Հակահեղափոխական նոր փորձեր Մոսկվայում. հետքը բերո՞ւմ է Հայաստան

Հայաստան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի այցից հետո ռուսական մեդիա և փորձագիտական շրջանակներում սկսվել է հակափաշինյանական նոր ալիք: Ավելին, այդ ալիքը իր արտահայտությունն է ունեցել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական արձագանքում, սակայն հատկանշական է, որ ռուսական ավելի բարձր մակարդակում այդօրինակ արձագանքներ չկան: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ սկզբունքորեն գործ ունենք ոչ այնքան Ռուսաստանի դիրքորոշման հետ, որքան Ռուսաստանի դիրքորոշում ձևավորելու հերթական պրոցեսի, հերթական ակտիվության հետ, որի առիթ է ծառայել Ջոն Բոլթոնի երևանյան այցն ու արված հայտարարությունները:

Ռուսաստանի հակափաշինյանական կամ հակահեղափոխական դիրքորոշում ձևավորելու ակտիվ ջանքերը սկսվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո, երբ օրակարգում հայտնվեց նրան Կարեն Կարապետյանով փոխարինելու հարցը կամ ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանին չեզոքացնելու հարցը: Ակնառու էին Հայաստանի իշխող համակարգից ջանքերն ու անգամ այցերը Մոսկվա, այնտեղից Պուտինի հավանություն ստանալու և Հայաստանում համակարգի դեռևս վերջնականապես չփլուզված ռեպրեսիվ ռեսուրսները հանրության դեմ կիրառելու համար: Սակայն այդ ջանքերը չունեցան որևէ արդյունք: Հետո այդ ջանքով սկսեց հիմնականում զբաղվել Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին և սկսեց հարցազրույցներ տալ, այդ թվում՝ ռուսական մամուլում: Ռոբերտ Քոչարյանը փորձեց նաև որպես հաջողության առիթ օգտագործել ՆԱՏՕ վեհաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Սակայն օրեր առաջ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Քոչարյանը բավականին մեղմ էր Ռուսաստանին Փաշինյանի, այսպես ասած, հակառուսականության հարցում համոզելու առումով: Բայց Բոլթոնի այցը, ըստ երևույթին, վերականգնեց հույսերը, որ հնարավոր է՝ հաշվի առնելով մի շարք հայտարարությունները, որ արեց ամերիկացի պաշտոնյան Հայաստանում:

Սակայն Կրեմլից որևէ արձագանքի բացակայությունը հուշում է, որ այդ ջանքերն էլ, կարծես թե, չեն հասնում հաջողության, թեև կասկած չկա նաև, որ ռուսական հակահեղափոխական դիրքորոշում ձևավորելու կամ պարզապես հակափաշինյանական դիրքորոշում ձևավորելու հարցում բավական ակտիվ է նաև Ադրբեջանը: Այդուհանդերձ, այստեղ կա հիմնարար մի գործոն, որը հաշվի չեն առնում թերևս այն շրջանակները, որոնք ցանկանում են ստանալ Կրեմլի այդպիսի դիրքորոշում: Խոսքն այն մասին է, որ Կրեմլի համար ներկայումս անգամ ամենամեծ ցանկության դեպքում չկա Հայաստանում որևէ պրոցես գեներացնելու և, առավել ևս, հեղափոխությունը հետ շրջելու հնարավորություն: Բանն այն է, որ այդ իմաստով իրավիճակը վաղուց անցել է հետդարձի կետը և ներկայումս մերձավորարևելյան և միջազգային անվտանգության այլ կարևոր խնդիրների, ինչպես նաև ներքին լրջագույն մարտահրավերների և փլուզվող իրավիճակի ֆոնին Կրեմլը պարզապես ժամանակ չունի զբաղվել Հայաստանով: Սակայն խնդիրը ոչ միայն ժամանակի, այլ թերևս նաև ցանկության բացակայությունն է:

Բանն այն է, որ տեղի ունեցողը ոչ միայն Հայաստանի ազատագրումն է ռուսական կախվածությունից, այլ նաև Ռուսաստանի ազատագրումը հայկական կախվածությունից: Ռուսաստանը երկու տասնամյակ Հայաստանի վրա ձեռք էր բերում ահռելի տնտեսա-քաղաքական ազդեցություն, սակայն հայտնվում Հայաստանից նույնքան ահռելի հոգեբանական կամ բարոյական կախվածության մեջ: Ընդ որում՝ որքան հայկական իշխող համակարգը հնազանդվում էր Մոսկվայի պահանջներին, այնքան Մոսկվան ավելի էր հայտնվում այդ հոգեբանական կախվածության մեջ: Դրա ամբողջ բարդությունը զգացվեց Ապրիլյան քառօրյայի օրերին, ինչի հետևանքով նաև տապալվեց կազանյան պլանը ռազմական ճանապարհով իրականացնելու մոսկովյան ստրատեգիան: Դրանից հետո հոգեբանական կախվածության խնդիրը Մոսկվայի համար դարձավ շատ ավելի զգալի, հատկապես Հայաստանի իշխանության դիմադրության շարունակվող բացակայության պայմաններում: Ահա թե ինչու Հայաստանում տեսնելով իշխանափոխության հավանական գործընթացը, տեսնելով ժողովրդական իշխանության ձևավորման գործընթացը, Ռուսաստանը չմիջամտեց, չխանգարեց, բոլորի համար անսպասելի, սակայն նրա հայտնված իրավիճակի համար բավականին տրամաբանական: Որովհետև միայն դա թույլ կտար ազատվել Հայաստանից բարոյական կախվածությունից: Միակ ռիսկը, անշուշտ, Հայաստանի անցումն էր արևմտյան կուրսի, ինչը, սակայն, Փաշինյանը չեզոքացրեց և չեզոքացնում է բավականին հաջող կերպով:

Լուսանկարը՝ Photolure-ի

https://www.1in.am/2451891.html

Be the first to comment on "Հակահեղափոխական նոր փորձեր Մոսկվայում. հետքը բերո՞ւմ է Հայաստան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ