Մոսկվայի տագնապը․ թեժ մրցակցությունը սկսված է

Մոսկվայում, բնականաբար, ավելի համարժեք են գնահատել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարությունները, քան՝ մեր իշխանությունները։ Դոնալդ Թրամփի խորհրդականը խորհուրդ էր տվել Հայաստանին միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից», ինչպես նաև կոչ էր արել ռուսական զենքի փոխարեն ամերիկյանը գնել, «որն ավելի լավն է ռուսականից»:

ՌԴ արտգործնախարարությունն այսօր Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարությունները «հանդուգն» է անվանել։

Գերատեսչությունում Բոլթոնի խոսքերը համեմատել են ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որի ժամանակ դիվանագետը պատմել է Վաշինգտոնի կողմից Հայաստանում որոշ խմբերի նպատակադրված աջակցության շարունակականության մասին: Նա նաև խոստացել էր երկրին 26 մլն դոլար տրամադրել «քաղհասարակության և լրատվամիջոցների ամրապնդման համար»:

«Թվում էր, թե ավելի մեծ հանդգնություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չէր կարող լինել: Պարզվեց՝ դա այդպես չէ»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Պաշտոնական Մոսկվայի անհանգստությունը միանգամայն հասկանալի է, որովհետև Բոլթոնը Երևանում, ըստ էության, խոսել է տարածաշրջանային անվտանգության՝ Վաշինգտոնի տեսլականի մասին, ինչն առնվազն սահմանափակելու է ռուսական տոտալ ազդեցությունը Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորություն ընձեռելով վարել ավելի ինքնաբավ արտաքին քաղաքականություն, առնվազն ունենալ այլընտրանքային լուծումների հնարավորություն։ Եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ Բոլթոնի առաջարկությունները հնչում են ԱՄՆ իրանական քաղաքականության համատեքստում, ապա ակնհայտ է, որ խոսքը գնում է տարածաշրջանային նոր ստատուս-քվոյի մասին, որին ադապտացվելը դժվարին խնդիր է այսօրվա՝ տեխնոլոգիապես հետամնաց Ռուսաստանի համար։

Ռուսաստանը Հարավային Կովկասում իր տոտալ ազդեցությունը պահպանում է հակամարտությունների, փակ սահմանների ու էներգետիկ քաղաքականության միջոցով։ Այս համատեքստում Բոլթոնը խփել է ուղիղ նշակետին՝ Երևանին ու Բաքվին առաջարկելով ԼՂ հակամարտությունում ամերիկյան մենեջմենթը, որը շատ ավելի որակյալ ու շահավետ կլինի, քան ռուսականը։

Մոսկվայում հասկանում են, որ Վաշինգտոնն իր տեսլականը, որպես կանոն, առաջարկում է զարգացման համապարփակ ծրագրերով, ինչին հակադրվելու ռեսուրս Պուտինի իշխանությունը չունի։

Մոսկվան, ըստ էության, չունի գործուն լծակներ՝ ազդելու Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, որն անհամեմատ ավելի ինքնաբավ է։ Կամ՝ Ադրբեջանին սիրաշահելու նպատակով Ռուսաստանը ԼՂ հարցում 2016-ի օրինակով պետք է գնա նոր արկածախնդրության, սակայն դրա գինը շատ թանկ է լինելու։ Նախ՝ հիմա պատերազմը չորս օրերով չի սահմանափակվելու ու չկա որևէ երաշխիք, որ այն վերահսկելի կլինի Ռուսաստանի կողմից։ Մյուս կողմից՝ Մոսկվայի նոր արկածախնդրությունը կարող է Հայաստանում վերջնականապես զրոյացնել Ռուսաստանի հեղինակությունը։
Ըստ այդմ՝ Մոսկվայում, ըստ ամենայնի, որոշել են Բոլթոնի այցից հետո ճնշում գործադրել Հայաստանի իշխանության վրա, որի երկու ներկայացուցիչներ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անցած երկու օրերի ընթացքում որոշեցին «խմբագրել» Բոլթոնին, ինչն առնվազն կոռեկտ չէ դիվանագիտական հարաբերությունների համատեքստում։

Բոլթոնի երևանյան այցը և հնչեցրած հայտարարությունները լակմուսի թուղթ են, որոնք բացահայտելու են, թե ինչքանով է ինքնաբավ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և արդյոք թավշյա հեղափոխությունը նոր որակի վրա է դրել հայ-ռուսական հարաբերությունները։ Թրամփի խորհրդականը Երևանում հնչեցրել է հայտարարություններ, որոնք Հայաստանի իշխանությունները կարող են օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում մեր երկրի սուբյեկտությունը մեծացնելու համար։ Առայժմ տեսանելի է հակառակ միտումը՝ ԱԽ քարտուղարի ու ՊՆ նախարարի հայտարարություններով նախապատրաստվեց Ռուսաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունը, որը Հայաստանն իբրև թե պաշտպանում է ամերիկյան «ինտերվենցիայից»։ Իրականում՝ նույնիսկ անիմաստ է խոսել այն մասին, որ Մոսկվային հետաքրքրում են ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանում՝ ռուսական շահերը։ Իսկ մեր պաշտոնյաների քաղաքական անհամարժեքությունը, ցավոք, դարձել է օրինաչափություն՝ նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո։

https://www.1in.am/2451242.html

Be the first to comment on "Մոսկվայի տագնապը․ թեժ մրցակցությունը սկսված է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ