Հոկտեմբերի 27-ի բացահայտման խոչընդոտը․ Հայաստանի վրա կախված ռուսական սուրը

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման, այլ ուղղությամբ քննություն տանելու հնարավորություն կա՞, թե ոչ. ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի արարողությունից հետո լրագրողները հետաքրքրվել են Նիկոլ Փաշինյանից: Նա նշել է, որ դե յուրե գործը համարվում է ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է նոր հանգամանք: «Սա է ճանապարհը: Այս պահին չեմ կարող ասել, թե այդ հարցով տուժողների իրավահաջորդները և ներկայացուցիչներն ավելի շատ ասելիք կունենա՞ն, նրանք են գործին ավելի շատ ծանոթ»,-ասել է նա:

Այն հարցին, թե վարչապետի ԺՊ-ն ինչ կարծիքի է, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճիրը արտաքին քաղաքական ուժերի ձեռքո՞վ էր արվել, թե ներքին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժամանակին՝ որպես լրագրող, առնչվել է, բայց այսօրվա կարգավիճակում, չի կարծում, որ ճիշտ է իր կողմից որևէ մեկնաբանությունը: «Կա տարբերություն լրագրողի և վարչապետի միջև, բացեք հոդվածներս և կտեսնենք համոզմունքներս»,-ասել է նա:

Փաշինյանն, ըստ էության, հասկացրել է, որ մնում է նույն կարծիքին, ինչ ուներ խմբագիր եղած ժամանակ, սակայն այսօր կաշկանդված է ու չի կարող նույն ազատորեն արտահայտել իր համոզմունքը։

Ինքնին հասկանալի է, որ խնդիրն իրավունքի հարթությունում չէ, այլապես Նիկոլ Փաշինյանը հղում չէր անի տուժողների իրավահաջորդներին։ Հոյտեմբերի 27-ի գործում կան մի քանի առանցքային դրվագներ, որոնցով քննություն առհասարակ չի արվել և դրանք կարող են համարվել նոր հանգամանքներ։ Ավելին՝ այս ոճիրի բացահայտման հիմնական շահառուն պետք է լինեն ոչ թե զոհերի հարազատները, այլ՝ հանցագործության հիմնական թիրախը՝ պետությունը։

Ուղղակի պետք է գոնե ինքներս մեզ հետ անկեղծ լինենք ու խոստովանենք մի քանի ակնհայտ իրողություններ։ Հոկտեմբերի 27-ի գործը, ի տարբերություն Մարտի 1-ի, շատ ավելի բազմաշերտ է՝ իր մեջ կրելով արտաքին շեշտված բաղադրիչ ու շատ հավանական է, որ Հայաստանի պատկան մարմինները նույնիսկ չկարողանան բացահայտել տեղի ունեցածը։ Խոսքը չի վերաբերում միայն քննչական մարմինների պրոֆեսիոնալիզմին, ավելի շուտ՝ այս պարագայում դա նույնիսկ երկրորդական հանգամանք է։

Խոսքը հանցագործությունը բացահայտելու պետության քաղաքական ռեսուրսների մասին է։ Խորապես համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ Հոկտեմբերի 27-ը լիարժեքորեն չի բացահայտվում, որովհետև Հայաստանի քրեաօլիգարխիան միայնակ չէր կարող կազմակերպել այս ոճիրը, այլ խոսքով՝ տասնինը տարվա վաղեմության աննախադեպ հանցագործության հետևում երևում է ռուսական հատուկ ծառայությունների ձեռագիրը, մանավանդ որ ԳՌՈւ-ի նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն այդ մասին հասցրեց հայտարարել՝ մինչև իր խորհրդավոր թունավորումն ու մահը։

Հոկտեմբերի 27-ը ռուսական վասալության ռեժիմի մեկնարկն է, ըստ այդմ՝ այս գործը կարող է բացահայտվել, եթե Հայաստանի իշխանությունն իր առջև ապագաղութացման օրակարգ է դրել։ Անկեղծ լինենք՝ նման օրակարգ Փաշինյանի թիմը չունի, ըստ այդմ՝ շատ քիչ հավանական է, որ Մարտի 1-ի բացահայտումից հետո գործը հասնի Հոկտեմբերի 27-ին, մանավանդ որ նույնիսկ Մարտի 1-ի բացահայտմանը Մոսկվան խոչընդոտում է՝ ատամներով պահելով Ռոբերտ Քոչարյանին։

«Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի բացահայտումը հնարավոր կդառնա ու ճիշտ կլինի, որպեսզի վերսկսի այն ժամանակ, երբ երկիրը կանգնած կլինի ամուր ոտքերի վրա և երկրում գործող կառավարությունն էլ հունի մեջ ընկած կլինի: Պետությունն իր ներսում պետք է իմանա, թե որտեղից է այդ վտանգը, ինչ ռիսկեր կան և նաև զոհերի հարազատները պետք է իմանան, որ գործը բացահայտված է: Ուժեղ պետությունն է, որ կարող է նման ոճրագործությունն այսքան տարվա դադարից հետո վերհանել և փորձել գտնել իրական մեղավորներին»,- այսօր նշել է Վազգեն Սարգյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Վերջինս թերևս ակնկարկում է Հայաստանի վրա կախված ռուսկան սուրի մասին։

Իհարկե, ողջամիտ ու ռացիոնալ վարքագիծը նման դեպքերում արդարացված է, սակայն սպասելու տարբերակը միանշանակ չէ։

Կարո՞ղ է Հայաստանն ուժեղանալ՝ առանց Հոկտեմբերի 27-ի բացահայտման։ Խիստ կասկածելի է, որովհետև այդ հրեշավոր հանցագործության միջոցով Ռուսաստանը Հայաստանում վերահսկելի է պահում կոնկրետ մարդկանց, գուցե նաև՝ կառույցների վարքագիծ, որոնք խոչընդոտում են երկրի հզորացմանը կամ ստվերային ճնշումների դաշտում պահպանում են ռուսական վասալության ռեժիմը։ Ավելին՝ քանի չի բացահայտվել Հոկտեմբերի 27-ը հայ-ռուսական հարաբերությունները մնալու են ուղղաձիգ՝ առանց գործընկերային բաղադրիչի։

Հայաստանը խնդիր ունի չեզոքացնել ռուսական դեստրուկտիվ ազդեցությունը՝ թերևս բազմավեկտոր արտաքին քաղաքականության շնորհիվ։ Այս համատեքստում Հոկտեմբերի 27-ը կարող է բացահայտվել՝ որակապես փոխելով ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլ գուցե նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը

https://www.1in.am/2450386.html

Be the first to comment on "Հոկտեմբերի 27-ի բացահայտման խոչընդոտը․ Հայաստանի վրա կախված ռուսական սուրը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ