։ Հանրությունը վստահելու է այդ ինստիտուտին, մեկնիչներին։ Ի դեպ, ինստիտուտ ասելով ես ինչ-որ մի գերատեսչություն նկատի չունեմ, այլ նկատի ունեմ պրոֆեսիոնալ կերպով ծրագրերը վերլուծող, մեկնաբանող կայուն, փորձագիտական հանրություն

 

ՀՀԿ-ն կարող է գաղափարներ ներդնել, որոնք տարիներ շարունակ կփորձի աշխատեցնել ու կեղտոտել մթնոլորտը

Be the first to comment on "ՀՀԿ-ն կարող է գաղափարներ ներդնել, որոնք տարիներ շարունակ կփորձի աշխատեցնել ու կեղտոտել մթնոլորտը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ