Դա կլինի անդառնալի կորուստ. հայ-իրանական հարաբերության մեխը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցից եւ Իրանի առնչությամբ հայտարարություններից հետո սկսեցին հնչել տագնապալի գնահատականներ, որոնց մտահոգության առարկան հայ-իրանական հարաբերության հեռանկարն էր: Նոյեմբերի 5-ից ԱՄՆ վերականգնում է Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները:

Դա նշանակում է, որ Հայաստանի համար էլ Իրանի հետ հարաբերությունն այդ առումով կարող է սահմանափակվել: Բոլթոնը Երեւանում գրեթե բաց տեքստով էր ասել, որ մինչեւ վերջ սեղմելու են Իրանի շուրջ օղակը:

Ավելին, ըստ մի շարք փորձագետների գնահատականի, հենց դա է եղել նաեւ Բոլթոնի ռեգիոնալ այցի բուն նպատակը՝ «ստուգել» Իրանի շուրջ օղակի կովկասյան շղթայի «ամրությունը»:

Անշուշտ, հայ-իրանական հարաբերության համար դա մարտահրավեր է: Սակայն այստեղ կա մի հետաքրքիր, գուցե տարօրինակ հանգամանք էլ: Իսկ հայ-իրանական հարաբերությունը որքանո՞վ շահեց, երբ օրինակ մի քանի տարի առաջ Իրանի եւ վեցյակի հայտնի համաձայնագրից հետո ԱՄՆ նախագահ Օբաման չեղարկեց Իրանի նկատմամբ միջուկային գործով կիրառված պատժամիջոցները:

Հայ-իրանական հարաբերությունը դրանից կարծես թե չհայտնվեց բուռն հեռանկարի գոնե շեմին: Ավելին, Հայաստանը նույնիսկ բավական իներտ էր արձագանքում Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի վերաբերյալ իրանական հայտարարություններին: Ավելին, այդ իմաստով միակ առարկայական նախագիծը՝ Հյուսիս-Հարավ մայրուղին, Հայաստանը կառուցում է չափազանց դանդաղ եւ կոռուպցիոն մեծ ռիսկերով:

Եթե շարվեն անցնող տարիներին հայ-իրանական հարաբերության հեռանկարների մասին հնչեղ հայտարարությունները, դրանց երկարությունը կլինի մի քանի անգամ ավելի, քան այն ճանապարհի, որ հասցրել են կառուցել 3-4 տարում: Սերժ Սարգսյանը նախորդ տարի նախագահ Ռոհանիի պաշտոնամուտի առիթով Թեհրան մեկնելուց առաջ հայտարարել էր, թե տարանցիկ գազամուղի մասին կարելի է մտածել, եթե այն բավարարի բոլոր կողմերի շահերը: Ըստ Սարգսյանի սակայն՝ դա փորձագետների դիտարկումների փուլում է:

Հայ-իրանական հարաբերությունը գործնականում եղել է ավելի շատ բարի ցանկություն, քան իրական մասշտաբային գործակցություն: Առավել եւս հնչեղ նախագծերը կամ մնացել են թղթի վրա, կամ չեղարկվել են, կամ իրականանում են չափազանց դանդաղ: Այստեղ անշուշտ իրենց դերն ունեն մի քանի գործոններ, սկսած թե Ռուսաստանից, թե Իրան-ԱՄՆ կամ Իրան-Արեւմոտք քաղաքական անկայունությունից, թե մի շարք այլ գործոններից, այդ թվում Հայաստանի ինքնիշխան քաղաքականության խնդիրները, որ կային մինչեւ մայիս:

Այժմ սակայն Իրանի շուրջ միջավայրը շատ բարդ է առարկայական փոփոխության մասին մտածելու համար:

Реклама 30

Մյուս կողմից, հայ-իրանական հարաբերության առումով վերջին տարիների թերեւս ամենանշանակալից իրողությունը կապված էր ոչ թե տնտեսական գործակցության, այլ քաղաքականության կամ ռազմա-քաղաքականության հետ: Խոսքը Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ծավալուն հարցազրույցն էր իրանական հեղինակավոր լրատվամիջոցներին, որի ընթացքում իրանական մեդիայի միջոցով շոշափվել էին կարեւոր հարցեր, գրեթե Արցախի արտաքին քաղաքական ամբողջ ռազմավարությունը եւ հայեցակարգը:

Այդ հարցազրույցում իրանական մեդիան բաց տեքստով խոսում էր արցախ-իրանական սահմանի հեռանկարի մասին, ինչը ունի հիմնարար ռազմա-քաղաքական նշանակություն ոչ միայն երկկողմ, այլ ռեգիոնալ մասշտաբով:

Հայ-իրանական հարաբերության ծանրության կենտրոնը խորքային առումով այստեղ է: Անշուշտ, խիստ ցանկալի է հնարավորինս սերտ ու մասշտաբային տնտեսական հարաբերությունն Իրանի հետ, բայց այստեղ քաղաքական միջավայրը առաջացնում է որոշակի բարդություններ: Մյուս կողմից, առանցքայինը հայ-իրանական գործակցության մասով ռազմա-քաղաքական այդ հիմնարար բաղադրիչն է, կապված արցախ-իրանական սահմանի հետ:

Դա է հետաքրքիր նաեւ Իրանին, եւ թերեւս աշխարհքաղաքական ուժային կենտրոններին, որոնցից յուրաքանչյուրը կցանկանար իհարկե հայտնվել այդ սահմանին՝ օգտագործելով արցախյան հարցը: Մյուս կողմից, սակայն, լավ գիտակցելով դա անելու բարդությունը՝ փոխադարձ զսպման մեխանիզմի անհաղթահարելիությունը, առավելագույն ընդունելի տարբերակը մնում է այդ սահմանի արցախ-իրանական, ոչ թե ադրբեջանա-իրանական լինելը:

Մեծ հաշվով այդ հանգամանքն է հայ-իրանական հարաբերության միջազգային լեգիտիմության մեխը եւ Հայաստանի խնդիրն է դա պահելը: Խոշոր հաշվով, հաշվի առնելով ներկայիս իրողություններն ու վերջին տարիների իրավիճակը, հայ-իրանական հարցում կողմերը հարաբերականորեն կորցնելու բան ունեն հենց այդ, քան տնտեսական ուղղությամբ:

Որովհետեւ այն, ինչ տնտեսական ուղղության վրա է, ժամանակի մեջ կվերականգնվի, իսկ ռազմա-քաղաքական վերը նշված բաղադրիչի կորուստը կլինի անդառնալի եւ անշրջելի երկու կողմի համար էլ:

Դա կլինի անդառնալի կորուստ. հայ-իրանական հարաբերության մեխը

Be the first to comment on "Դա կլինի անդառնալի կորուստ. հայ-իրանական հարաբերության մեխը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ